Օդը մեղմ էր և տաքուկ, երկինքը պարզ և աստղազարդ: Տների ներս չէր գրավում մարդկանց, ուստի ժողովուրդը լցված էր դուրսը և զբոսնում էր սալած մայթերի վրա, կամ նոր կանաչող ծառուղիներում: Շառագույն լուսինը, որ նոր էր բարձրանում մթնացող հորիզոնում, խոստանում է գեղեցիկ, լուսնկա գիշեր: Այդ պատճառով փողոցներում աջ ու ձախ սլացող կառքերի թվին հետզհետե ավելանում էին և այն դեսպակները, որոնք իրենց մեջ խնամքով ծածկում էին հեռավոր զբոսարանների խորհրդավոր հաճախորդներին: Այդպիսով դրսի աղմուկը գնալով սաստկանում էր և կենդանությունը տիրում ամեն տեղ:
Միայն ծերուկ փիլիսոփան, կամ գեղեցկուհուց մերժված սիրահարը կարող էին այդպիսի ախորժելի երեկոյին փակվել տան խորշերում և մտածել մինը` աշխարհի ունայնության և մյուսը` յուր վշտի ծանրության վրա: Բայց կյանքի արժեքը մեծագրել գիտցող մարդը, մանավանդ եթե դա երիտասարդ էր կամ երիտասարդուհի, չէր կարող այդպիսի գրավիչ ժամերին չգտնվիլ զբոսնողների ընդհանուր ժխորի մեջ:
Սակայն արի՛ տե՛ս, որ հենց այդպիսի մի ժամանակ` ներքին հարկի մի ցածուն, բայց և ընդարձակ սենյակի մեջ ժողովված էին մի խումբ աշխույժ երիտասարդներ,որոնք չէին մտածում ոչ նորեկ գարնան, ոչ սիրուն լուսնի և ոչ ճեմելիքներում զբոսնող գեղեցկուհիների մասին: Նրանք զբաղված էին ավելի արժանավոր, կամ ինչպես իրենք կասեին` «ազնվական» գործով: Դրանք հայ ուսանողներ էին` համալսարանի կամ այլ բարձրագույն դպրոցների վերջին կուրսերից, որոնք հաճախ ժողովվում էին այդտեղ միմյանց հետ տեսնվելու, մտերմապես զրուցելու, մայրենի լեզվով կարդալու, կամ հեռավոր հայրենիքից ստացված նորությունները միմյանցհաղորղելու, երբեմն էլ իրենց ցավերի մասին միմյանցից կարծիք կամ խորհուրդ հարցնելու:
Այդ քաղաքում կային և ուրիշ հայ ուսանողներ, որոնք իրենց ազատ ժամանակը տնօրինում էին այլ կերպ: Ոմանք սիրում էին չափել փողոցները, աշխարհի չար ու բարին այդ տեղերում միայն ուսումնասիրելու նպատակով ոմանք զբաղվում էին սովորական թղթախաղով` ժամանակի ձանձրույթը մեղմելու համար. ուրիշներն այցելում էին հարուստ ընտանիքներին` նրանց տիրուհիներին զբաղեցնելու կամ օրիորդներին գրավելու հուսով և երբ նրանց չէր հաջողվում ոչ մինը և ոչ մյուսը, շատանում էին համեղ ընթրիք վայելելով: Մի մասն էլ էպիկուրյան փիլիսոփայության հետևելով` ազատ ժամերը նվիրում էր հաճության` աղջիկների ընկերակցության, մտածելով թե` այդպիսով ավելի լավ է ծառայում մարդ արարածի իսկական կոչման:
Բայց ներքնահարկի ցածուն առաստաղով սենյակում ժողովվածները չէին պատկանում հիշյալների թվին: Նրանք ուսանողության ամենաընտիր մասը, կամ բանաստեղծորեն ասած` ծաղիկներն էին, որոնք իրենց կոչման նշանակությունն ըմբռնելով, ժողովվել էին այնտեղ, ինչպես ասացինք, լավագույն մի գործով զբաղվելու համար:
Եվ նրանց այսօրվա պարապմունքի առարկան նշանավոր էր շատ կողմերից: Այսօր քննվում էր այն կարևոր հարցը, թե` նրանցից ո՞րը ի՞նչպես պիտի գործե կյանքի ասպարեզը մանելուց հետո:
Այդպիսի հարցեր, ինչպես հայտնի է, փորձված մարդիկ չեն տալիս իրար, միշտ մտածելով թե` «բանը բան ցույց կտա». իսկ փորձված հոգևորականը մինչև անգամասում է` «Օր աւուր բղխէ զբան և գիշեր գիշերի ցուցան է զգիտութիւն», ուստի և երբեք խոստում չէ անում: Բայց ուսանողն, հո գիտեք, անձնիշխան է ամեն դեպքում, հետևապես և կարող է նման հարցեր քննելու: Անփորձությունն էլ, անշուշտ, մի արտոնություն է, որից մարդիկ երբեմն օգտվում են հաջողությամբ: Եվ քիչ չէ պատահում, որ բախտն ավելի ժպտում է նրանց, որոնք գործում են առանց երկար մտածելու:
Ինչևէ, առաջադրյալ խնդրի մասին երկար խոսել ու վիճել էին ուսանողները, երբ նախագահը, որ մի առողջ, զվարթաձայն և կոպիտ արտաքինով երիտասարդ էր, ուժգին զանգահարելով` ժողովականների ուշադրությունը հրավիրեց յուր վրա:
Դահլիճում լռություն տիրեց:
– Խնդիրը մենք քննեցինք ամեն կողմից, – ասաց նախագահը, – մինչև անգամ ավելորդ մանրամասնությունների մեջ մտանք. այժմ արդեն ժամանակ է ամփոփելմեր մտքերը, ձևակերպելով այսպես:
Քարտուղարն իսկույն լարեց ուշադրությունը նախագահի խոսքերը գրի առնելու համար:
– Մենք որդիք ու անդամներ ենք այնպիսի մի ազգի, – շարունակեց նախագահը, – որ ունի կարիքներ ու ցավեր: Այդ ազգն իրավունքով սպասում է մեզ, յուր հարազատ որդիներին, որովհետև գիտե, որ մենք բարձր ուսում ու կրթություն ստանալով, ձեռք ենք բերում այն ուժը, որով պիտի կարենանք յուր կարիքները լցնել ևցավերը դարմանել: Հետեվապես, մեզ վրա դրվում է սրբազան պարտք` ի դերև չհանել սպասող ազգի հույսն ու ակնկալությունը: Մեզանից յուրաքանչյուրը պիտի համարե իրեն մի պարտապան, որ ունի վճարելիք յուր պարտատիրոջ, այսինքն ազգին, ուստի և մտածե այդ պարտքը վճարելու եղանակի վրա, և վճարե սիրով,համարելով այդ պարտքը ո՛չ թե բեռն ու ծանրություն, այլ յուր սրտին հանգիստ և հոգվույն հաճույք բերող մի գործ: Մի երկու ամիս ևս և մենք կթողնենք այնտաճարները, որոնց հարկերի տակ մեր սրտերում ցանեցին գիտության ու բարվո, ճշմարտի և գեղեցկի լավագույն սերմերը. մի երկու ամիս ևս և մենք կբաժանվինքիրարից, ո՞վ գիտե, գուցե հավիտյան: Արդ, քանի միասին ենք, քանի տեսնում և լսում ենք իրար, ահա՛ խոստանում ենք միմյանց` ընկերի և ուսանողի ազնվագույն խոստումով, որ մեր սրտերում ցանված սերմերը պիտի աճեցնենք կյանքում հիսնապատիկ, հարյուրապատիկ, և այդ սերմերից ելած պտուղները վայելել տանք նախ`այն ազգին ու ժողովրդին, որին պատկանելու պատիվն ունինք և ապա թե դրանից բաժին հանենք մեզ: Չենք որոշում, իհարկե, թե ո՞վ մեզանից ի՞նչ չափով է պարտավոր ծառայել ազգին, բայց հավատում ենք թե մեզանից յուրաքանչյուրը սիրով պիտի լսե այն ձայնը, որ կանչում է` «հունձք» բազում են և մշակք սակաւ…»: Հետևապես և պիտի շտապե դառնալ «մշակ» այդ «հունձերի» համար և աշխատել ու քրտնել ազգի անդաստանում: Խոստանում ենք, որ ոչ ոք մեզանից պիտի ետ քաշվի վատաբար, կամ ասե թե իմ ուժն անկարող է ազգի կարիքները լցնելու, այլ պիտի աշխատե ըստ յուր կարողության, հիշելով այն առածը թե` «ուր կամք կա,այնտեղ կա և ճանապարհ»: Եվ իրավ, եթե ջուրը յուր կաթիլներով ծակում է ապառաժը, մի՞թե մեր կամքը այդ չի կարող անել: «Ամենալավ իմաստությունը հաստատորոշումն է», ասում էր Նապոլեոնը: Եվ ես կարծում եմ, եթե մենք ևս կյանքի մեջ հետեվինք այդ իմաստուն խրատին, անշուշտ կգործենք ավելի հաջողությամբ, քանկարող ենք այժմ երևակայել: Մեր ժողովուրդն, իրավ, կարիքներ շատ ունի և այդ ամենը մենք չենք կարող դարմանել: Բայց եթե այսօր մենք մի մասը դարմանենք ևվաղն ուրիշները մի ուրիշ մասը, և այսպես գործը շարունակվի անընդհատ, կարիքները կդարմանվին կարճ ժամանակում և ցավերը կվերանան անզգայապես:Աշխատող ձեռքը, պարոններ, չի պտրիլ երբեք վարդալիր պարտեզ, այլ կերթա այնտեղ, ուր հողն անմշակ է և դաշտերը խոպան, նա յուր քրտինքը կթափե այդհողում, որպեսզի ապագայում մխիթարվի այն մտքով թե ինքն իրավամբ կրում է արարչի պատկերը, վասնզի կարողացավ «ինչն ստեղծել ոչնչից»: Պատմության մեջ հայտնի բազմաթիվ անձինք նշանավոր են դարձել և ազգերի ու սերունդների սերն ու սիրտը գրավել ոչ այն պատճառով, որ իրենց անձն են սիրել, կամ շահը խնամել,այլ որովհետև նվիրվել են հասարակաց բարվույն, ժողովրդին ու հայրենիքին: Դրանցից շատերը սկսել են գործել ամենաաննպաստ պայմաններում, շարունակ արգելքների ու հալածանքների հանդիպելով. բայց որովհետև ունեցել են հաստատուն կամք, որովհետև անկեղծորեն սիրել են ժողովուրդը, ուստի և հաղթել են ամենարգելքների և ստեղծել աշխարհում հոյակապ գործեր: Մենք էլ, ուրեմն, գործելու ժամանակ առաջնորդ ունենանք պատմության հերոսներին և ինչ աննպաստպայմանում էլ որ սկսենք մեր գործը, հիշենք այն իմաստուն նշանաբանը, որ փորված է եղել մի հին կացնի վրա` «կամ կգտնեմ ճանապարհը և կամ ինքս բաց կանեմ»:Այսպիսի որոշումով գործել ցանկացող մարդուն արգելքը չի վհատեցնիլ, այսպիսի մարդու առաջ ժայռերն անգամ կհալվին…»:
Այս եղանակով դեռ երկար խոսեց նախագահը, որ ճեմարանի նախկին սան լինելով վարժ էր հայ լեզվով ճառ արտասանելուն, ուստի երբ ավարտեց, ուսանողները ոգևորված ծափահարեցին նրան: Ապա սկսան ամեն կողմից հանդիսավոր խոստումներ անել այն մասին թե` արդարև, կյանքի մեջ մտնելուց հետո պիտի նվիրվին հասարակաց շահին: Երիտասարդներից ոմանք, մինչև անգամ, իրենց ապագա գործունեության ծրագիրն առաջարկեցին, ոմանք էլ այդ ծրագիրը պակասավոր գտնելով, ավելի ընդարձակ խոստումներ արին: Գտնվեցան իհարկե և այնպիսիներ, որոնք համեստությամբ խույս տվին թե՛ ծրագիր առաջարկելուց և թե՛ այն քննադատելուց:
Բայց բոլոր խոսողների մեջ ավելի դրական և կշիռ ունեցող խոստումն արավ Պետրոս Կամսարյանը, որ մի բարեկազմ և գեղեցիկ արտաքինով երիտասարդ էր: Լինելով հարուստի զավակ, նա միևնույն ժամանակ բարեսիրտ էր և դյուրազգաց, կարիքի ժամանակ օգնում էր ընկերներին և ուսանողական աշխատությանց մասնակցում սիրով: Բայց լինելով ի բնե զգույշ և կարգապահ, ամեն ինչ անում էր չափով ու կանոնով: Նույնիսկ օգնության կամ աշխատությանց վերաբերյալ գործերում, նա յուր համար ուներ որոշ չափ ու կշիռ: Ատում էր ինչպես անհոգություն, նույնպես և ամեն ծայրահեղություն, ուստի և խույս էր տալիս այնպիսի ընկերներից, որոնք ներկայացնում էին իսկական ուսանողի տիպ. այսինքն, լինում էին անփույթ` վաղվա պարտքի նկատմամբ, անհաշիվ` իրենց ծախսերի մեջ,անտարբեր` դեպի կարգ ու կանոնը, մաքրասիրությունը և ճշտապահությունը: Եվ թեպետ այս պատճառով նա ընկերներից ստացել էր պեդանտ մականունը,այսուամենայնիվ, այդ բանից նա չէր վիրավորվում, որովհետև փորձով գիտեր, որ անկարգ ու անկանոն եղանակով ապրողները միշտ այդ անունով են մկրտում կարգապահ մարդկանց, որպեսզի դրանով իրենց թերությունը ծածկեն:
Այս իսկ պատճառով ուսանողներն ապշեցան, երբ Կամսարյանը հանդիսաբար հայտնեց թե որոշել է քննություններից հետո վերադառնալ հայրենիք և իրեն նվիրել յուր ազգակիցների ամենից ավելի օգնության կարոտ դասակարգին, այսինքն` մտնել գյուղը և այնտեղ հիմնել օգնության մեծ գործ, հատկացնելով այդ նպատակին`յուր հարուստ հորից իրեն հասանելիք ժառանգությունը:
Սկզբում ընկերները, կարծես, չհասկացան այդ հայտարարության միտքը և նայում էին իրար հարցական հայացքներով: Բայց երբ երիտասարդը կրկնեց յուր որոշումը ավելի մեկին և հաստատապես, ներքնահարկի դահլիճը թնդաց կեցցեների որոտընդոստ ձայներից և մի քանի ուժեղ ձեռքեր բարձրացրին Կամսարյանին դեպի առաստաղը և սկսան շրջեցնել դահլիճի շուրջը` շարունակ «կեցցե» գոռալով և «Հերիք, ընկերք» երգելով: Աղմուկը դադարելուց հետո Պետրոս Կամսարյանի հայտարարությունն ընդունվեց ուսանողների պաշտոնական գովեստով և իսկույն էլ մուծվեցավ արձանագրությանց տետրակը:
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
На этой странице вы можете прочитать онлайн книгу «Առաքյալը», автора Մուրացան. Данная книга имеет возрастное ограничение 12+,.. Книга «Առաքյալը» была издана в 2017 году. Приятного чтения!
О проекте
О подписке