Читать бесплатно книгу «Զահրումար» Րաֆֆի полностью онлайн — MyBook

Բ

Այսքան բավական է Ճանճուր Իվանիչի արտաքին կերպարանքի մասին, դառնանք այժմ դեպի նրա ներքին աշխարհի նկարագրությունը, այսինքն նրա հոգվո, մտքի, հանճարի և բարոյական կրթության պատկերները:

Բայց ի՞նչ բարություններ, ի՞նչ արդարություն, ի՞նչ ազնվություն, մի խոսքով ի՞նչ առաքինություններ կարելի է պահանջել այն մարդուց, որ խիստ մոտ էր սողում գետնին: Այսինքն մի ցած մարդ, որ պատրաստ էր իրան հարմարեցնել ամենայն ստոր և կեղտոտ հանգամանքների, ուր կային անձնական շահի նպատակներ: Այդ պատճառով կեղծավորությունը, ստախոսությունը, երդումը, հաճոյամոլությունը, օտարի բարին հափշտակելը Ճանճուր Իվանիչը անխայթ խղճմտանքով ներելի էր կացուցել իրան, համոզվելով, թե առանց դրանց ո՛չ միայն չի կարելի փող դատել, այլև կյանք վարել կամ ապրել: Կշեռքում ծանր առնել և թեթև տալ նրա հին արհեստն էր՝ սկսյալ յուր կինտոյության կյանքից: Արշինում պակաս չափելը նա ուսած էր բազազխանում աշկերտության օրերից: Իսկ կապալներում պես-պես խարդախություններ գործ դնել, ինժեներին կաշառելով խաբել, արաղում ջուր խառնել, թունդ սպիրտի տեղ սալդաթներին խմեցնել, դրանք կազմում էին նրա նորոգ գործունեության և արդյունքների գլխավոր աղբյուրները:

Այսպիսի պատվիրանազանցություններ Ճանճուր Իվանիչի համար ներելի էին և փոշետեսակ: Իսկ երբ պատահում էր նրան գործել խոշոր մեղքեր, այդ մասին նույնպես հոգ չուներ նա: Որովհետև կրոնքը շնորհել էր նրան խիստ դյուրին միջոցներ յուր հոգին սրբելու: Տարին մի անգամ, ավագ շաբաթի օրը, նա անխափան պարտք էր դրած յուր վրա հաղորդվել տիրոջ մարմնով և արյամբ և նորոգել յուր քրիստոնեության կապը աստծո հետ: Հաղորդվելուց առաջ նա խոստովանում էր տերտերի մոտ յուր մեղքերը, և նրա խոստովանահայր քահանան այնքան բարի մարդ էր, որ առանց ծանր ապաշխարանք դնելու նրա վրա, թողություն էր տալիս նրա հանցանքներին, մանավանդ երբ խոստովանողը գաղտնի սողցնում էր նրա ձեռքում մի քանի աբասի, այնուհետև մեղքերի քավողը պատրաստ էր արդեն նրա անունը հիշել յուր պատարագի մեջ և բարեխոսել նրա մասին աստծո առջև: Եվ այդ միջոցով Ճանճուր Իվանիչը տարին մի անգամ թոթափում էր ժամտան անկյունում յուր մեղքերի ծանրությունները, և սրբվում էր, որպես, սրբվում է սևացած պղինձը կլեկագործի արհեստով:

Եվ այդպիսով Ճանճուր Իվանիչը հասարակության մեջ իրան հայտնի էր կացուցել ո՛չ միայն իբրև մի բարեպաշտ և արդար հայ քրիստոնյա, այլև որպես մի բարեմիտ և պատվավոր քաղաքացի:

Ի՞նչ էր արգելում նրան զրկվել այդ փայլուն տիտղոսներից:

Նրա մեծակշիռ շարժական և անշարժ հարստությունը բավական էր շնորհել նրան պատվավոր քաղաքացիի համարումը: Իսկ նրա արտաքին բարեպաշտությունը, որով անթերի լցուցանում էր նա յուր կրոնական ծեսերն, բավական էին շահելու բարի քրիստոնյայի կոչումը:

Արդարև, Ճանճուր Իվանիչը երբեք յուր կյանքում պաս չէր կերած, նա չէր լուծում սուրբերի տոները և կիրակիները: Եկեղեցու դռնից կամ կամուրջի վրայից անցնելու միջոցին միշտ պատրաստ էր խաչակնքել յուր երեսը: Թելեթի, Ծիրանավորի, Նորաշենի, Ջիգրաշենի, Մուղնու տոնախմբության օրերում նա ամենայն տարի յուր գերդաստանով գնում էր համբուրելու: Եթե նրա որդիներից հիվանդանում էին, և գուշակող պառավը ասում էր, թե այդ «խեչեմեն» է, նա առանց ուշացնելու հիվանդին յուր մոր հետ ուղարկում էր «ղամիսթեվա» Բեթղեհեմում, կամ մեյդնի եկեղեցում: Եվ այնտեղ այնքան մնում էին, մինչև սուրբը երազում նրանց հրաման էր տալիս տուն դառնալու:

Բացի դրանից, Ճանճուր Իվանիչը ամեն շաբաթ սովորություն ուներ կյուրակե օրերն ժամ գնալ և պատարագ տեսնել: Նա եկեղեցին մտնելու ժամանակ գիտեր բոլոր ծեսերն, թե ո՛րպես պետք է վարվիլ աստծո տան մեջ, այսինքն ե՛րբ ծունը դնել, ե՛րբ երեսը խաչակնքել, ե՛րբ երկրպագություն տալ, ողջույնի միջոցին ի՛նչ ասել, հրաժարիմքի ժամանակ սատանային որպես հայհոյել և այլն:

Տեսնում ես, Ճանճուր Իվանիչը ժամի մեջ կանգնած է յուր սովորական տեղում (իհարկե, ամենապատվավոր տեղում). նրա հաստ շրթունքները շարժվում են, կարծես թե կարդում է աղոթքի նման մի բան: Թեև նա գրավոր աղոթքներ չգիտե, բայց յուր սովորական լեզվով նա չի դադարում յուր ջերմ խնդիրները վեր ուղղել դեպի հավիտենական աթոռը: Եթե մինը ականջ դնելու լիներ նրա աղոթքներին, անշուշտ լսելու էր այսպիսի խոսքեր. «Տեր աստուծ, քուը հոգուն մատաղ, դու նամարդի մոհթաջ չանիս, իմ առուտուրին խեր ու բարաքաթ տաս, իմ գործքերին աջողութին տաս: Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, ազատիր ինձ օրվա շառեմեն, հարևնի բախիլեմեն, սատանի չարեմեն: Տեր աստուծ, քու հոգուն մատաղ, իմ դուշմնիրս փչացրու, ով որ իմ վրա վատ կու խոսե, նրա լիզուն պապանձեցրու, ով որ իմ վնասին չալիշ գուքա, նրա տունը քանդե ու էնպես էլ Կունձու տղի ու Ճուղուր Թաթուխի աչքերը հանե, նրանց տունը բրիշակ արա իրանց գլխին, վուրթիքր չար հրեշտակով սպանե. նրանք ինձ շատ օյին էկան փոդրաթում: Տեր աստուծ, փառք քու ողորմութենին, դու ինձ շատ ես տվի, վուր ոչ մեկին արժանի չիմ, մագրամ դու իմ ջանին սաղութին տու, իմ կինքը երկար արա, վուր էլի փուղ դադիմ, բալքա Միրզոյի տղին հասնիմ: Տեր աստուծ, իմ երեխերքս պահե, նրանց խելք սորվեցրու, վուր քիզ օրհնող ըլիմ: Տեր աստուծ, իմ մամա Օհանեսի, իմ պապ Ծղալորի, իմ դեդի Փեփելոյի հոգիներն լույս դարձրու»: Հետո կցում էր տերունական աղոթքը՝ «Հայր միր, վուր երգին, սուրբ եղիցի անուն քու, եղիցի կամ քո, վուր պես զի երգին. հաց մեզ զանապազոր տուր միզ այսօր, թող միզ զպարտս միզ պարտապանաց, ի մի տանիլ ըզմիզ ի չարեն, միզ ի փորձութին, զի քոյի արքայութին և զորութին, փառք ավիդենից ավիդենաց. ամեն»:

Միով բանիվ, նրա աղոթքների մեջ կային և՛ օրհնություն, և՛ անեծք, և՛ հայհոյանք, և՛ ամենայն ինչ…

Ճանճուր Իվանիչը հասարակության կարգերի, կանոնների, սովորությունների մեջ ուներ յուր փոքրիկ քաղաքավարությունները: Նա, չնայելով յուր մարմնի անհամեմատ հաստությանը, թեքուն եղեգնի նման ծալվում էր ամեն մարդու առջև՝ թե՛ հարստի, թե՛ աղքատի, մանավանդ աստիճանավորի: Նա գիտեր օրվա ամեն մի պահուն ո՛րպես պետք է ողջունել հանդիպողին: Նա գիտեր, որ առավոտյան պետք է ասել «բարի լոլս», կեսօրին՝ «բարև», երեկոյան պահուն՝ «բարի իրիգուն». երբ մութը պատում է աշխարհը՝ «բարի գիշեր»: Նա գիտեր, երբ հանդիպում ես մինին, որ գործում էր, պետք է ասել «բարի աջողում», կամ մինը, որ վաճառում էր՝ ասել «աստված խեր տա»: Նա գիտեր, որ տերտերին ասում են – «օրհնյա, տեր», բայց վարդապետին և եպիսկոպոսին ի՛նչ պետք է ասել, այդ չգիտեր, որովհետև յուր կյանքում դրանց հետ գործ չէր ունեցել:

Ճանճուր Իվանիչը ճշտությամբ կատարում էր յուր երկրում ընդունած քաղաքավարությունների և այլ կանոնները. Զորօրինակ` մինը փռշտալու միջոցին ասել նրան՝ «առողջութին», մինը որ դառնում էր ուխտատեղից, հանդիպածին պես ասել` «օղորմած կենաս». ինքը հորանջելու միջոցին երեսը խաչակնքում էր, որ սատանաներ կամ չար ոգիք բերանից չմտնեն յուր փորը: Եվ փողոցում, երբ հանդիպում էր մեռելի հուղարկավորության, գդակը առնելով կանգնում էր, մինչև անց էին կացնում հանգուցյալը: Ինքը ևս՝ «աստուծ քու մեղքերին թողութին տա» ասելով՝ շարունակում էր յուր ճանապարհը:

Ճանճուր Իվանիչը հայերեն ամենևին կարդալ – գրել չգիտեր և ո՛չ հարգում էր դրա հարկավորությունը, որովհետև յուր փոքրիշատե վրացերեն դպրությունը, որով գրում էր յուր դավթարները, բավական էր նրան. դրանով նա, հայոց ասության ոճով, յուր էշը ցեխից հանում էր:

Ճանճուր Իվանիչը, չնայելով յուր հասարակության մեջ բազմահանճար գիտությանը, համարյա ոչինչ տեղեկություն չուներ յուր ազգային պատմությունից և հայերի կյանքից: Նա չգիտեր, թե ինչո՞ւ ինքը կոչվում է հայ, ուսկի՞ց էր յուր ծագումը, ո՞ւր է նրա հայրենիքը, ունեցե՞լ էին արդյոք հայերը մի ժամանակ անկախ տերություն, և ի՞նչ եղավ հայերի անկման և խղճության պատճառը, և ի՞նչ միջոցներով պետք է ուղղել նրա դրությունը. Ճանճուր Իվանիչը այդ մտածությանց մեջ բոլորովին անզգա էր, և յուր կյանքում երբեք ուշադրություն չէր դարձրած, յուր կարծիքով, այդպիսի սնոտի հարցերի վրա:

Նա, բացի մի քանի առասպելաբանական ավանդություններից, ուրիշ իրողական տեղեկություններ չուներ: Միայն փոքրիշատե համոզված էր, որ հայի հավատը լավ հավատ է նրանով, որ լուսավորիչը խոր վիրապում օձերի և գազանների մեջ կենդանի մնաց, «Ծրթատին» խոզությունից մարդ շինեց և հայոց կրոնի հիմքը դրավ: Այլև նա գիտեր, որ հայի մեռոնը առանց կրակի է եփվում, և Երուսաղեմ, հայոց տաճարում, սուրբ հարության օրը, ամեն տարի լույս է իջնում երկնքից: Բայց գնալ այդ լույսը տեսնել և մահտեսի դառնալու ամենևին ցանկություն չուներ, մին որ՝ ծախսից փախչում էր, մին էլ՝ լսած էր, որ Երուսաղեմում մի աղբյուր կա, որի ջուրը մահտեսիքը խմածին պես գժվում են, այդ պատճառով նրանք սարսաղներ են լինում…:

Այդ բոլոր մեր հիշածները Ճանճուր Իվանիչի համար երկրորդական բաներ էին, որոնք նա, այլևայլ հանգամանքներից ստիպված մտածում էր և գործում: Իսկ այն իրողությունը, որի վրա նա հիմնել էր յուր բոլոր մտավոր և հոգեկան ուժը, որ նա համարում էր յուր կյանքի միակ նպատակը, – էր փողը: Փողը, ասում էր նա, կույրին աչք է տալիս, կտղին՝ ոտք, փողը գժին խելք է տալիս, երկչոտին` սիրտ, փողը տկարին ուժ է տալիս, գերիին՝ ազատություն, փողը սովածին հաց է տալիս, մեռյալին՝ կյանք. ուրիշ ի՞նչ հրաշքներ չէ գործում փողը… Այդ պատճառով Ճանճուր Իվանիչը աստվածությունը երկու էր բաժանում. երկնքի աստվածը, ասում էր, Քրիստոսն է, բայց երկրի աստվածը փողն է: Նրա համար պետք է ապրել, նրան ամենայն հարգությամբ պետք է պաշտել, որովհետև առանց փողի մարդը զրկվում է մարդ լինելուց…:

Ճանճուր Իվանիչի այդ աստվածների մեջ կա փոքրիշատե ճշմարտություն: Բայց թե մինչև ո՛րտեղ սխալ էր նրա կարծիքը փողի մասին, այդ թողնում ենք ընթերցողին ինքնին հարցասիրել, միայն մենք կավելացնենք մի քանի խոսք, թե արդար շահասիրությունը երբեք պարսավելի չէ, մեր աչքի առաջ ունենալով այն իրողությունը, որ աղքատի վիճակը խիստ սարսափելի է, և փողը առաջին դերն է խաղում մեր կյանքի մեջ…:

Գ

Տիկին Բարբարեն, – այսպես էր Ճանճուր Իվանիչի կնոջ անունը, – թե յուր մարմնի կազմվածքով և թե բարոյական, մտավոր կողմերից ձևացնում էր բոլորովին ընդդիմադիր ծայրը յուր ամուսնու հետ, որին արդեն ծանոթ է մեր ընթերցողը: Նա էր մոտ քառասունամյա մի կինարմատ, բարձր և ուղիղ հասակով, լիքր և առողջ մարմնով: Նրա դեմքի գծագրությունն ախորժելի էր և կանոնավոր: Նրա մանկական գարունքի գեղեցկությունը տակավին թողել էր տիկնոջ փափուկ թշերի վրա փոքր-ինչ գունատված վարդագույն կարմիրը, բայց սևորակ աչքերը դեռ չէին կորուսած իրանց նախկին փայլողությունը: Նրա գիսակը տակավին սև սաթի պես սև էր, նրանց մեջ անգութ ժամանակը արծաթաջրել էր հազիվ նշմարելի մի քանի մազեր:

Նա հագնված էր բավական մաքուր և պատշաճավոր կերպով: Նրա գլխի սև թավիշյա ծաղկազարդ թասակրավին, քողարկված նուրբ շղարշով և կապած եռանկյունի ծալվածո ատլասյա թաշկինակով, բավական վայելչացնում էր նրա բոլորակ դեմքը: Ոտից ցգլուխ նրա հագուստը համեստ մուգ գույնի էր: Մի այլ գույն նրա հագուստի մեջ բարակ մետաքսեղեն գոտին էր և գլխի զարդարանքը: Նրա կիսաեվրոպական և կիսաասիական տարազները, այնպես նուրբ ճաշակով հարմարված միմյանց, շնորհալի կերպով վայելչացնում էին տիկնոջ տարիքով հասունացած իրանը:

Որպես ասացինք, յուր ամուսնուն բոլորովին հակառակ բնավորություն ուներ տիկին Բարբարեն: Նա թեև Ճանճուր Իվանիչի նման սնահավատ էր և բոբիկ ոտքով մինչև Թելեթ համբուրելու էր գնում, թուրքի մորթած չէր ուտում, պասին մեղրով էր թեյ խմում, յուր զավակները հիվանդացածին պես դիմում էր հմայող և աղոթող պառավներին, երազների, մարմնախաղերի, կախարդության հավատում էր, – բայց տնտեսական կառավարության, ապրուստի և կյանքի ճոխության մեջ նա ավելի բարեկյաց և առատաձեռն էր, քան յուր ամուսինը:

Տիկին Բարբարեն մեծատան դուստր էր: Նա յուր տասնևութ տարեկան հասակում ամուսնացավ արդեն երեսունևհինգամյա Ճանճուր Իվանիչի հետ: Նրանց պսակը չէր կապված սիրո լծորդությամբ: Բայց նրա ծնողները՝ ցանկանալով ունենալ Ճանճուր Իվանիչի նման, իրանց կարծիքով, վաստակավոր և քաղաքագետ անձը փեսա, գեղեցիկ Բարբարեին ձգեցին այն վայրենի գազանի ճանկերի մեջ, որին երբեք չկարողացավ սիրել:

Նրանց առաջին զավակները ծտղիկը տարավ: Բայց աստված դարձյալ պարգևեց նրանց երեք աղջիկ և մի տղա: Աղջիկներից մինը՝ օրիորդ Սոֆին էր տասնևութ տարեկան, մյուսը՝ Լիզան տասն տարեկան, երրորդը՝ Ելենան ութն տարեկան: Իսկ արու զավակը, օրիորդ Սոֆիից փոքրն էր, Գրիգոլ անունով, տասնևվեց տարեկան:

Նրանց զավակներից ո՛չ մեկը նմանություն չուներ Ճանճուր Իվանիչին. նրանց ամեն մինը որոշ գույն և կազմվածք ուներ: Օրիորդ Սոֆին կրում էր յուր մոր գեղեցկությունը և նրա մարմնի քնքշությունը: Լիզան մի գորշ սևլիկ աղջիկ էր, ցամաք մելամաղձական դեմքով, թուխ, փայլուն աչքերով, գանգրահեր գիսակով: Ելենան ձյունի պես սպիտակ դեմքով, շիկահեր և երկնագույն կապույտ աչքերով: Իսկ Գրիգոլը հիվանդոտ մի պատանի էր, տկար կազմվածքով, շագանակագույն մազերով, գունատ դեմքով և նվաղած, սևորակ աչքերով: Այդ բազմազանությունը նրանց զավակների մեջ առիթ էր տալիս զարմանալ, թե ինչո՞ւ Ճանճուր Իվանիչի նման Գողիաթից հառաջ եկավ այդպիսի մանրիկ սերունդ: Բայց ո՞վ գիտե բնության գաղտնիքները: Մինչև այսօր էլ այդ հարցը մնացել է անլուծելի, թե ինչո՞ւ զավակները ըստ մեծի մասին չեն նմանում իրանց հորը…:

Ճանճուր Իվանիչի զավակներից ո՛չ մինը չգիտեր յուր ազգային լեզուն: նրանց ընտանեկան խոսակցությունը վրացերեն էր: Թեև Ճանճուր Իվանիչը և յուր կինը գիտեին փոքրիշատե կաղ ու կոտոր հայերեն, բայց այն ևս խմորված վրացի և թուրքի, ռուսի և այլազգի բառերով:

Նրանք այդ մասին բոլորովին անփույթ էին, թե ամեն մի անհատը պետք է յուր ազգային լեզուն գիտենա, սիրե նրա գրականությունը և կրոնական ու մտավոր ավանդությունները: Այղ պաճառով նրանք ոչ միայն հոգ չէին տանում իրանց զավակներին հայերեն ուսուցանել, այլ ցավալի է ասել, արգելում էին ևս, մտածելով, որ հայոց լեզուն մի անպիտան լեզու է, և այդ լեզվով խոսելն ամոթ և նախատինք էր բերում մարդուն, որովհետև զոկերին, ղարաբաղցիներին, երևանցիներին, շանճրագներին և կռոներին միայն ներելի էր խոսել հայերեն, որոնք Ճանճուր Իվանիչի կարծիքով, ստոր և կեղտոտ մարդիկ էին: Այդ պատճառով նա նախատինք էր համարում մի այդպիսի մռայլոտ խուժանի բարբառով պզծել յուր զավակների լեզուն, որոնք ո՛չ կռո էին և ո՛չ շանճրագ, այլ «Թիֆլիսի պատվավոր քաղաքացու» զավակներ:

Ճանճուր Իվանիչի գերդաստանի թվումն էին՝ Քիտես իմերել ծառան, բարձրահասակ մի առողջ տղամարդ, զորեղ կազմվածքով, վայրենի դեմքով, գայլի աչքերի նման վառվռուն աչքերով, խճճված թանձր մազերով, և Թինա անունով օս աղախինը, նույնպես առողջ, հաստլիկ, ուռած թշերով, ոչխարի հեզ աչքերով և վայրենի եղջերուի միամիտ և խոնարհ սրտով: Թինային Ճանճուր Իվանիչը բերավ Կովկասի լեռներից, երբ գնացել էր այնտեղ բուրդ գնելու, փոքրիկ Գրիգոլիի համար ստնտու, ամսական երեք ռուբլի վարձով,և խոստանալով ամեն տարի մի ձեռք հալավ տալ յուր կնոջ մաշված հագուստներից: Բայց հավանելով լեռնաբնակ կնոջ հավատարիմ ծառայությունը, Ճանճուր Իվանիչը չկամեցավ բաց թողնել նրան, այլ բեռնավորելով նրա մարդուն՝ Ծերեթելիին, հիսուն ռուբլի պարտքով, խղճալի լեռնաբնակի կինը կապվեցավ անխզելի շղթաներով պարտատիրոջ տան հետ. նա ստիպված էր այնուհետև ծառայել այդ անտանելի գումարի տոկոսի փոխարեն միայն: Երկար տարիներ ողորմելի Թինան ախ ու վախով հիշում էր յուր հայրենիքի ձյունազարդ սարերը, կանաչազարդ հովիտները և մութ մառախլապատ անտառները, բայց նա մի անգամ ևս չկարողացավ տեսնել նրանց, քանի որ ճակատագրական պարտքը ճնշում էր նրանց: Նրա ամուսինը տարենը մի քանի անգամ գալիս էր յուր կնոջ տեսության, բայց նա երբեք չէր երևում նրա տիրոջ տան մեջ բոլորովին դատարկաձեռն, այլ ամեն անգամ բերում էր յուր հետ ընծաներ իրանց սարի բերքերից, որպիսիք են՝ թթու զկեռ, չորացրած հուն և երբեմն մի հնդկահավ: Իսկ Ճանճուր Իվանիչը նույնպես առատաձեռնությամբ արձակում էր յուր հյուրը՝ գնելով նրա համար երկու աբասանոց մի զույգ տրեխ հին ռումբի կաշիից, և տալով նրան յուր մաշված շապիկները կամ արխալուղը, եթե ամբողջ տասնյակ տարիների միջոցում դժբախտաբար վիճակվում էր նրանց մաշվել և թղթի գործարանի նյութ դառնալ:

Տունը, որի մեջ բնակվում էին Հացի-Գելենք, թեև հին էր, բայց բավական ամուր և հոյակապ շինություն էր երեք հարկով: Ճանճուր Իվանիչը ինքը չէր շինել նրան, բայց համարյա՛ կես գնով առել էր աճուրդում (տորգում): Նորա վերին և միջին հարկերը վարձով էին տված, իսկ ներքին հարկի միայն կեսը վարձով կենողներ էին:

Սենյակները, որ ընտրել էին Հացի-Գելենք իրանց կացության համար, զուրկ էին ամենայն շքեղությունից: Լուսամուտները նեղ, ապակիի փոխարեն թղթով կալած, պատերը պատած հասարակ թղթով, հատակի տախտակամածը մաշված, դռները գույնից զրկված, պատուհանները կոտրատված, ձևացնում էին որպես մթին և խոնավ գերեզմաններ: Եվրոպական կահ – կարասիք չկային այնտեղ: Վրաց թախտը, նրա վրա ձգած մի քանի թերմաշ գորգեր և կարպետներ, անկյունում փոշիով պատած սուրբ աստվածածնի պատկերը կացուցանում էին բոլոր զարդարանքը այդ տխուր ու մռայլոտ բնակարանի: Ավելացնելով դրանց հետ և մի հատ դայրա ե դիպլիպիտոն, որ խնամքով քարշ էին արված հյուրանոցի պատից, որոնք Լիզան և Ելենան, իջուցանելով իրանց նվիրական տեղից, կյուրակե օրերը ածում էին, լեզգինկա էին խաղում, մի փոքր կենդանացնելով իրանց տխուր մելամաղձական բնակարանի գերեզմանական լռությունը:

Ճանճուր Իվանիչը, որպես հասարակորեն ասում են, «փողոցի մարդ էր». նա ավելի ուշադրություն չէր դարձնում յուր տան տնտեսական կառավարության վրա, այլ սովորաբար ամեն առավոտ վաղ զարթնում էր, մինչդեռ նրա ընտանիքը քնած էին, շատ անգամ առանց թեյ խմելու, երեսը խաչակնքելով, տանից դուրս էր գալիս և դիմում էր բազար: Նա գտնում էր յուր գործակատարներին յուր խանութը բացած և ամենայն ինչ կարգին դրած. նրանց հարկավոր պատվերները տալուց հետո ինքը դուրս էր գալիս փողոց, ամեն մի հանդիպող մարդուն գլուխ էր տալիս, մի փոքր ծիծաղում էր, կեղծավորում էր, շախուշուխ էր անում. «դու իմ անգին բարեկամս ես» ասելով հեռանում էր, յուր մտքի մեջ կրկնելով «հե՜յ, շուն շան որդի» և այլ հայհոյանքներ դեպի «անգին բարեկամը»: Այնուհետև նա գնում էր դեպի մեյդանը, մանրամասնաբար հարցնում էր ալյուրի, սոխի, մոթալի և ցոցխալի գները, և եթե գտնում էր մի խեղճ թարաքամա կամ վրացի, ուտելու ապրանքը ձեռքին շվար մնացած, ամբողջ ժամեր նրա հետ բազար էր անում, մինչև զանազան հույսեր տալով, խաբում էր այն միամտին և, խղճալու ապրանքն համարյա կես գնով գնելով, մշակի շալակն էր տալիս և տուն ուղարկում: Իսկ եթե չէին պատահում նրան այդպիսի որսեր, «է՜հ, սով է եղել» ասելով ունքերը կիտում էր և հուսահատությամբ հեռանում մեյդանից:

...
6

Бесплатно

5 
(2 оценки)

Читать книгу: «Զահրումար»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно