Читать бесплатно книгу «Առաքյալը» Մուրացան полностью онлайн — MyBook

Կամսարյանը, որ դեռ քննական աչքով չէր նայել ուղեկցին, որովհետև գիշերանց էր ծանոթացել նրան, թավ ձայնով նրա դիտողությունը լսելուց, ետ նայեց մի վայրկյան և տեսավ, որ դա մի մարմնացյալ աններդաշնակություն էր նկատմամբ այն պոեզիայի, որ շրջապատում էր իրեն: Տիրացուի կարճ ու գիրուկ մարմինը, որ նստած լինելու պատճառով կորացել էր, նմանում էր մի տձև մսագնդի, որի վրա գլուխը շարժվում էր կարծես առանց պարանոցի: Նրա թուխ դեմքը, որ արևահարլինելուց ավելի էր սևացել, ծածկված էր խիտ և երբեք չսանրված մորուքով: Վերջինս թեպետ տարածվում էր մինչև նրա այտոսկրները, այսուամենայնիվ, չէր ծածկումտիրոջ մեծ բերանը, որ եզերված էր հաստ լրթագույն շրթունքներով: Խոր ընկած աչքերը, չնայելով իրենց սևության, թավալում էին նեղ կապիճներում առանց կրակի և արտահայտության. իսկ դրանց հովանավորող թավարծի հոնքերը տալիս էին նրա դեմքին մի առանձին գռեհկություն: Հաստ շալի կապան, կեղտոտ օձիքով արխալուղը և մորթե մեծ գդակը, որ նա խնամքով քաշել էր մինչև հաստ բլթակներով լոշի պես կախված ու փոշոտած ականջները, տիրացուին նմանեցնում էին անտառաբնակ խոզարածի, նրան պակասում էր մի մահակ` ձեռքին և մի պարկ` մեջքին:

Պետրոսը ուշի ուշով նայելով ուղեկցի վրա, զգաց այնպիսի մի անհանգստություն, որ պաշարում է մարդուն` զզվանք զգալուց առաջ: Նա զարմացավ յուրանմտության վրա, որ մի առաջնորդ ունենալու պատճառով, նստեցրել էր կողքին այնպիսի մի գռեհկի, որից, մինչև անգամ, կեղտի ու քրտնքի հոտ էր փչում: Այս պատճառով երիտասարդն անզգալի կերպով քաշվեցավ մի կողմ և, որպեսզի տիրացուից ավելի անջատվի, առջևը դրած իրերից մինն առնելով, զետեղեց նրա և յուր մեջտեղը, ասելով.

– Սրա մեջ կոտրելու բան կա, լավ է այստեղ դնենք:

Բայց որովհետև Պետրոսին այնպես թվաց թե Մոսին հասկացավ յուր միտքը, ուստի սկսավ զբաղեցնել նրան:

– Ասում ես թե այն կողմերն ավելի գեղեցիկ են, հա՞:

– Գեղեցիկ են, բա՛, ըստեղ հլա շատ փայը դյուզ ա (դաշտ), արևը որ աշմիշ ա ըլում (բարձրանում է), էն ղայդի ա էրում, որ ասես թե մարդի կաշին պուկիլ տի, ամադենի ճամփեն չիմ մեշալղով (անտառով) յա անց կենում, ոտով էլ որ գնաս, մեջքդ տաքանալ չի:

Չնայելով տիրացուի հայտարարության, Կամսարյանն, այսուամենայնիվ, թերություն չէր գտնում շրջապատող տեսարանների մեջ, ընդհակառակն, նա որքան հառաջանում, այնքան ավելի էր հիանում նրանցով: Մանավանդ Աղստևի մշտակարկաչ հոսանքը և նրա սիրուն, ծառազարդ ափերը գրեթե շարունակ զմայլեցնումէին նրան, այնպես որ մի ժամանակ նա, մինչև անգամ, մոռացավ տգեղ տիրացուին և ինքնիրեն խոսեց.

– Ահա՛ թե ի՞նչ տեղեր են և ի՞նչ գեղեցկություններ են անհայտ մնում մեզ… Իսկ սրանց մեջ ապրող մեր ազգակիցները… չէ՞ որ նրանք էլ ունին գեղեցկություններ ու կատարելություններ, որոնք անծանոթ են մեզ: Պետք է շնորհակալ լինել բախտից, որ վերջապես օգնեց ինձ` իմ նվիրական խոստումն իրագործելու (այդ վայրկենին երիտասարդի հայացքը հանդիպեց յուր ուղեկցին և նա մի քայլ ետ կասեց յուր մտածության մեջ` ավելացնելով) կամ, գոնե, ծանոթանալու այս երկրին ու ժողովրդին,որպեսզի համոզվիմ թե ի՞նչ չափով է հնարավոր այդ որոշումն իրագործել:

Քիչ ժամանակից հետո երիտասարդ Կամսարյանը նստած Քարվանսարա գյուղի առաջ, կարկաչահոս Աղստևի ափին, մի հովանավոր ծառի տակ, ախորժակով նախաճաշում և թեյ էր վայելում: Այստեղ արդեն տիրացուն չէր ընկերանում նրան, որովհետև հանդգնություն էր համարում ձգվիլ «աղայի» հետ նաև նախաճաշիժամին: Նա համեստությամբ խույս էր տվել դեպի մոտակա կրպակը, ուր խռնված էին Ղազախի զանազան կողմերից գյուղացիներ և նրանց հետ խոսում էր:Տիրացուի այդ վարմունքը դյուր եկավ Կամսարյանին և համոզեց նրան, որ յուր ուղեկիցը այնքան էլ անտաշ գռեհկին մեկը չէ: Այդ պատճառով էլ, երբ նախաճաշն ավարտեց, կանչեց վերջինիս և առաջարկեց նրան նույնպես թեյ խմել և նախաճաշել, իսկ ինքը հեռացավ մի փոքր շրջագայելու:

Տիրացուն յուր կողմից հրավիրեց կառապան 0հանեսին: Նրանք երկուսը նստեցին նույն հովանավոր ծառի տակ և սկսան վայելել «աղայի» թեյի ու նախաճաշի առատմնացորդը: Կառապանը տեսնելով, որ «աղան», ի միջի այլոց, թողել էր իրենց համար տասը կտոր շաքար, այդ համարեց առատասրտություն և դրանից էլեզրակացրեց, որ նա «մենծ մարդ պիտի ըլի»:

– Մենծ մարդ ա, բա՛, մենծ որ չըլեր, մենակ կալասկա կբռներ կգա՞ր, – հաստատեց տիրացուն:

– Յա չէ, առանց փողի քե կողքին կդներ կբերե՞ր:

– Ես էլ էդ չե՞մ ասում:

– Թյունդ հուսումնական կըլի, ա՛յ:

– Հուսումնական ա, բա՛:

– Չըլի՞ ընջներ ա:

– Չէ, ընջներ չի րևում:

– Բա խի՞ յաշչիկը ծանդր ա, ես նըհենց եմ մանում թե ընջների յարաղ (գործիք) կա միջումը:

– Չէ, կըլի որ գրեր ըլին:

– Գրերը ինչի՞ն ա պետք:

– Ո՞նց թե ինչի՞ն ա պետք, բա հուսումնականն առանց գրերի ման կըգա՞:

– Ես ի՞մ (ի՞նչ գիտեմ), հրեն մեր գեղի աղան էլ ասըմ են հուսումնական ա, ամա ճամփա գնալուց` արաղից սավայի զատ չի ըլում հետը:

– Է՛, շա՛շ, դու էլ մարդու անուն տվիր. գեղի հուսումնականն ու քաղաքինը մի՞ն ա ըլում: Գեղի հուսումնականը սաղ կյանքումը հինգ, յա վեց գիր անջախ (հազիվ) ակարդում, ամա քաղաքինը` աշխարհումս էլ գիր չի թողնում, չիմ (բոլորը) կարդում պրծնում ա:

Այսպես զրուցելով տիրացուն ու կառապանը վերջացնում էին իրենց նախաճաշը, երբ Կամսարյանն յուր շրջագայությունից վերադառնալով, տեսավ նրանց միասին:

– Այս տիրացուն իսկապես կառապանի ընկերն է, ես ինչո՞ւ հիմարաբար իմ կողքին եմ նստեցրել, – մտածեց նա և որոշեց առաջարկել, որ սա այնուհետև նստե կառապանի մոտ: Բայց ինչպե՞ս աներ առաջարկությունը, որ տիրացուն չվիրավորվեր, նա այդ մասին էլ մտածեց:

Երբ Օվանեսը յուր գահին բազմած` կառքը մոտեցրեց «աղին», վերջինս հրամայեց ծածկել հովարանը, որովհետև արևն այրում էր արդեն: Կառապանն իսկույն կատարեց հրամանը:

– Նախաճաշից հետո ես սիրում եմ հանգստանալ, արդյոք չէ՞ կարելի պառկել քո կառքում և այնպես գնալ, – հարցրեց Պետրոսը կառապանին:

– Խի՞ չի կարելի. տեսնո՞ւմ չես որքան լեն ա իմ կալասկեն: Դու ոտերդ ձգի ու պառկի, վսւրժապետն էլ իմ կողքին կնստի, – պատասխանեց Օվանեսը:

– Հա, ես ըստի կնստեմ, դու նեղանալ մի՛, – հարցեց տիրացուն, ցույց տալով կառապանի նստատեղը:

Կամսարյանը հիացավ այս հաջողության վրա և կառքը բարձրանալով, գլխի տակն առավ փոքրիկ բարձը և ձգվեց բազմոցի երկարությամբ:

Տիրացուն սեղմվեց կառապանի կողքին: Քարվանսարայից ելնելուց Աղստևը դարձյալ ընկերանում էր ճանապարհորդներին յուր ընդդիմակաց հոսանքով, երբեմն փոքրիկ ձորակներից անցնելով, երբեմն դաշտերի եզերքը քերելով, իսկ շատ տեղ թամբերի հետևը թաքնվելով: Քանի շարունակվում էր տեսարանների միակերպությունը, Կամսարյանը նրանցով չէր հետաքրքրվում, այլ պառկած էր: Բայց հենց որ հասան Ղլիճ-Ղայա կոչված ժայռերի ստորոտին, նա ուղղվեցավ իսկույն գլուխը կառքից դուրս հանելով, սկսեց ուշի ուշով դիտել այդ ահավոր և միևնույն ժամանակ գեղատեսիլ պարեխները, որոնք ճանապարհի աջ կողմից ձգվելով,իրար վրա դիզված, հետզհետե բարձրանում, կազմում էին տարօրինակ ամբարտակներ, մի տեղ սուր ու միապաղաղ, մյուս տեղ խրոխտ ու բարդ-բարդ, իսկ շատ տեղ թեք դեպի ճանապարհը, կարծես սպառնալով փլչել բարձր գահավանդից և իրենց փլվածքի տակ ծածկել տեղի խաղաղությունը վրդովող հանդուգն ուղևորներին:

Խարակների այդ ահավոր ամբարտակներից հետո տեսարանը դարձյալ մեղմանում ու դաշտանում էր, իսկ խճուղու մի քանի կեռմաններ անցնելուց` հորիզոնը դարձյալ փակում էին նոր, կանաչ սարալանջեր, որոնք հետզհետե դեպի վեր բարձրանալով ձգվում, հասնում էին մինչև Ղզղալի սարը:

Մի երկու ժամ այսպես ճանապարհորդելուց և տարբեր տեսարաններ անցնելուց հետո, մեր ուղևորները հասան Թարս-չայ կայարանը, որ գտնվում էր Դիլիջանի սարավանդը հանող բարձրությունների ստորոտում:

Որովհետև կառապանը կեր պիտի տար այստեղ ձիերին, ուստի առաջարկեց «աղին» վայելել յուր ճաշը առանց շտապելու:

– Արևն էս սարին թեքվելուց` կալասկեն կլծենք ու սարինով (հովով) Դիլի դյուս կգանք, – հայտարարեց նա խորհրդատու եղանակով:

– Ինչո՞ւ այդքան ուշ, – հարցրեց Պետրոսը:

– Ուշ չի, աղա՛, էրկան ճամփա ենք էկել, հայվաններն էլ խեղճ են. մի քիչ կորմ (կեր) կուտեն, մի քիչ էլ կդինջանան. հլե թե կուզես, մի քիչ էլ դու կդինջանաս, էնդուցեդը կլծենք կգնանք:

Որովհետև երիտասարդը շտապելու ոչինչ չուներ, ուստի չհակառակվեց: պատվիրելով, որ պաշարի կապոցը տանեն կայարան (որից ինքը իբրև մասնավոր կառքով եկող, հեռու էր իջած), ինքն ևս յուր քայլերն ուղղեց դեպի այն մենավոր տունը` որ հովանավոր պատշգամ և շուրջը ծառերի ստվեր ունենալով, արևի այդ տաք ժամանակը դեպ իրեն էր քաշում խոնջ ուղևորին:

Կայարանի վերակացուն ձեռքը լրագիր առած կարդում էր, երբ Կամսարյանը մոտեցավ սանդուղներին:

– Կարելի՞ է մի քանի վայրկյան հանգստանալ այստեղ, – հարցրեց, նա ռուսերեն:

– Ինչո՞ւ չէ, համեցեք, – պատասխանեց վերակացուն մաքուր հայերենով:

– Ա՛խ, ներողություն, դուք ուրեմն հա՞յ եք:

– Այո՛, պարոն, զտարյուն հայ, – պատասխանեց ժպտալով վերակացուն, որ միջահասակ, բարեդեմ և ըստ երեվույթին, բարեխառն բնավորությամբ մի անձն էր:

– Օրվա այս ժամին որքան անհաճո է բաց ճանապարհը, նույնքան հաճելի է ձեր այս պատշգամը, ուր ոչ միայն հովանի, այլև հանգստանալու լավ բազմոց ունիք…Այս ասելով Կամսարյանը մոտեցավ վերակացուին և ողջունելով նրան, նստեց մոտիկ դրված, կաշեծածկ ու հնատարազ բազմոցի ծայրին:

– Հրամանքդ երևի Դիլիջան եք գնում, – հարցրեց վերակացուն, մի կողմ դնելով լրագիրը:

– Կարծեմ ավելի հեռու:

– Ավելի հեռո՞ւ:

– Թվում է թե` այո՛:

– Ինչպե՞ս թե թվում է, դուք չե՞ք որոշած թե ո՞ւր եք գնում:

– Համարյա թե` չեմ որոշած:

– Հասկանում եմ, ուրեմն ճանապարհորդում եք, առանց որոշ դիտավորության:

– Չէ, որոշ դիտավորություն ունիմ:

– Ներեցեք, որ հետաքրքրվում եմ… եթե որոշ դիտավորություն ունիք, ուրեմն պետք է որ գիտենաք թե ո՞ւր և ինչի՞ համար եք գնում:

– Հենց բանն էլ այդ է, որ ինչի համար գնալս գիտեմ, բայց ո՞ւր գնալս չգիտեմ:

– Այդ հետաքրքրական է, – հարեց վերակացուն ծիծաղելով և բազմոցի մյուս ծայրին նստելով:

Այդ միջոցին տիրացու Մոսին բարձրացավ պատշգամը, բերելով յուր հետ պաշարի կապոցը և խոր գլուխ տալով վերակացուին, կանգնեց Կամսարյանի առաջ:

– Օհո, տի՛րացու, դո՞ւ էլ այստեղ, այդ ո՞նց է պատահել, – հարցրեց վերակացուն:

– Հա, ես էլ ըստի եմ, շնորհակալ եմ, աղան բերավ:

– Դե որ եկել ես, ա՛յ էն սեղանը մոտ բեր, – հրամայեց վերակացուն:

Տիրացուն ցույց տված սեղանը մոտեցնելով բազմոցին, բերած պաշարը դրեց վրան ու հեռացավ:

Կամսարյանը բացավ կապոցը և ունեցածը շարելով սեղանի վրա, խնդրեց վերակացուին մասնակցել յուր «համեստ» ճաշին:

– Շնորհակալ եմ, արդեն ճաշել եմ, – առարկեց վերակացուն:

– Խնդրում եմ, որքան կարող եք, կամ գոնե մի բաժակ գինի… – այս ասելով, Կամսարյանը հանեց բաժակը և սրբելով այն, լցրեց գինով և դրեց վերակացուի առաջ:

Վերջինս, որ կայարանում ապրելով, սովորած էր անխըտիր ամեն ուղևորի ճաշին ու ընթրիքին մասնակցելու, երկար չընդդիմացավ և, կամենալով, ինչպես ասում էր,յուր հյուրի ախորժակը բանալ, վայելեց մի կտոր բան և գինու բաժակն զգուշությամբ կիսելով, վերսկսեց ընդհատված խոսակցությունը:

– Հա՛, այն էի ասում, ձեր պատասխանն ինձ չափազանց հետաքրքրեց… այդ ինչպե՞ս է, որ դուք որոշ դիտավորությամբ գնում եք մի տեղ, բայց չգիտեք թե ո՞ւր եքգնում:

– Իսկապես գիտեմ թե ուր եմ գնում, որովհետև գնում եմ մի որևէ հայ գյուղ, բայց թե ո՞ր գյուղ, ահա' այդ մեկը չգիտեմ:

– Ներեցեք, խնդրում եմ, դարձյալ չեմ հասկանում: Կամսարյանը ծիծաղեց և ապա սկսավ համառոտ կերպով բացատրել թե ի'նչ է յուր դիտավորությունը:

Վերակացուն, որ նորեն ձեռքն էր առել բաժակը, որպեսզի գինու մնացորդը վայելե, երիտասարդի բացատրությունը լսելու` իսկույն վայր դրեց այն և բազուկներըդեպի վեր պարզելով բացականչեց.

– Փա՛ռք քեզ, աստված, վերջապես գտնվեց մեկը, որ մեր տրտունջը լսեց… – ապա դառնալով Կամսարյանին, ավելացրեց դուք, ուրեմն միակ մեծ մարդն եք մինչևօրս իրենց ուսումն ավարտած հայ երիտասարդների մեջ: Թույլ տվեք խմել ձեր պատվական կենացը:

Այս ասելով, նա լցրեց բաժակը և մի առանձին ոգևորությամբ պարպեց այն միանվագ:

Կամսարյանին դյուր եկավ վերակացուի գովասանքը, բայց կամենալով սրա ո՞վ լինելն իմանալ, որպեսզի ըստ այնմ որոշե յուր ստացած գովասանքի արժեքը, նահարցրեց.

– Դո՞ւք էլ ուրեմն պատկանում եք ուսանողների դեմ տրտնջող հայերի թվին:

– Հապա՞:

– Չէի կարծիլ, որ այդ տրտունջը կարտահայտվի նաև այսպիսի մի ետ ընկած կայարանում:

Վերակացուի դեմքի վրա դառը ժպիտ խաղաց: – Ինչո՞ւ չէիք կարծիլ, մի՞թե այսպիսի տեղերում ապրող հայ մարդը սիրտ ու զգացմունք չի ունենալ:

– Ո՛չ, այդ չէի ուզում ասել… – շփոթվեց Կամսարյանը:

– Հասկանում եմ, ուզում էիք ասել թե, այս ետ ընկած կայարանում, այս անմաքրությանց դեզերի կողքին, ձիաների ընկերության մեջ ապրող հայ մարդը ինչո՞ւպետք է տեղյակ լինի մեր ցավերին այնքան, որ նույնիսկ տրտունջ հայտնե այդ ցավերին դարման տանել կարող, բայց չկամեցող երիտասարդների դեմ:

1
...

Бесплатно

4.33 
(3 оценки)

Читать книгу: «Առաքյալը»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно