Ամառ է, քննությունները վերջացել են: Կամսարյանն ստացել է ավարտման վկայական: Այժմ նա իրավաբան է, կարող է ապրել քաղաքում և շրջապատել իրեն հարմարություններով, այսինքն կահավորել մի փառավոր տուն` համաձայն յուր նուրբ ճաշակի պահանջներին, ապա ընդարձակել ծանոթությունների շրջանը,այցելել բարձր դասակարգի անձանց, կապեր հաստատել, խնդրարկուներ ընդունել, դատեր պաշտպանել և յուր հասարակական գործունեությամբ` անուն ու հռչակ վաստակել:
Բայց մի՞թե այդ պիտի լինի երիտասարդ Կամսարյանի կյանքի նպատակը: Երբեք. նա ավելի արժանավոր, բարձր և սուրբ նպատակ ունի աչքի առաջ. նա այժմ իրենչէ պատկանում, հետևապես, և չէ կարող ծառայել յուր անձին: Նա պիտի նվիրվի յուր տկար ազգակիցներին, շինականին ու գյուղացուն, նրանց համար պիտի հոգա,նրանց համար պիտի մտածե՛:
Եվ այդ պիտի անե ո՛չ թե նրա համար, որ հանդիսաբար խոստացել է ընկեր ուսանողներին, ոչ, այլ որովհետև ինքն այդ կամենում է սրտանց, որովհետև ամենանգամ, երբ խոսք է եղել այդ ազգակիցների մասին, յուր սիրտը թունդ է առել և թռել դեպի նրանց, որովհետև ինքը միշտ մի առանձին սեր, մի թաքուն գորով է տածել դեպի այդ հեռավոր եղբայրները: Եվ թեպետ անձամբ չէ տեսել նրանց, բայց միշտ լսել ու կարդացել է թե` բարի մարդիկ են, ազնիվ և աշխատասեր, թե սեփական շահի համար ոչ ոքի չեն վնասում, այլ ապրում են իրենց ճակատի արդար քրտինքով: Բայց թե, որովհետև տգետ են և անուսում, ուստի մնում են անզոր` աշխարհի չարիքների առաջ, որով և մի կողմից բնությունն է նրանց զրկում, իսկ մյուս կողմից չար մարդիկն են կեղեքում, այդ պատճառով էլ նա վարում է դառն ու չարքաշկյանք և մնում կարոտ բարի մարդկանց օգնության: Բայց միևնույն ժամանակ նա լսել ու կարդացել է և այն, թե յուր այդ ազգակիցները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել մի օր երջանիկ դրության, եթե խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության:
Եվ ահա՛ Կամսարյանն ունի թե՛ խելոք գլուխ և թե՛ կարող ձեռքեր. ինչո՞ւ, ուրեմն, չերթա չորոնե այդ սիրելի ազգակիցներին, չապրե նրանց հետ, չսովորեցնե նրանց իրենց դրությունը բարվոքելու և մարդավայել կերպով ապրելու եղանակը:
Այս մտածությունները ոգևորում էին երիտասարդ իրավաբանին, այն երկար ճանապարհին, որ հյուսիսից տանում էր նրան հարավ: Այդտեղ նա շարունակ ծրագիրներ էր կազմում յուր ապագա գործունեության համար և նրանցով հիանում: Այդ ծրագիրների մեջ մտնում էին նախ գյուղական հասարակության իրավունքների պաշտպանությունը, որ արդեն վերաբերում էր յուր մասնագիտության և ամփոփում յուր մեջ գյուղացու կալվածները հափշտակությունից ազատելու,հարկահանության ժամանակ տեղի ունեցող անարդարություններն արգելելու, գյուղացուց հաճախ անտեղի կերպով պահանջվող կոռն ու ձրի մշակությունը մերժել տալու և պաշտոնի մեջ, ի վնաս գյուղացու զեղծումներ կատարող և արդարադատության աչքից խուսափող պաշտոնյաների արարքը մերկացնելու կարևոր խնդիրները. երկրորդ` լուսավորության գործի հիմնադրությունը, որ կայանում էր կանոնավոր դպրոցներ հաստատելու, գեղջուկ մանուկներին ձրի ուսում մատակարարելու, մանկական – ժողովրդական գրադարան հիմնելու և հասակավոր գյուղացիներին ազատ ժամերում և, մանավանդ, ձմեռ ժամանակ օդաներում,կամ եկեղեցիներում դասեր խոսելու և աշխարհի չար ու բարիի հետ նրանց ծանոթացնելու մեջ, երրորդ` գյուղացու տնտեսական դրության բարվոքումն, որ կախումնուներ նրա երկրագործական, այգեպանական, անասնապահական, հավաբուծական և այլ այսպիսի աշխատությունները կանոնավորելուց, իսկ այդ նպատակինհասնելու համար պետք է սովորեցնել գեղջուկին գիտության մշակած ձևերով տնկելու և պատվաստելու, հերկելու և ցանելու, հնձելու և կալսելու, անասուն, հավ և մեղու դարմանելու, պարտեզ ու բանջարանոց մշակելու դյուրին եղանակները: Տնտեսական դրությունը բարվոքելուն էր վերաբերում նաև փոխատու գանձարանհիմնելու դիտավորությունը, որ եթե հաջողեր նրան իրագործել, դրանով ոչ միայն վաշխառությունը կհալածվեր գյուղերից, այլև կստեղծվեր բարության մի գործ, որ կօգներ գյուղացուն յուր աշխատությունն ու արդյունքը ոչ թե կեղեքիչների ձեռքը, այլ յուր հարկի տակ ժողովելու:
Բոլոր այս ծրագիրներն այնքան ընդարձակ էին, որ նույնիսկ նրանց համառոտ կազմությունը խլեց Կամսարյանի` Մոսկվայից մինչև Կովկաս հասնելու միջոցումունեցած ազատ ժամերը: Եվ երբ նա վերջին անգամ նայեց յուր note – երի տետրին և տեսավ նրա ծայրեիծայր լիքը յուր ապագա գործունեության վերաբերյալդիտողություններով, զգաց յուր սրտում մի թաքուն ուրախություն, որ բխում էր երբևիցե «առաքյալի» փառք ու հռչակ ստանալու հաստատուն հույսից:
Վերջապես երիտասարդը հասավ Թիֆլիս: Հարկ չկա նկարագրելու այն ընդունելությունը, որին հանդիպեց նա հոր տանը: Ամենքդ արդեն գիտեք թե պանդխտությունից վերադարձող որդուն ի՞նչպես են ընդունում կարոտակեզ ծնողները, կամ նորատի քույրերն ու եղբայրները: Որքա՛ն ջերմ համբույրներ, որպիսի՛գրկախառնություն, խանդաղատանք, ուրախության արցունքներ և ապա ինչպիսի՛ քաղցր ու երջանիկ ժպիտներ շրջապատում են նորեկին: Եթե դրա վրան էլավելացնենք այն, որ այդ բոլորը տեղի էր ունենում մի հարուստ տան մեջ, ուր մեծ թե փոքր, աղջիկ թե տղա չգիտեին թե ի՞նչ է կարոտությունը, որ աղքատի տանմեջ յուր ներկայությունը զգալ է տալիս նույնիսկ այն վայրկյանին, երբ մայրը ողջագուրում է պանդխտությունից վերադարձող որդուն, որ հաճախ ցրտացնում է համբույրի ջերմությունը և շուրթերի վրա ժպիտը սառեցնում, այն ժամանակ կհասկացվի թե որպիսի՛ երանությամբ էր շրջապատված նորավարտ, գեղեցիկ արտաքինով և դեռ ամենքին սիրելի Պետրոս Կամսարյանը:
Թողնենք ուրեմն նրան զվարճանալ առայժմ յուրայինների հետ:
Անցավ մի շաբաթ և այդ միջոցին խոսք ու զրուց չեղան երիտասարդի սկսելիք պարապմունքի մասին, որովհետև ամենքի համար էլ պարզ էր թե ինչո՞վ կարող է զբաղվել մի երիտասարդ իրավաբան: Նրա առաջ բաց էին թե՛ պետական պաշտոնների և թե՛ մասնավոր պարապմունքի արդյունավոր ճանապարհները: Եթե առաջինը չհաջողվեր, երկրորդի համար բավական էր երկու տող հայտարարություն և, ահա՛, հաճախորդները իրար թևակոխելով` կլցվեին փաստաբանի նորաբաց ընդունարանը:
Այս էին մտածում Կամսարյանի ծնողները և ցանկանում, որ Պետրոսը առժամանակ հանգստանա և մանավանդ թե կազդուրվի զովարար ամառանոցում, ուր մտադիր էին տեղափոխվել քիչ ժամանակից հետո:
Սակայն մի օր զարմանքով տեսան նրանք, որ իրենց որդին ինչ որ պատրաստություններ է տեսնում: Նա գնել էր ճանապարհի նոր հագուստ, երկարաճիտ կոշիկներ,ձիու թամբ, նոր տեսակի պայուսակ, որսորդական հրացան և այլ այնպիսի իրեր, որոնք կարող էին հարկավորվել միայն վայրենի տեղերում, ուստի հետաքրքրվեցան իմանալ թե ինչո՞ւ համար են դրանք:
– Պիտի ճանապարհորդեմ, – ասաց նա ծնողներին:
– Պիտի ճանապարհորդե՞ս… ի՞նչպես, ուրեմն ամառանոց չի՞ պիտի գաս, – հարցրեց երիտասարդի մայրը անհանգստությամբ:
– Ոչ, պիտի գնամ դեպի հեռավոր հայ գյուղերը և՛, ո՞վ գիտե, գուցե շատ ուշ վերադառնամ, կամ… (ուզում էր ասել «բոլորովին չվերադառնամ», բայց զգալով, որ լավչէ վախեցնել ծնողներին, խոսքն ընդհատեց):
– Այդ անկարելի է, – ճչաց իսկույն տիկին Կամսարյանը, կամ յուր լեզվով ասած` Լիդիա Պավլովնան, որ մի պարարտ, կլորիկ և թեպետ հիսունը անցած, բայց դեռ գրավչադեմ և հաճելի լինելու առավելություններով օժտված կին էր, – այո՛, անկարելի է… այսքան ժամանակ հուսով սպասել եմ քո դարձին, որ գոնե ամառվաամիսները միասին անցնենք, իսկ դու ասում ես թե պիտի ճանապարհորդե՞ս, ոչ, այդ չի լինիլ, – ասաց տիկինը վճռաբար և մեջքը թիկնաթոռին տալով` աշխատեց պարարտ մարմինը զետեղել նրա վրա կարելվույն չափ հանգիստ:
Տիկին Կամսարյանի «Ո՛չ, այդ չի լինիր վճիռն ուներ յուր հարգելի պատճառները: Բացի այն, որ նա իբրև սիրող մայր, կցանկանար անշուշտ ամառն անցնել յուր որդուհետ, կար և մի ուրիշ հանգամանք, որ դրդում էր նրան չհամաձայնել որդու հետ: Դա մոր փառասիրությունն էր, ա՛յն թաքուն զգացմունքը, որ շատերը խնամքովփայփայում են սրտի խորքում, բայց որի գոյությունն ուրանում են մարդկանց առաջ:
Լիդիա Պավլովնան առաջին անգամ չէր գնում ամառանոց, ուստի գիտեր, որ ամեն ամառ այնտեղ ստեղծվում է ծանոթների ու բարեկամների հետաքրքրական շրջան, տեղի են ունենում նոր տեսակի ընդունելություններ ու այցելություններ, սարքվում են փայլուն զբոսանքներ, ճաշեր ու պիկնիկներ, երբեմն և երեկույթներ: Արդ, չէ՞ որ մեծ փառք էր ամեն մոր համար այդ բոլոր տեղերում երևալ նորավարտ, գեղեցիկ արտաքինով, հաճելի ձևերով և տակավին ամուրի երիտասարդ որդուհետ… այդպիսի մայրն, առհասարակ, ամառանոցի սիրած ու փայփայած անձն է լինում: Բոլորը (խոսքս իհարկե հարսնացու աղջիկ ունեցող մայրերի, կամ փեսացու փնտրող հարսնացուների մասին է, իսկ եթե դրանց թվում ընթերցողները դասեն, նաև, նորատի այրիներին, դրա դեմ էլ ոչինչ չունիմ), շրջապատում են նրան սիրով, քնքշությամբ, ամենաանկեղծ բարեկամությամբ: Այդպիսի մորը, բնականաբար, այցելում են հաճախ, և այն` միշտ երկուսով կամ երեքով (նայելով թե այցելողը քանիհարսնացու աղջիկ ունի), հրավիրում են շատ տեղերից, նույնիսկ այնպիսի տներից: ուր այդ մայրը երբեք ոտք դրած չէ եղել, բայց ծանոթացել է նրանց տիրուհիներինայսինչ պիկնիկում կամ պարահանդեսում: Բացի այդ, հանդիսավոր ճաշերի ժամանակ, ամենից պատվավոր տեղը առաջարկում են այդպիսի մորը և ամենից համեղ պատառը հրամցնում նրան: Հարկ չկա ասել, որ զբոսարաններում էլ ամենից սիրելի ու քնքուշ խոսակիցները շրջապատում են նրան, թե երիտասարդ որդին էլ զբոսնում է նրա հետ: Միով բանիվ, ամեն տեղ կատարվում է այն, ինչ որ հայկական առածն է բնորոշում, այսինքն «ձուաձեղի համար թավի կոթը պաչում են»:
Այս ամենը գիտեր տիկին Կամսարյանը. այս ամենի մասին նա մտածել, երազել էր և այն` երկար ամիսներով… այժմ հանկարծ լսել թե իրեն զրկում են քաղցր հույսերից, իհարկե, նա չէր կարող, հետևապես և չի պիտի թույլ տար որդուն իրագործել այդպիսի մի անհեթեթ որոշում:
Դժբախտաբար, երիտասարդն էլ յուր կամքի տերն էր (գոնե ինքը հաճախ այդպես էր ասում), ուրեմն և հեշտ չէր ետ կեցնել նրան յուր ընտրած ճանապարհից: Այդ պատճառով մոր «ոչ, այդ չի լինիլ» վճռին, նա պատասխանեց խստությամբ:
– Ամառանոցում զվարճանալուց առաջ ես պարտք ունիմ կատարելու, մայրի՛կ, մի՛ հուսար թե ես կհետաձգեմ իմ գործը քեզ ընկերանալու համար:
– Պետյա՛, Պետյա՛, մեկ մտածիր թե ի՞նչ ես ասում… ամբողջ տարի աչքներս ջուր կտրած սպասել ենք քեզ, կարոտից հալվել… (կամենում էր ասել «հալվել ումաշվել ենք», բայց մեկ էլ մտածելով թե ինքը խիստ պարարտ է, ասաց) մաշվել է սրտներս, այժմ դու նորեն կամենում ես մեզ թողնե՞լ… Ուրեմն դու սիրտ չունիս, դուհայր, մայր, եղբայր ու քույր չե՞ս ճանաչում…
Վերջին բառի վրա տիկինը հեկեկալու նման մի սրտաշարժ ձայն հանեց, հետո հուպ տվավ աչքերը, հուսալով թե նրանցից մեկն ու մեկը արտասուք կգլորե յուր սպիտակ ու փափուկ այտերի վրա (որ իհարկե շատ տեղին կլիներ), բայց տեսնելով որ այդ չեղավ, ընդհատեց խոսքը…
Երիտասարդին այնպես թվաց թե դյուրազգաց մայրը սրտի նեղությունից չի կարողանում այլևս խոսել, ուստի որպեսզի չհաղթահարվի այդ սրտաշարժ տեսարանից,իսկույն ծոցից հանեց յուր հուշատետրը և սկսավ թերթել… Այո՛, բավական էր նայել այդ հուշատետրի էջերին, կարդալ գոնե կեսը «մեծ գործերի» այն ցանկին, որ նա կազմել էր մայրաքաղաքից վերադառնալիս, որպեսզի նա նորեն ոգևորվեր և առ ոչինչ գրեր մոր թախանձանքն ու արտասուքը, կամ արհամարհեր ամառանոցի հանգստությունն ու զվարճությունները:
Եվ այդպես էլ եղավ: Երբ Պետրոսը հուշատետրը դրավ նորեն ծոցը, նրա սիրտն արդեն այնքան էր ամրացել, որ նա ուղղակի ասաց.
– Դու, մա՛յրիկ, բախտավոր կին ես. ունիս ամուսին, առողջ զավակներ, մեծ հարստություն, սեփական ապարանք, գեղեցիկ ամառանոց, ապրում ես գոհ ու երջանիկև, միևնույն ժամանակ, չես կամենում զրկել քեզ նույնիսկ մի ավելորդ զվարճությունից, այսինքն, որ ամառվա ամիսներում ընկերանա քեզ որդիդ… Բայց կանաշխարհում մարդիկ, որոնք շատ անհրաժեշտ բաներից են զրկված. ա՛յ, ես գնում եմ նրանց մոտ, որպեսզի կարողանամ նրանց մի փոքր մխիթարել, կամ նրանց կարիքներից մինը կամ երկուսը լցնել:
Լիդիա Պավլովնան որդու այս ճառից ոչինչ չհասկացավ, բայց Կիրիլ Կարպիչը (հայր Կամսարյանը), որի անունը Ճիպին Տեր Օվանեսի ձեռքով չափաբերական մատյանում նշանակված էր «Կարապետի վուրթի Կիրակուս» և որը դեռ խալաթով նստած էր բազմոցի վրա և երկար ծխափողը ձեռքին թե՛ ծխում և թե՛ լսում էր հիշյալ վիճաբանությունը, որդու վերջին խոսքերի վրա մի անհանգիստ շարժումն արավ: Քաղցր ժպիտը, որ մինչև այն փայլում էր նրա ածիլած ու գիրությունիցփայլող դեմքի, կրկնածալ ծնոտի և գորշ ընչացքով հովանավորված հաստ շրթունքի վրա, չքացավ իսկույն. թավամազ հոնքերը կարծես վայր իջան աչքերի սուր հայացքը ավելի խստացնելու համար. իսկ անխառն հայկական քիթը, որ պատկառելի տեղ էր բռնած խոշոր դեմքի վրա, զգալի կերպով կախվեցավ, որպեսզի տիրոջդժգոհությունը մարմնացնե յուր մեջ ամբողջովին:
Ինչո՞ւ անհանգստացավ Կիրիլ Կարպիչը, – դրա պատ ճառը բոլորովին այլ էր: Նա, իհարկե, չէր մտածում ոչ Լիդիա Պավլովնայի մայրական փառասիրությունըգոհացնելու և ոչ էլ որդու ամառային հանգստության մասին. նրան հետաքրքրում էր ավելի լուրջ ու դրական խնդիր. այսինքն այն, որ յուր որդին տասներկու տարիշարունակ ուսման համար իրենից հազարներ ստանալուց հետո, այսօր, երբ արդեն ուսումն ավարտած վերադարձել է, փոխանակ լրջորեն գործի կպչելու և հորից ստացած փողերի գեթ մի մասը յուր ձեռքի աշխատանքով հորը վերադարձնելու և դրանով նրան ուրախացնելու, ընդհակառակն, դեռ նոր ծախսեր է անում և ինչ որճանապարհորդության կամ հեռավոր ազգակիցների վրա է մտածում:
Անհանգիստ շարժումն անելով հանդերձ, Կիրիլ Կարպիչը մի կողմը դրավ ծխափողը և ձեռքերը խրելով խալաթի գրպանները, որոնք գտնվում էին տկի պես ուռած և խալաթի փնջազարդ ժապավենով հազիվ սանձահարված փորի աջ ու ձախ կողմերում, հարցրեց որդուն.
– Պե՛տո, չլինի՞ թե քո գլխումն էլ հոպոպներ են լույս ընկել:
Երիտասարդ Կամսարյանը, որ այսպիսի մի հարց ընկերներից լսելուց կարող էր նրանց մենամարտի հրավիրել (որպեսզի ապացուցանե թե որքա՛ն պատվասեր է),հորից լսեց այդ խոսքը նույնիսկ առանց բարկանալու, համոզված լինելով, որ նա ուրիշ կերպ հաճոյախոսել չի կարող:
– Ի՞նչ ես կամենում դրանով ասել, հա՛յրիկ: – հարցրեց նա:
– Այն, որ ուսումը խելքահան է արել քեզ, որդի՛… ախար մի գնա դատարան և տե՛ս թե քեզանից մի տարով առաջ ավարտողները ի՞նչպես են այնտեղ գործեր պաշտպանում, ժամերով վիճում կամ ճառեր խոսում և դրա համար նրանք հարյուրներ, հազարներ են ստանում, իսկ դու դեռ «կռոների» մասին ես մտածում, կամ նրանց հոտած գյուղերում ապրելու պլաններ քաշում: – Սա ինչի՞ նման է:
Կիրիլ Կարպիչը նորեն ձեռքն առավ ծխափողը և հաստ (շրթունքները կպցնելով երկար բնի ծայրին, երկու անգամ առատորեն ներս քաշեց ախորժելի ծուխը և ապաարտաշնչելով այն, վեր կացավ տեղից:
– Գործի վրա մտածիր, որդի, գործի վրա, թե չէ կռոներից շահ չի լինելու քեզ: – Այս ասելով նա դուրս գնաց սենյակից, չկամենալով ավելի ձանձրացնել որդուն: Որովհետև, իբրև փորձառու մարդ, գիտեր որ խելքի հասած երիտասարդին անօգուտ է երկար խրատներ կարդալը: Բավական է, որ մարդ երկու խոսքով հայտնի նրան յուր դժգոհությունը և ապա թողնե նրան մտածել ու որոշել անելիքը:
Մինչդեռ Լիդիա Պավլովնան այդ կարծիքին չէր, նա, իբրև կին, միշտ յուր ուզածն անել էր տվել երկար խոսելով, թախանձելով, հետևապես հավատում էր շատախոսելու փրկարար զորությանը: Այդ պատճառով էլ, երբ ամուսինը հեռացավ, նա մոտ քաշեց որդուն (որ դարձյալ ձեռքն էր առել յուր հուշատետրը, անշուշտ հոր խոսքերի ազդեցությունը իրենից հեռացնելու նպատակով) և իբրև մի մեծ նորություն, հաղորդեց նրան հետևյալը:
– Ես որ քեզ ասում եմ գնանք միասին ամառանոց, հո նրա համար չեմ ասում, որ միայն քաղաքի շոգերից ազատեմ քեզ, ոչ. ես ուրիշ միտք էլ ունիմ և դրա համար է,որ չեմ ուզում քեզ թողնել…
– Ի՞նչ միտք, – հարցրեց երիտասարդը:
– Մարկոսովենց տուն հո գնացի՛ր, Ադելինին տեսա՞ր, – հարցրեց մայրը խորհրդավոր եղանակով:
– Այո, գնացի, Ադելինին էլ տեսա, հետո՞:
– Իբրև թե չգիտես ինչո՞ւ համար եմ հարցնում, – նկատեց մայրը խորամանկ ժպիտով:
– Ո՛չ:
– Չէ՞ որ մի օր հավանում էիր նրան:
– Հենց հիմա էլ հավանում եմ:
– Հո տեսնում ես թե ի՞նչ է դառել… ինչպես մեծացել, գեղեցկացել է:
– Այո՛, շատ է գեղեցկացել:
– Է, այդպիսի աղջիկը, որ քեզ սիրում լինի և քո պատճառով էլ Բորժոմ լինի գալիս, ի՞նչ կասես դրան:
Երիտասարդը նայեց մոր աչքերին և ուսերը վեր քաշեց:
– Գեղեցկությունը կա, ուսումը կա, քառասուն հազար էլ բաժինք… Այս ամառ անպատճառ բանը կվերջանա, որովհետև ծնողները համաձայն են, աղջիկն էլհամաձայն է համաձայն. հարցը մնում է քեզ վրա: Ի՞նչ ես ասում դու:
Երիտասարդը, կարծես, տատանվում էր: Ադելինի անունը մի փոքր պղտորեց նրա միտքը. եթե երևակայությանը ևս թույլ տար յուր առաջ պատկերացնելու գեղանիօրիորդին, այն ժամանակ արդեն հոսանքը կտաներ իրեն: Այդ պատճառով, կարծես, յուր թուլությունը զգալով, վեր կացավ տեղից և «դեռ տեսնենք, մտածենք,ժամանակ շատ ունենք» ասելով` դուրս գնաց պատշգամբ:
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке