Читать бесплатно книгу «Անմեղ զրույցներ» Մուրացան полностью онлайн — MyBook
image

Բ

Ժամհարի դուրս գնալուց ետ սկսա մտածել ստացածս հրավերի մասին և տեսա, որ դա պատվաբեր բան է: Դրանով, ուրեմն, հասարակության լիազորները հայտնում Էին ինձ իրենց վստահությունը: Կնշանակե ես արդեն արժանի էի դրան… Եվ այդ վայրկենին, ի՞նչ մեղքս թաքցնեմ, սկսա ինքս ինձ ուռչել և հպարտանալ, որովհետև հասկանում էի, թե ի՞նչ է նշանակում երեցփոխանական հաշիվներ քննելու համար եկեղեցուց հրավեր ստանալ: Այդ նշանակում էր, թե ես արդեն կատարյալ մարդ եմ և պիտի նստեմ լիազորների շարքում… իսկ լիազոր ասածդ, մանավանդ այդ ժամանակներում, հասարակ մարդ չէր լինում, հապա աշխարհում երկար ապրած, շատ չար ու բարի տեսած, մեծ փորձառություն և դրա հետ միասին էլ դիրք ու անուն ձեռք բերած անձնավորություն… իսկ այդպիսիների հետ նստելով հասարակական գործի մասնակցելը, – ընդունեցեք, որ գերագույն պատիվ էր:

Այս իսկ պատճառով իսկույն հանեցի հասարակ հագուստս և փոխարենը հագա սև շորեր (ինչպես կվայելեր հասարակական ժողովի հրավիրված մարդուն), ապա հայելու մեջ լրջորեն նայեցի վրաս, փողպատս ու մազերս խնամքով շտկեցի, նոր բուսնող ընչացքիս ծայրերը ոլորեցի և վերջը մորս առաջարկած թեյի երկրորդ բաժակն այնպես արագ խփշտեցի, որ լեզուս այրեցի: Բայց որովհետև այդ անախորժությունը պատահեց ինձ հասարակական գործի պատճառով, ուստի քաղաքացիական քաջություն ունեցա չտրտնջալու:

Երբ դուրս եկա փողոց, ինձ այնպես թվաց, թե հասակս բարձրացել է, որովհետև մեջքս, հակառակ սովորականին, բռնել էի ուղիղ, իսկ գլուխս բարձր: Դրա պատճառը, ես կարծում եմ այն էր, որ հենց այդ վայրկյանին մտածում էի այն մասին, թե որովհետև երեցփոխն ու լիազորները պատիվ են արել հորս փոխարեն ինձ հրավիրելու, ապա ուրեմն ես այնպիսի խիստ ու լուրջ ձևով պիտի վերաբերվեմ քննության գործին, որ նրանք զարմանան և ասեն թե «ա՛յ հասկացող մարդ»: Այդ վայրկենին ես, իհարկե, հիշեցի, նաև ժամկոչի խոսածները և որոշեցի աչքի առաջ ունենալ նրանց քննության միջոցին:

Որովհետև եկեղեցին մոտ էր մեր տանը, ուստի շուտով էլ հասա նրան: Երբ ներս մտա երեցփոխի սենյակը, այդտեղ արդեն բազմած էին ինքը՝ երեցփոխը և ժողովրդական վեց լիազորներ: Նրանք բոլորել էին մի մեծ, սև մահուդով ծածկված սեղան, որի վրա դրված էին ժապավինյալ մատյաններ, հաշվեցույց թերթեր և մի մեծ համարիչ: Սենյակի մի կողմը բռնած էր մի լայն դարակ՝ զանազան բաժանմունքներով, որոնց մեջ դարսված էին զանազան գնի ու մեծության ոսկեզօծ ու հասարակ մոմեր: Իսկ հանդիպակաց պատի ուղղությամբ դրված էին երկու ապակեծածկ մեծադիր պահարաններ, որոնց մեջ կախված էին թանկագին շուրջառներ ու արծաթե բուրվառներ: Իսկ դրանց վերևը շարված մեծագին թագեր, սաղավարտներ և այլ այնպիսի իրեր, որ անկարելի էր թողնել եկեղեցում, կամ հանձնել հասարակ սպասավորի հսկողության: Սենյակի անկյուններում, նույնպես, դրված էին այնպիսի քշոցներ, խաչվառներ ու աշտանակներ, որոնք գործ էին ածվում միայն հանդիսավոր օրերին: Միով բանիվ, երեցփոխի այդ սենյակը նմանում էր ավելի եկեղեցու մի բաժանմունքի, քան այնպիսի մի հարկի, ուր կարելի էր նստել հաշիվներ քննել, կամ նրանց մասին խոսել:

Ճիշտ շրջապատող իրերի չափ լուրջ կերպարանք ունեին և սենյակում բազմողները: Երեցփոխը, որ մի կարճահասակ, առողջակազմ, փոքր-ինչ հաստափոր և վաթսունն անցած մարդ էր, աչքի էր ընկնում յուր խոշոր ու ազդու դեմքով, որն ամբողջապես ծածկված էր գորշախառն մորուքով: Նա ուներ նեղ ու կնճռոտ ճակատ և երկարամազ ու խիտ հոնքեր, որոնք ավելի ևս խտացնում էին խոր ընկած աչքերի հայացքը, թեպետ և դրանք պատսպարված էին լայնագոգ ակնոցներով: Մի առանձին վեհությամբ նա քաշում էր յուր սաթե համարիչը` աշխատելով ցուցահանել ձեռքերի կապույտ ծաղկատիպը, որ, ընդհանրապես, իսկական մահտեսության ապացույց է համարվում:

Երեցփոխի աջ կողմը նստած էր Լալյունց Մեսրոբ դային, իսկ ձախ կողմը՝ Տուտուշենց Մցական բեգը: Առաջինը երեցփոխին հասակակից, բայց նրանից ավելի բարեդեմ մի մարդ էր և քաղաքում հայտնի յուր սնըխչիական (կոտրածը ողջացնող) արհեստով, որով սակայն պարապում էր ոչ իբրև մասնագետ, այլ իբրև սիրող և այդ պատճառով էլ ավելի հարգի էր ժողովրդի աչքում: Երկրորդը նրանից տարիքով պակաս, բայց խիստ հաստափոր մեկը, որ թե՛ խոսելիս և թե՛ ճանապարհը գնալիս շարունակ հևում էր: Սա էլ հայտնի էր քաղաքին իբրև կալվածական վեճերի հմուտ կարգադրիչ կամ նրանց վերաբերյալ խնդիրներ շարադրող, որովհետև քաղաքի հողերը բաժանող մասնաժողովի նախագահն էր: Դրանցից հետո գալիս էին՝ Բալաղուզին և Դաստակենց Ավան ապերը: Առաջինը նիհար և փոքրահասակ, աչքի էր ընկնում յուր միշտ հինայած կարմիր մորուքով. երկրորդը նրանից քիչ հաղթանդամ, բայց տեսությամբ տկար. այնպես որ ձեռքին պատրաստ ուներ միշտ մի մոնոկլ, որով նայում էր հանդիպողին (մանավանդ երիտասարդներին) միշտ մի առանձին ուշադրությամբ: Սրանք երկուսն էլ անորոշ պարապմունքի տեր մարդիկ էին և հայտնի միայն նրանով, որ առաջինն ապրում էր եկեղեցու հարավային կողմը, իսկ երկրորդը՝ հյուսիսային: Ապա գալիս էր Սափարունց Դավութ բեգը, որ թեպետ Մցական բեգի չափ կարճահասակ և հաստափոր լինելով, նրա պես էլ գոտին փորի վրա կապելու տեղ, կրծքի վրան էր կապում, այնուամենայնիվ գիտությամբ բարձր էր նրանից, որովհետև կարող էր ընտիր արզաներ (խնդրագրեր) գրել ոչ միայն կալվածական, այլև քաղաքացիական ու քրեական ամենաբարդ խնդիրների մասին: Ամենից վերջը նստած էր Լղարենց Աբրահամ ապերը, որ մի բարձրահասակ, բայց հեզ ու հանդարտ մարդ էր և երևելի նրանով, որ Դավութ բեգի հարևանն էր:

Ներս մտնելուս պես բոլորն էլ հայացքները սևեռեցին վրաս, իսկ Մեսրոբ դային հեղինակավոր ձայնով նկատեց.

– Ա՛ բալամ, խի՞ եդացար, Էսքան հոգի քեզ ենք սպասում:

– Ներողություն, Մեսրոբ դայի, չեմ եդացել, գուցե ժամկոչն է ուշ եկել, – արդարացա ես:

– Կըլի եր էն հիմարն ա՞ ուշ գնացել, – մեջ մտավ երեցփոխը, կամենալով հաճելի լինել ինձ:

– Լավ, վնաս չունի, Էդ ա Էկել ես, հմի մեր գործը տեսնանք, – համաձայնվեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց.

– Գիտո՞ւմ ես քեզ խի՞ ենք կանչել:

– Կարծեմ երեցփոխի հաշիվներին…

– Հա, երեցփոխի հաշիվներին ձեռք քաշելու (ստորագրելու) համար, – ընդհատեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց – ըստեղ վեց հաշվատեսներ ենք, օխտնջինն էլ (յոթերորդ) քո հերն (հայրն) ա, նա հու ըստեղ չի…

– Երկու օրից կգա, – հայտնեցի ես:

– Երկու օրն ուշ ա. էս հաշիվները սրբազանն ուզել ա. էսօր պետք ա ղրկենք կանդստորը, հիմի մենք վեց հոգիս ձեռք կքաշենք, դու էլ, վնաս չունի, քո հոր տեղ ձեռք կքաշես:

– Շատ բարի, – համաձայնվեցա ես:

– Դե վեր ա՛ռ, Դավութ բեգ, թուղթը հազիր քեզ մոտ ա, առաջ դու ձեռք քաշիր, – կարգադրեց երեցփոխը:

– Ընչի՞, թող առաջ մեծերը (հասակավորները) ձեռք քաշեն այ, Մեսրոբ դային, Աբրահամ ապերը…

– Ա բալամ, էլ ո՞ւր ես մեծ ու պուճուր անում, մենք հասակով ենք մեծ, դու խելքով. վեր կալ ձեռք քաշիր, – նկատեց Մեսրոբ դային:

– Չէ, Մեսրոբ դայի, չի ըլիլ, առաջ դու վեր կալ, – համառեց Դավութ բեգը և հաշվի թերթը մոտեցրեց նրան:

– Լավ, ըդել թող քու ասածն ըլի, – համաձայնեց Մեսրոբ դալին և թուղթն առնելով ստորագրեց բարձրաձայն արտասանելով – Մեսրոբ Թառումյանց… Բա՛, էս ցո-ին հաքին (պոչը) շատ էրկանացավ, հու վնա՞ս չունի:

– Տնաշեն, հինչ վնաս ունի. թող էնքան երկանանա, որ հլա աղվեսի հաքի դառնա, – ծիծաղելով նկատեց Մցական բեգը և թուղթն առնելով ստորագրեց յուր անունը խիստ արագ:

– Բահ, մարդ էլ կարա ըդենց գիր գրի է՛… ես հրես ագռավի չանչյուլներ (չանգեր) եմ քաշիլու, – ասաց Բալա-ղուզին և թուղթն առնելով իրավ որ մի քանի զույգ չանգեր գծեց նրա վրա:

– Ասիլ (իսկական) ստորագրությունն էլ քունն ա որ կա, – գովեց Բալադուզուն Դավութ բեգը, ապա ինքը ևս ստորագրելով թուղթը տվավ Ավան ապորը:

Վերջինս մոնոկլը սազացնելով աջ աչքին, ձախը փակեց և ապա ծնոտը մի կողմ ծռելով և շրթունքները պրպտացնելով` գրեց «Ավանես Դաստակով»:

– Դու էլ տո՛ւր Աբրամին, – կարգադրեց երեցփոխը: Ավան ապերը թուղթը դրավ Լղարենց Աբրահամի առաջը:

Վերջինս զգալով՝ որ լուրջ պարտավորություն ունի կատարելու, սկսավ հանդիսավոր կերպով պատրաստվել դրա համար: Նախ հանեց կապույտ աղլուխը և յուր երկար, լղար քիթը խնամքով նրա մեջ առնելով երկու անգամ ուժգին խնչեց, հետո թաշկինակը ծալելով և գրպանը դնելով, առավ գրիչը նայեց մեկ նրա ծայրին, մեկ էլ ստորագրելի թղթին. հետո գրիչը իրար վրա երեք անգամ թաթախեց թանաքի մեջ, ապա մի վերջին անգամ էլ նայելով գրչի ծայրին թուղթը ջերմեռանդությամբ մոտեցրեց իրեն և սկսավ ծանր ու հանդարտ ստորագրել` «Աբրահամ Բագրատյանց»:

– Դո՛ւ էլ լավ գիր ունես հա՛, – վիզը երկարացնելով և կարմիր մորուքը թղթին մոտեցնելով նկատեց Բալա-ղուզին:

– Գիր ա, էլի՞, լավ-օսալ գրում ենք, մեզանից հու փիլիսոփա դառնող չինելու, – համեստությամբ նկատեց Աբրահամ ապերը:

– Դե հմի դու մնացիր. վեր առ ձեռք քաշի՛ր, – կարգագրեց Մեսրոբ դային՝ դառնալով դեպի ինձ:

Ես թուղթը առաջս քաշեցի և սկսա թերթել: Հավատացած լինելով, որ վեց հաշվատեսները բավականաչափ ծանոթացել են գործին, պարտքս համարեցի, ստորագրությունս դնելուց առաջ, ինքս էլ ծանոթանալ նրան:

Սկսելով կարդալ սկզբից, տեսա, որ հաշվի մեջ հետզհետե նշանակված էին ել և մուտքի անվափոխ գումարներ, խիստ կարճ բացատրություններով, ուստի դիմելով երեցփոխին, ասացի.

– Ինչպես երևում է՝ սա ձեր հաշիվների ընդհանուր ամփոփումն է, ապա ո՞րտեղ են գրված նրանց մանրամասնությունները:

Երեցփոխը նախ մի զարմացական հայացք ձգեց վրաս և ապա մատնացույց անելով ժապավինյալ մատյանները, արհամարհական սառնությամբ ասաց.

– Ա՛յ սրանց մեջ:

– Կարելի՞ է արդյոք նայել և մի քանի գումարներ ստուգել, – հարցրի ես միամիտ քաղաքավարությամբ:

– Հըը՛մ… – արավ երեցփոխը քթի մեջ և չպատասխանեց:

– Ի՞նչ ես ասում… – հարցրեց Ավան ապերը մոնոկլը վրաս ուղղելով:

– Ասում եմ մի քանի գումարներ ստուգեմ:

– Ի՞նչ գումարներ ստուգես, – մեջ մտավ երեցփոխը, այս անգամ արդեն դեմքը խոժոռելով:

– Այ, օրինակ, այստեղ դուք գրում եք. «Ջրօրհնեաց պատրաստության ծախք 34 ռ. 60 կոպ…»: Ես հետաքրքրվում եմ իմանալ թե ի՞նչ ու ի՞նչ բաների են տրված այդ 34ռ. 60 կոպեկը:

– Հը… ըմ, – դարձյալ մնչացրեց քթում երեցփոխը և ապա դառնալով հաշվատեսներին թթված ժպիտով հարցրեց. – ո՞նց եք հավանում սրան:

– Ադա ի՞նչն ես ստուգում, – կես զարմացած և կես վշտացած դարձավ ինձ Մեսրոբ դային:

– Ինչպե՞ս թե ինչն եմ ստուգում… Դուք ինձ առաջարկում եք ստորագրել այս հաշիվներին իբրև հաշվատես. էհ, ես չպետք է նախ սրանց ճշտությունը ստուգեմ, հետո ստորագրեմ:

– Բո՛, բո՛, տես հալա ինչ ա ասում, աղա սա դուքանի հաշի՞վ ա, որ ստուգես. բա ըսկի էս ժամիցը, էս խաչվառներիցը յա քշոցներիցը քաշվում չե՞ս, որ ըդենց բան ես ասում… Սուս կաց որդի, սուս կաց. ջահել ես, մեղքն ու վարձքը չես հասկանում. վեր կալ էդ թուղթը, ձեռք քաշիր ու գնա բանիդ, – խրատական եղանակով խոսեց Մեսրոբ դային:

– Ես չեմ կարող ստորագրել մի թուղթ, որի բովանդակությանն անծանոթ եմ, – պնդեցի ես:

– Տո, էս վեց պատվավոր մարդկանցից ոչ մեկն էլ ա ըդենց բան չասեց, դու էդ ո՞նց ես ջուռիաթ անում (համարձակվում) ասում. բա ըսկի չես ամաչում, – զայրացած նկատեց Դավութ բեգը:

– Որդի, եկեղեցական բանումն ըդենց բան չեն խոսիլ, վեր կալ ձեռք քաշիր, – կամացուկ շշնջաց ականջումս Աբրահամ ապերը:

– Ձեռք քաշիր պրծիր, ուշանում ենք, – նորեն խոսեց Մեսրոբ դային և աչքի ծայրովն էլ առանձին նշան արավ, որ չհամառեմ:

– Չէ, չէ, հարկավոր չէ, – խոսեց երեցփոխը. – հերը կգա ձեռք կքաշի. թող մի երկու օր էլ բանը եդանա, վնաս չունի:

Երեցփոխի հայտարարությունը և այս ու այն կողմից տեղացող մեղադրանքներն այնպիսի մի տպավորություն արին վրաս, որ կարծես թե իրավ, մեծ հանցանք եմ գործել. մանավանդ, երբ հորս անունն էլ հիշեցրին, էլ բոլոր քաջությունս կորցրի:

– Տվեք ստորագրեմ, եթե կամենում եք, միայն թե…

– Միայն թե ի՞նչ, – ընդհատեց Մցական բեգը:

– Միայն թե հարկ եղած տեղը պիտի հայտնեմ, որ առանց կարդալու եմ ստորագրել այս հաշիվը:

– Հարկավոր չէ, հարկավոր չէ. վեր կաց, գնա՛ գործիդ. քո ստորագրությունն իսկի չեմ ընդունիլ, – զայրացած խոսեց երեցփոխը և թղթերը հավաքեց:

– Ա՛ բալամ, դու իստակ ղալմաղալչի ես էլել, – նկատեց ինձ Մեսրոբ դային խիստ վրդովված:

– Ձեր հախն ա. (տեղն է.) ձեզ ո՞վ ա ասում, որ երեկ չէ մեկել օրվա Էրեխան բերք ձեր միջումը նստացնեք, յա չէ, ընչի՞ չեք մտածում, թե ըսենց ջեհելի ստորագրությունն ո՞վ կնդունի, – խոսեց Մցական բեգը և ձեռքերը դարսեց փորի վրա:

Бесплатно

5 
(1 оценка)

Читать книгу: «Անմեղ զրույցներ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно