Читать бесплатно книгу «Գթության քույրեր» Մուրացան полностью онлайн — MyBook

2

«Երկու տարի առաջ, – սկսավ լեհացին յուր պատմությունը, – մասնավոր լաբորատորիաներից մեկում, ուր ես լաբորանտի պաշտոն էի կատարում, նիտրոգլիցերինով արած մի փորձի ժամանակ տեղի ունեցավ մի անսպաս պայթյուն: Որովհետև փորձը ես էի կառավարում, ուստի պայթյունից առաջացած վնասն էլ հանդիպեց ինձ: Փշրված անոթի մասերը այնպես էին հարվածել աջ թևս, որ ես իսկույն էլ ուշաթափ էի եղել: Առաջին անգամ որ աչքս բացի, տեսա ինձ հիվանդանոցում, շրջապատված սպիտակազգեստ բժիշկներով: Դրանցից մինը բռնած էր թևս, մյուսը հավաքում ու կապկպում էր մսաները, որոնք մի քանի տեղերից պատառոտված կախված էին: Թևիս այդ վիրալից տեսքը բավական եղավ որ ես նորից ուշաթափվիմ, կամ, գուցե, այդ պատահեց շատ արյուն կորցնելուց: Կան մարդիկ, որոնք ամուր սիրտ ունին և կարող են անվրդով դիտել ոչ միայն ուրիշների այլև իրենց անձի վրա կատարված անդամատությունը:

Իսկ ես, ընդհակառակը, ոչ միայն ինձ, այլև ուրիշներին պատահած այդպիսի դժբախտության անկարող եմ նայել:

Երբ երկրորդ անգամ աչքերս բացի, կուռս արդեն փաթաթած, կապած Էին: Ի՞նչ Էին արել նրան, չգիտեմ. միայն թե զգում էի խիստ ցավի մի մրմունջ, որ հաճախ նետի պես կռանս ոսկորից անցնելով` խփում էր սրտիս և ամբողջ Էությունս ցնցում: Ներկա եղող բժիշկներից մինը, երևի ինձ սիրտ տալու համար, հայտնում էր յուր զարմանքը, որ այդպիսի «չնչին» վնասվածքի պատճառով այդպես տագնապում էի: Իսկ մյուսը հուսադրում էր թե` շուտով պիտի հանգստանամ, ըստ որում գործ դրած կոկայիտը թույլ չի տալ, որ ցավերը երկար շարունակվին: Բայց դրանցից ավելի իմ ցավերը մեղմելուն օգնում էր մի ձեռք, որ իմ սնարի կողմից մերթ ընդ մերթ մոտեցնում էր քթիս մի ինչ-որ Էֆիրի սրվակ, որից փչող սուր հոտից առ վայրկյան հանգստանում էին սրտիս խփող ցավերը: Այդպիսի վայրկյաններից մինում ես նկատեցի, որ այդ ձեռքը քնքուշ էր ու սպիտակ, ինչպես մարմարիոն. նա ուներ փոքրիկ դաստակ, երկար, բյուրեղյա մատներով: Սրվակն այդ սիրուն ձեռքում, կարծես, հետզհետե ավելի էր ուժ ստանում և ավելի արագ ներգործում իմ նյարդերի վրա, անզգա դարձնելով նրանց դեպի ցավերը:

Երբ բժիշկները սենյակից ելան` հայտնելով, որ երեկոյան նորից կգան ինձ տեսնելու, առաջ անցավ սիրուն ձեռքի տերը, որ գթության քույրերից մինն էր և աթոռակն առնելով` դիմացս նստեց:

– Այժմ ինչպե՞ս եք զգում, ցավերը չե՞ն անցնում, – հարցրեց նա քնքշությամբ:

– Շնորհակալ եմ, կարծես, անցնում են, – ասացի ես և սկսա դիտել գթության քրոջը, որ երիտասարդ մի աղջիկ էր, նրբակազմ և գեղեցիկ: Նա հագած էր սև շրջազգեստ` սպիտակ գոգնոցով, որի կրծկալը ուներ կարմիր խաչանիշ: Իսկ գլուխը կիսով չափ ծածկած էր կտավի ձյունափայլ գլխանոցով, որի մեջ նրա դեմքը` յուր ծովի աչերով, երկար արտևանունքներով, փոքր ու ողորկ քթով և ժպտուն բերանի կարմրալար շուրթերով, չքնաղ լինելուց զատ, ուներ մի ինչ-որ գերբնական գրավչություն, որը չէր կարելի անվանել ուրիշ բան, բայց եթե սիրո ու գթության արտահայտություն:

Միջանկյալ պիտի ասեմ, որ ես, առհասարակ, գեղեցկության սիրահար եմ: Մեռնելուս ժամին իսկ` եթե երկու սիրուն աչեր իրենց ժպտուն հայացքը հառեն ինձ վրա, կարող եմ հոգեդարձ լինել… ինչ էլ որ չխոսեն մարդիկ կանանց ներքին արժանավորությունների մասին, որքան էլ վերջինս չգերադասեն կնոջ արտաքինին, այսուամենայնիվ, ես միշտ պիտի մնամ այն կարծիքին թե` կինը զորավոր է միայն այն ժամանակ, երբ ներքին արժանյաց հավասար` ունի և արտաքին գեղեցկություն: Դրեք Կանտի խելքն ու Գյոթեի հանճարը մի տգեղ ու զառամ կնոջ մեջ և պահանջեցեք, որ ես կենակցեմ նրան իբրև ներքին արժանավորություններով օժտված կնոջ…: Խոստովանում եմ, սիրով կզրկվիմ թե Կանտի խելքի և թե Գյոթեի հանճարի ինձ տալիք բարիքներից, միայն թե ամեն օր իմ աչքի առաջ չունենամ իմաստուն տգեղությունը: Եվ դուք մի կարծեք թե` թեթև բնավորությունն ու բարվոք խորհելու պակասությունն է որ գերի է դարձնում մեզ ճշմարիտ գեղեցկության, ոչ. դա ինքը բնությունն է, որ գործում է մեր մեջ յուր անշեղ օրենքներով, հարկադրելով մեզ` ընտրել միշտ լավագույնը` նմանն արտադրելու համար: Եվ ընտրության այդ ձգտումը չէ նայում ոչ տեղի, ոչ ժամանակի վրա. նույնիսկ մեր մարմնի տկարութ յունը հաճախ տեղի է տալիս այդ թաքուն ձգտման, մոռացնելով մեզ յուր գոյությունը: Եվ իրավ, մի՞թե կարելի էր երևակայել թե` այնպիսի մի ճգնաժամում, որի մեջ գտնվում էի ես, կարող է մարդ յուր ցավը բոլորովին մոռանալ` լոկ մանկամարդ մի կնոջ գեղեցկությունից գրավվելով, հարկավ, ոչ: Բայց ես մոռացել էի: Մի ժամանակ տեսա որ ոչինչ այլևս չէ ցավում վրաս: Գթության քրոջ այն հարցին թե` – ինչի՞ց առաջացավ պայթյունը, ես սկսել էի պատասխանել ավելի քան մանրամասնորեն` ծանոթացնելով նրան ոչ միայն պայթյունի հանգամանքներին, այլև բացատրելով նիտրո-գլիցերինի էությունը և նրա ահավոր զորության գաղտնիքը: Մի փոքր ևս, և ես, գուցե, սկսեի պատմել թե` ինչպե՞ս է գտել նրան Սոբերրը, քիմիկոսը և թե ինչպե՞ս նրանից Ալֆրետ Նոբելը շինել է դինամիտ և այլն: Բայց գեղեցիկ քրոջը կանչեցին այդ միջոցին և նա սիրաժպիտ «առայժմ ցտեսություն» ասելով հեռացավ:

Երբ ես մնացի միայնակ, զգացի, որ թևս դարձյալ ցավում է, թեպետ ոչ առաջվա նման սաստիկ: Իսկ օրվա ընթացքում գթության քույրը դարձյալ մի երկու անգամ մտավ սենյակս և միշտ էլ քաղցրաժպիտ առողջությունս հարցրեց և դուրս գնաց:

Երեկոյան դեմ` ներս եկան բժիշկները և ինձ ասացին հետևյալը.

– Որովհետև դուք այժմ այնքան հանգիստ եք, որ կարող եք լսել մեր զեկուցումը, ուստի հայտնում ենք ձեզ, որ ձեր թևը ողջացնելու համար միայն երկու միջոց կա, – առաջինն ու դյուրինը, որի հետ չեն կապված մեծ նեղություններ և որը, ոչ միայն երկար չի տանջիլ ձեզ, այլև ապագայի համար վտանգավոր հետևանք չի ունենալ, այն է, որ ձեր թևը կիսով չափ կտրենք: Իսկ երկրորդն ու դժվարինը այն` որ այդ թևը պահելու նպատակով` երկար օրերի, գուցե և ամիսների ընթացքում պատճառենք ձեզ ծանր և անտանելի տանջանքներ, որոնք պիտի առաջանան հաճախ ձեր վերքերը բանալուց, լվանալուց, պատռվածքները կտրելուց և երբեմն նրանց նորից քակելուց, դեղեր դնելուց և այլն և այլն:

– Օ՛, անկարելի է. ես չեմ թողնիլ որ թևս կտրեք, – բացականչեցի ես. – պատրաստ եմ, թեկուզ, ամբողջ տարի տանջվել, միայն թե իմ կյանքում չմնամ կռնատ:

– Եթե այդպես է, ամրացրեք, ուրեմն, ձեր սիրտը մի շարք տանջանքներ կրելու համար, – խոսեց գլխավոր բժիշկը, – բայց կրկնում եմ, դրանք դժվարատար կլինին:

– Հոգ չէ, թող լինին. գոնե ձեռքիցս չեմ զրկվիլ, – ասացի ես: Բայց, միևնույն ժամանակ, երկյուղ կրելով բժշկապետի խոսքերից, հարցրի թե` արդյոք չե՞ն կարող իմ վերքերը քրքրելուց առաջ` քնացնել ինձ քլորուկով:

– Այդպես էլ կանեինք` միանվագ անդամատելիս, – պատասխանեց բժիշկը, – բայց հաճախ դարմանադրության ժամանակ այդ անկարելի է. նախ այն պատճառով, որ յուրաքանչյուր քնացման հետ կապված են որոշ դժվարություններ և երկրորդ, որ դուք, ինչպես այսօր տեսա, սրտի թուլություն ունիք և չեք կարող հաճախակի քնացման ենթարկվիլ, առանց վտանգելու ձեր առողջությունը:

– Ուրեմն սկսեցեք, կաշխատեմ համբերել. – ասացի ես:

– Եթե հաստատապես որոշեք, կարող եք համբերել:

– Իհարկե, կարող է, տղամարդ չէ՞, – հարեց մյուս բժիշկը:

– Իսկ ես կարծում եմ, որ պարոնն այդ դեպքում ոչ միայն համբերություն, այլև օրինակելի արիություն ցույց կտա, – խոսեց գթության քույրը` գեղանի աչերն ինձ վրա հառելով:

– Կաշխատեմ… – ասացի ես և նրա քնքուշ հայացքն ու ժպիտը, կարծես, ուժ տվին ինձ ամեն տեսակ տանջանք անտրտունջ կրելու:

Առաջին անգամից իսկ, երբ իմ թևը բացին և սկսեցին նրա վերքերը լվալ, ես զգացի, արդարև, սաստիկ սուր ցավեր: Դրանք անտանելի դարձան, մանավանդ, երբ փորձեցին մի երկու տեղ պատռվածքը կարել: Եվ, սակայն, զարմանալի է, այդ ցավերը չէին թափանցում սիրտս այնպես շեշտակի, ինչպես այդ լինում էր առավոտը, երբ առաջին անգամ էին թևս կապկպում: Ես մտածում էի թե` գուցե սիրտս ամրացել է մի քանի ժամվա ընթացքում: Բայց շուտով պարզվեց, որ այդ չէ պատճառը, այլ այն` որ գթության մանկամարդ քույրը յուր սիրուն աչերն ինձ վրա սևեռած` ամեն անգամ, երբ ես ցնցվում էի ցավից, կամ դեմքիս տանջանքի նշան արտահայտում, ինքն էլ ինձ հետ, կարծես. տանջվում էր յուր ներսում, մերթ անուշ ժպիտը դեմքից վանելով, մերթ նրան կսկիծի ստվեր խառնելով… Ահա, հենց այդ պատճառով ես աշխատում էի արիանալ և չզգալ այն ցավերը, որոնք պատճառում էին ինձ բժշկի մատների յուրաքանչյուր շարժումը, սպունգի լվացումը, դարմանի հպումը, որպեսզի գթության մանկամարդ քույրն ևս չտանջվեր ինձ հետ:

Թե ա՞յդ միտքն էր, իսկապես, իմ ցավերի դեմ ինձ արիացնողը, այդ բանին ես համոզվեցա, երբ գթության քույրը, մի ինչ-որ դեղ բերելու համար, հեռացավ մեզնից մի քանի վայրկյան: Իմ ցավերն, այդ ժամանակ, կարծես, սաստկացան, մինչդեռ երբ նա դարձավ, նորից սկսան հանգստանալ: Եվ սակայն դա իսկապես, հանգստություն չէր, այլ համբերելու համար գործ դրված ուժի մի տեսակ լարումն, որ դյուրացնում էր տոկալը և, հետևապես, թեթևացնում ցավը:

Բժշկապետն յուր գործը ավարտելուց հետո, գովեց իմ արիությունը և ասաց որ ինձանից նա չէր սպասում այդքան համբերություն:

– Եթե այդպես շարունակվի մեր գործը, – ավելացրեց նա ժպտալով, – հուսով եմ որ շատ շուտով կվերադարձնենք ձեզ ձեր գործարանը` նորից փորձեր անելու:

Հետևյալ լվացումն ու դարմանադրությունը նույն ձևող անցավ, ինչպես և առաջինը: Գթության քույրը դարձյալ դիմացս էր, ուստի տանջանքի զգացում չցուցի, չնայելով որ այս անգամ դարձյալ մի կարվածք անելու փորձն ևս ավելացել էր:

Բայց երրորդ անգամին այնպիսի կսկիծ ու տանջանքներ կրեցի, որ սիրտս ուղղակի թուլանում էր ցավից և ես չէի կարողանում զսպել ինձ` որ չճչամ, կամ բարձրաձայն չհառաչեմ:

Բժիշկը զարմանում էր:

– Անցյալ օրն ու երեկ ավելի պիտի ցավ զգայիր և սակայն դու քաջությամբ համբերեցիր: Այժմ ի՞նչ է պատահել, որ համեմատաբար ավելի թեթև ցավերին չես դիմանում, – հարցրեց նա ինձ:

– Չգիտեմ, այսօր ավելի եմ ցավ զգում, – ասացի ես:

– Այդպես չպետք է լինի… – նկատեց բժիշկը և նայեց վրաս տարակուսական հայացքով:

– Գուցե այն է պատճառը, որ երեկ և անցյալ օր ներկա էր այստեղ ձեր քույրերից մինը…

– Հա՞, հետո՞… – ընդհատեց ինձ բժիշկը ժպտալով ու հոնքերը վեր բարձրացնելով:

– Ես նրա դեմքի վրա նշմարում էի կարեկից զգացմունք դեպի իմ տանջանքը, ուստի ես էլ իմ կողմից աշխատում էի զսպել ինձ…

– Որպեսզի նա չվշտանա՞:

– Այո՛:

– Հա, հասկանում եմ… – բացականչեց բժիշկը ուրախ ծիծաղելով. – ուրեմն սիրուն կնոջ երկու աչերն էլ նույնպիսի դեր են խաղում ցավեր թմրացնելու նկատմամբ, ինչպես որ կոկայիտն ու քլորակը… նշանակիր այս բանը քո հուշատետրում, collega, – դարձավ նա ընկեր բժշկին, – այս առթիվ անպատճառ հարց պիտի զարթեցնեմ բժշկական ժողովում:

Մենք ծիծաղեցինք: Իսկ այդ վայրկյանին ներս մտավ գթության քույրը:

– Սոֆիա Իվանովնա, հատկապես խնդրում եմ, որ ամեն օր ներկա լինիք մեր այս հիվանդի դարմանադրությանը, – դարձավ բժիշկը երիտասարդուհուն այնպիսի մի լրջությամբ, որ անկարելի էր նրա խոսքի հետևում թաքնված ծիծաղը նշմարել:

– Ամենայն սիրով. բայց ես զբաղված էի. բժիշկ Գրոտն այսօր չորրորդ պալատում…:

– Ախ, դուք կամենում եք արդարանա՞լ. – ընդհատեց բժիշկը, տեսնելով որ աղջիկը սխալ է հասկացել իրեն – չէ, մենք չենք մեղադրում ձեզ, որ այսօր չեք եկել, այլ խնդրում ենք, որ այսուհետև ներկա լինիք… ինչպես երևում է, մեր այս հիվանդը արիանում է ցավերի դեմ` երբ տեսնում է յուր առաջ մի քնքուշ էակ, որ կարեկցում է իրեն… անշուշտ ռոմանտիկ է և ընտիր ասպետ… – այս ասելով բժիշկը նորեն ծիծաղեց, իսկ գթության քրոջ այտերը թեթևակի շիկնեցին:

Երբ բժիշկները հեռացան, Սոֆիա Իվանովնան զբաղվեց դեղերի ու վիրակապի մնացորդը հավաքելով և ընդնմին հարցրեց ինձ ժպտալով.

– Այդ դո՞ւք ցանկացաք, որ ես ներկա լինիմ ձեր դարմանադրության:

– Այո՛, – ասացի ես և բացատրեցի պատճառը:

– Բարի և անկեղծ սիրտ ունիք, արժե խնամել նրան… – ասաց գթության քույրը մի առանձին քնքշությամբ և ապա հավաքած իրերը աղախնին հանձնելուց հետո` ավելացրեց, – թեպետ լավ չէ շարունակ ցավի զգացումը զսպել, այսուամենայնիվ, դա անհրաժեշտ է վիրակապի ժամանակ, որպեսզի բժիշկը կարողանա անվրդով իր գործը տեսնել… այդ պատճառով ես կաշխատեմ ներկա լինել միշտ:

– Բայց դուք մի կարծեք թե ես ուժ եմ գործ դնում ինձ զսպելու համար, ոչ, այլ ես, ուղղակի, քիչ եմ ցավ զգում, երբ դուք ինձ վրա նայում եք կարեկցությամբ, – ասացի ես ծիծաղելով:

– Այդ հո ավելի լավ, – հարեց Սոֆիա Իվանովնան և ինքն էլ ծիծաղեց: Բայց, միևնույն ժամանակ, զգալով, որ երկուսս էլ շատ առաջ գնացինք մեր բացատրություններով, «առայժմ ցտեսություն» ասաց ու դուրս գնաց:

Այնուհետև օրերով շարունակվում էր իմ թևի դանդաղ դարմանումը, որին, գրեթե միշտ, ներկա էր լինում, նաև, գթության քույրը: Տեսնելով իմ կրած, արդարև, ծանրատար և, յուր տեսակում, կարի չարատանջ ցավերն ու կսկիծը, որոնց ես, սակայն, ի սեր յուր չքնաղ ծավի աչերի, տանում էի համբերությամբ, գթության քույրը, կարծես, հետզհետե ավելի էր կապվում ինձ հետ հոգվով և նայում վրաս ոչ իբրև մի օտար հիվանդի, այլ իբրև ազգակցի ու հարազատի վրա: Այդ իսկ պատճառով նա հաճախ գտնում էր, նաև, ազատ ժամեր, մոտս նստելու և մտերմորեն խոսակցելու համար:

Այդպիսի մի օր, հարցրի նրան ուղղակի թե` ի՞նչ է պատճառը, որ իր նման մի սիրուն, դեռ կյանքով ու կրակով լի երիտասարդուհին, որ կարող էր թե իրեն և թե իր նման մի ուրիշ երիտասարդի բախտ ու երջանկություն բերել, փակվել է հիվանդանոցի տխուր պատերում և նվիրել իրեն այնպիսի մի պաշտոնի, որպիսին գթության քրոջ պաշտոնն է:

– Ի՞նչ է, միթե ես դրանով, փոքր ծառայություն եմ անում մարդկանց, – նկատեց նա ժպտալով:

– Ոչ թե փոքր, այլ ընդհակառակը, մեծ ծառւայություն եք անում. բայց բանն այն է, որ դուք այդ ծառայությունն ուրիշներին անելով, ինքներդ զրկվում եք շատ բարիքներից: Դա մի առաքինություն է, որ շատ քչերին կարող է սիրելի լինել: Հենց այդ պատճառով էլ ես հետաքրքրվում եմ իմանալ թե` ինչ շարժառիթներ են սիրելի դարձրել ձեզ այդ առաքինությունը:

Գթության քույրը, որ գեղեցիկ լինելու չափ, նաև, պարզասիրտ էր, ուղղակի պատասխանեց.

– Չեմ հիշում թե առաջ մտածած լինիմ մարդկանց որևէ բարիք անելու, թեպետ չարության ի՞նչ լինելն էլ չեմ իմացել: Դեռ տղա հասակից` ես ավելի եսասեր` քան ընկերասեր էի: Այդ առթիվ հաճախ դիտողություն էին անում ինձ շրջապատողներս. բայց իմ հոգը չէր, ես սիրում էի միայն նրանց, որոնք գգվում էին ինձ, առանց իմ թերության ուշադիր լինելու: Բայց ահա՛ պատահեց մեկը (այդ ժամանակ ես դեռ 15 տարեկան էի), որ ծանոթացավ ինձ` հենց իմ եսասիրությունը ծաղրելու շնորհիվ և, սակայն, ես սիրեցի նրան: Դա գեղակազմ մի կադետ է, սիրուն դեմքով, հրապուրիչ աչքերով և վայելուչ շարժվածքով: Հաճախակի տեսակցությունները օգնեցին մեզ` ավելի մոտից իրար ճանաչելու: Այդ ծանոթությունը ծնեցրեց մեր մեջ մի քնքուշ մտերմություն, որն ապա շուտով փոխվեցավ բուռն սիրո: Դժբախտարար կադետը, որ ավարտել էր կորպուսը, պիտի գնար Պետերբուրգ, զինվորական բարձրագույն դպրոց մտնելու: Մենք ստիպված էինք բաժանվել: Այդ անջատումը թեպետ ծանր էր, բայց նա մեր սերը չսառեցրեց, ընդհակառակը, ավելի ևս բորբոքեց: Հինգ երկար տարիների ընթացքում մենք տեսնվում էինք իրար հետ միայն արձակուրդի ամիսներում, երբ երիտասարդը վերադառնում էր հայրենիք: Այդ ամիսները մենք անցնում էինք ամառանոցում` մեր ծնողների հետ, որոնք մեր սիրո վրա նայում էին իբրե մեր ապագա միության գրավականի վրա: Հարկ չկա ասել, որ այդ ամիսները բերում էին մեզ անհուն երջանկություն: Իսկ երբ երիտասարդը հեռանում էր, մենք մեր սիրո զեղումը հանձնում էինք նամակներին, որոնց թիվը մեծ էր լինում և որոնցից յուրաքանչյուրը հաճախ բաղկացած էր մի քանի թերթերից… Ի՞նչ էինք գրում մենք իրար, որտեղից էինք գտնում խոսելու այդքան նյութ, չեմ հիշում, միայն գիտեմ որ այդ նամակները մեզանից խլում էին անթիվ ժամեր և ավելի ևս օգնում մեր սերը բորբոքելուն:

Бесплатно

3 
(1 оценка)

Читать книгу: «Գթության քույրեր»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно