Ե… քաղաքի մի ետ ընկած փողոցում գտնվում էր միհարկանի տուն, որ որոշվում էր բոլոր տներից իր մաշված պատերով, ցած դռնով և նեղ լուսամուտներով, որոնց նմանը կարելի է տեսնել միայն բանտերի մեջ: Երևի նա շինված է եղել այն դարերում, երբ դեռ եվրոպական ճարտարությունը մուտ չէր գործել այդ քաղաքում, և այժմ հարևան տները փոխել էին իրենց կերպարանքը, իսկ նա մնացել էր իր պարսկական հին ձևի մեջ: Նեղ դուռը ներս էր տանում մի բավական ընդարձակ բակ, որ հովանավորված էր դարևոր թթենիներով, որոնց միջուկը բոլորովին փտել և դուրս էր թափվել, իսկ ծառերը իրանց պատռված փորով ստացել էին հրեշավոր կերպարանք: Նրանց հետ խառն այստեղ ու այնտեղ, անկանոն կերպով, տնկած էին մի քանի ընկուզենիներ, ծերացած ուռիներ և կիսաչոր ծիրանիներ: Խաղողի որթը, փաթաթվելով այս գոսացած ծառերի բունին և վեր բարձրանալով մինչև նրանց կատարը, իր սաղարթախիտ ոստերով թաքցրել էր նրանց մերկությունը, զարդարելով իր գեղեցիկ կանաչությամբ: Չնայելով որ այս ծառատունկը մարդկային բնակության մեջ էր գտնվում, բայց կարծես ադամորդու ձեռքը նրան բնավ չէր դիպել, և ամեն ինչ բուսել, աճել, մեծացել էր իր վայրենի համարձակության մեջ:
Բակի զանազան կողմերում նույնպես անկանոն կերպով գտնվում էին, գետնից հազիվ բարձրացած, մի քանի ծածկոցներ, հնացած, ծխի մեջ սևացած, և ժամանակից քայքայված շինվածքով, որոնք իրանց ողորմելի կերպարանքով լրացնում էին ընդհանուր պատկերի տխրությունը: Առհասարակ այդ տունը այն տպավորությունն էր գործում, որպես թե նրա մեջ բնակվում էր այն լեգենդային ոգիներից մեկը, որ ինքնահաճ համառությամբ չէ ներում ոչինչ նորոգություն, որ սիրում է անշարժ ավերակներ, ուր տիրում է փտությունը մշտական փլատակների վրա…
Այդ տան մեջ բնակվում էր քաղաքի ամենահարուստ մարդը, որին բոլոր գավառում «աղա» էին կոչում: Այդ տան մեջ բնակվում էր Պետրոս Մասիսյանը, որի հետ ընթերցողը ծանոթացավ նախընթաց գլուխներում:
Մասիսյանի անհոգությունը իր տան վերանորոգության վերաբերությամբ չէր առաջ գալիս ժլատությունից. – իսկապես նա ժլատ մարդ չէր, – այլ մի նախապաշարմունքից, որ նրա համար ավանդական էր դարձել: Նրա կարծիքով ամեն մի տուն ուներ իր խորհրդական ներգործությունը բնակիչների վիճակի վրա, այսինքն՝ տան գերբնական հատկությունիցն էր կախված նրանց թե՛ բախտավորությունը և թե՛ անբախտությունը: Կան տներ, որոնց մեջ բնակիչների զավակները մեռնում են, տերերը շատ չեն ապրում, չքավորությունը միշտ կապված է լինում այն տան ճակատագրի հետ, և եթե հարուստ մեկը բնակվելու լինի այնտեղ, շուտով կաղքատանա: Եվ ընդհակառակն, կան տներ, որ բարի ազդեցություն ունեն: Մասիսյանի տունը վերջին տեսակներից էր: Այսպիսի տների բախտը կապված է լինում մի աներևույթ էակի կյանքի հետ. ըստ մեծի մասին նա լինում է մի օձ, որ գլխին գոհարեղեն պսակ ուներ և հազիվ անգամ աչքի էր երևում: Բայց Մասիսյանի տան բախտը մի «ոսկի աքաղաղ» էր իր ոսկի հավի հետ, որոնք շատ անգամ երևացել էին նրա պապերին իրանց ոսկի ճտերով: Այդ մասին Մասիսյանի ընտանիքի մեջ մնացել էր առասպելական ավանդությունների մի ամբողջ շարք, որ անցել էր սերունդից-սերունդ:
Մասիսյանի հոր ժամանակ «ոսկի աքաղաղը» անհետացավ, և այս պատճառով նրա «բախտը քնեց», նա աղքատացավ, իսկ իր օրերում կրկին նա սկսեց գործ դնել իր բարերար ազդեցությունը: «Ոսկի աքաղաղը» կրկին հայտնվելով, կրկին նրա «օջախի» բախտը փոխվեցավ դեպի բարին, – տունը «վրա եկավ» նրան, – և դրա համար, այս տան ամեն մի մաշված աղյուսը, ամեն մի կտոր փտած փայտը ստացավ նրա համար նվիրական նշանակություն, որ պետք էր պահպանել իրանց անփոփոխ ձևի մեջ, որ պետք էր անշարժ թողնել, չիցե թե խանգարվեր տան խորհրդական գաղտնիքը:
Մասիսյանը այն տեսակ հարուստներից չէր, որ մեր մեջ սովորաբար կոչվում են պարսկական բառովս «նովքիսա», այսինքն՝ նոր քսակի տեր, որ նշանակում է՝ աղքատությունից բարձրացած և փողի տեր դարձած մարդ: Այս տեսակ հարուստները զանազանվում են ժառանգական դրամատերերից մի քանի հատկություններով: Դրանք, իբրև «չտեսներ», ամեն արժանավորություն, ամեն կատարելություն արծաթի մեջն են գտնում: Դրանք երևակայում են, թե խելք, գիտության, ազնվություն, պատիվ, մի խոսքով՝ ամեն բան ունեն, որովհետև փող ունեն և սիրում են այս վերջինը յուրաքանչյուր դեպքում երևան հանել, աչքի ձգել:
Դրանք մի տեսակ հրեշներ են, որ իրանց այլանդակությունը ծածկում են ոսկի դիմակով:
Բայց Մասիսյանը հիշյալ տեսակներից չէր: Նա իր հարստությամբ ո՛չ պարծենում էր և ո՛չ հպարտանում, այլ ընդհակառակն, նա խիստ համեստ մարդ էր և աշխատում էր, որքան կարելի էր, սակավ ցույց տալ ժողովրդի աչքին այն, որքան ինքն ուներ: – «Ներսս ինձ է այրում, դուրսս՝ ուրիշին»: – «Գումբազ եք տեսնում, բայց մեջը զորություն չկա»: – «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան թե անունը»: – Ահա այսպիսի առածներով էր բացատրում նա իր վիճակը:
Մասիսյանը այլապես էր մտածում փողի վրա: Ոչ ոք չէ պարծենում, – ասում էր նա, օրինակ, – այսպիսի հարստություններով, որ երկու աչք ունի, երկու ականջ ունի, երկու ձեռք ունի և այլն, որովհետև բոլորովին բնական է համարում: Այնպես էլ պետք չէ պարծենալ փողի վրա, որովհետև դա մի կենսական անհրաժեշտություն է, առանց որի, նրա կարծիքով, մարդը ապրել կարող չէր, և առանց որի պակաս էր մարդու համար մի ամենագլխավոր գործիչ:
Բայց փող ձեռք բերելու և փող պահպանելու համար, բացի «ոսկի աքաղաղից», այսինքն՝ բացի բախտից, Մասիսյանը ուներ իր հատուկ օրենքները: Նրա բարոյականության, նրա ամբողջ գործունեության նշանաբանը բովանդակում էր հետևյալ հայկական առածի մեջ, թե «աշխարհս դմակ է, իսկ մարդը – դանակ», պետք է աշխատի այս յուղալի պատառից կտրել և ուտել, եթե ոչ քաղցած կմեռնի: Իսկ միջոցների մեջ նա զանազանություն չէր դնում. ամեն միջոց նրա համար սուրբ էր, երբ հասցնում էր նպատակին: Եվ այդ բոլորը անում էր նա ոչ թե գիտակցաբար, ոչ թե չարամտությամբ, այլ բոլորովին բնական էր համարում, և այս պատճառով նրա խիղճը միշտ հանգիստ էր:
Մասիսյանը մսավաճառի որդի էր: Նա մանկության հասակում օգնում էր հորը իր արյունոտ գործի մեջ: Մսավաճառը և դահիճը շատ չեն զանազանվում իրանց արհեստով: Մեկը մարդիկ է մորթում, մյուսը՝ անասուններ: Այստեղից Մասիսյանը ստացավ իր բնավորության խստությունը, որ երբեմն նրա մեջ բարբարոսության էր հասնում: Բայց նրա խստասրտությունը ավելի տնային էր և ընտանեկան: Նա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են «տանը սատանա, դուրսը քահանա»: Ընտանեկան շրջանում նա բռնակալ էր, որպես գազան, իսկ դրսումը – գառն: Նրա մարդահաճությունը օտարների հետ հասնում էր մինչև ստորաքարշ ցածության: Նա ուներ սողունի բոլոր հատկությունները: Օձի պես դյուրաթեք և առաձգական էր. դեպի ամեն կողմ գալարվում էր, ծռվում և ծալվում էր: Եվ նույնպես օձի նման իր թույնը թաքցրած ուներ խայթոցի մեջ…
Այսպիսի հատկություններով Մասիսյանը նպատակ չուներ ոչ ոքին խաբելու, ոչ ոքի առջև կեղծավորվելու և ոչ մտածում էր, թե մեղանչում է պատվի դեմ, այլ համոզված էր, թե ուրիշ կերպ լինել կարելի չէ, թե աշխարհը այդ է պահանջում, և իր վարմունքը արդարացնում էր այն սովորական խրատով. «Եթե մտնելու լինիս մի քաղաք և տեսնես, որ մարդիկը միականի են, դու էլ աչքերիցդ մեկը դուրս հա՛ն, որ նրանց նմանես»: – «Սարթ (դյուրաբեկ) ամանը շուտով է կոտրվում», ասում էր նա, պետք է փափուկ լինել, ճկուն լինել, պետք է ամեն կողմ ծալվել, որ կարելի լինի պահպանել իր ամբողջությունը: Մասիսյանի մեջ մտացածին, կեղծ ոչինչ չկար: Ամեն ինչ բխում էր նրա մեջ հաստատ համոզմունքից: Նա հետևում էր իրերի և կյանքի պահանջների ընթացքին, և եթե այդ ընթացքը ձգել էր նրան ծուռ ճանապարհի վրա, նա մեղավոր չէր, այլ մեղավոր էր այն հոսանքը, որ նրան իր հետ էր տանում…:
Մասիսյանը իր ասպարեզը սկսեց «չոդարությունով», այսինքն թողնելով հոր արհեստը, մսավաճառությունը, սկսեց այնուհետև եղջյուրավոր անասուններ գնել գյուղերից և բերել քաղաքը, ծախել մսավաճառներին: Դա մի տեսակ գերեվաճառություն է: Ով որ ճանաչում է «չոդարին»՝ անասնավաճառին, նա մեզ հետ կհամաձայնվի, որ չոդարը բնավորությամբ շատ չէ զանազանվում այն մարդիկներից, որ Աֆրիկայի ափերի վրա կատարում են ամոթալի առևտուր:
Փոքր ինչ հարստանալով, Մասիսյանը ձեռք առեց ուրիշ զանազան տեսակ առևտրական գործեր, և ամենի մեջ «ոսկի աքաղաղը» օգնում էր նրան, մինչև նա եղավ իր գավառի ամենահարուստ մարդը:
Բայց ստոր ծագումից բարձրացած մարդիկ, որպես էր Մասիսյանը, միշտ աշխատում են իրանց տոհմային անցյալը մոռանալ տալ և մի կերպով ազնվացնել նրան: Մասիսյանը թեև հեռու էր ամեն տեսակ փառասիրությունից, բայց այդ ախտից ազատ մնալ չկարողացավ: Ինչը դրդեց նրան, հայտնի չէ, միայն ցանկացավ ունենալ փոքր ինչ փայլուն տոհմանուն: Եվ դրա համար մի մեծ դժվարություն չկար, բավական էր միայն նայել հայոց տարեգրությունների ցանկին և այնտեղից ընտրել մի պատմական անուն: Նա ընտրեց Մասիս անունը, որովհետև մնացյալ բոլոր անունները բռնված էին:
Իր նախնիքների փառավոր անունները գողանալ և հեռու մնալ նրանց առաքինություններից, – դա մեր, այժմյան հայերիս մեջ, նոր բան չէ: Մենք ունինք այժմ Արշակունիներ, Բագրատունիներ, Մամիկոնյաններ, Ամատունիներ, Պահլավունիներ, Կամսարականներ, – և ի՛նչ պետք է մի ըստ միոջե թվել, – մեր լեռների, դաշտերի և գետերի անուններն անգամ միացած են սինլքոր մարդկանց տոհմանունների հետ, այնպես որ, եթե հայոց պատմագիրները նորից աշխարհ գալու լինեին, շատ պիտի զարմանային, տեսնելով, որ մեր բոլոր սպառված նախարարական սերունդը կրկին հարություն էր առել:
Մասիսյանի ընտանիքը փոքր էր: Նրա եղած որդիներից այժմ մնացել էին երկու աղջիկներ և մի տղա միայն: Նրա առջինեկը, մեծ աղջիկը, մեռավ մի ցավալի մահով. նա իրան խեղդեց, պարանոցեն կախ ընկնելով փայտանոցի առաստաղից: Պատճառը մի գաղտնիք էր, որը երևան հանելո՛վ, մենք չենք ուզում վիրավորել անբախտ զոհի հիշատակը… Մեծից փոքրը, երկար ժամանակ սպասելով, բավական պառավելով, երբ նկատեց, որ հայրը իրան մարդու տալու միտք չունի, ծածուկ փախավ հոր գործակատարներից մեկի հետ և գյուղումը պսակվեցավ: Հայրը անիծեց նրանց, բայց շուտով մոռացավ, միայն երբեմն մտաբերում էր այս նախատական բառերով. «այն անզգամը»… Այն օրից աղջիկը բոլորովին զրկված էր հոր տնից, մի քանի անգամ միայն բախտ ունեցավ ծածուկ մտնել հոր տունը մորը տեսնելու համար, որին շատ սիրում էր: Որդին, Ստեփանը, ավարտել էր գիմնազիայում, հայրը արգելեց նրան համալսարան մտնել, մտածելով թե ուսումը վնասակար բան է, կարող է բոլորովին փչացնել նրան: Վերադառնալով հոր տունը, որդին երկար տարիներ անգործ ման էր գալիս գիմնազիստի համազգեստով, և միշտ թախանձելով հորը, որ իրան կրկին ուղարկե ուսումը շարունակելու: Հայրը լսել անգամ չէր ուզում և ստիպում էր, որ խանութը մտնե և այնտեղ առևտուր սովորե: Այստեղից ծագեցան հոր և որդու մեջ անհամաձայնություններ, որ պատճառ տվեցին անվերջ դժգոհությունների:
Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե. առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն: Այդ երկու քույրերի վրա բնությունը կարծես կամեցել էր գործ դնել իր բոլոր համառությունը, մեկին ստեղծելով որպես գեղեցկության օրինակ, իսկ մյուսին՝ նրա հակառակը: Բնավորության կողմից նույնպես նման չէին: Գայանեն, տգեղ, չափազանց մեղմիկ և բարեսիրտ էր: Հռիփսիմեն, գեղեցիկը, նույնքան հպարտ և չար էր: Տգեղի տգեղությունը լրացնում էր երկու ոտների ևս կաղությունը, որի պատճառով ման գալու ժամանակ սաստիկ օրորվում էր: Մարմնով արատավորները միշտ լեզվանի, հեգնող և երբեմն կծող են լինում: Գայանեն իր բարեսրտության հետ զուրկ չէր և այդ հատկություններից:
Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ: Շատ անգամ բախտը, ճակատագիրը, նախախնամությունը, – վերջապես ինչ որ կուզեք անվանեցեք, – բայց կա մի բան, որ զարմանալի կատակներ է խաղում ամուսնական զուգավորության մեջ: Տեսնում ես, – գեղեցիկ կնոջը տալիս է տգեղ ամուսին, իսկ սիրուն տղամարդին` տգեղ կին: Տեսնում ես, խելացի կինը հիմար մարդ է ունենում, իսկ հիմար կինը՝ խելացի մարդ: Տեսնում ես, կարճահասակ տղամարդը բարձրահասակ կին է ունենում, իսկ բարձրահասակ տղամարդը՝ կարճահասակ կին: Կարծես, բախտը ամուսնության մեջ ներդաշնակություն չէ սիրում: Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ: Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր: Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը: Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր:
Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի:
Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ: Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տզամարդերից: Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից. շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում: Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար. ներս մտնելու իրավունք չուներ: Մասիսյանը խստությամբ էր պահպանում այն պայմանները, ինչ որ վերաբերում էր ընտանիքի անմատչելիությանը կամ կանանց սեռի հեռու պահելուն օտար տղամարդի հասարակությունից:
Բայց «խանա-բիչայները», այսինքն՝ տնային փոքրիկ տղա¬սպասավորները, ընդունված են մինչև անգամ պարսկական հարեմների մեջ: Մինչև 12-15 տարեկան հասակը այդ անմեղ արարածները ընդունվում են կանանոցների մեջ: Կալոյի տարիները բոլորովին համապատասխանում էին այդ վիճակին:
Առաջին օրը, – մեծ պասի ավագ ուրբաթ երեկոյան, – երբ նրան տուն բերեցին, ռամիկ գյուղացու օտարոտի կերպարանքը բարձրացրեց ընդհանուր ծիծաղ:
– Դա՞ է նոր բռնած ծառան, – հարցրեց տիկին Մարիամը հեգնական կերպով իր ամուսնից, ոտքից ցգլուխ չափելով Կալոյին, որ նույն ժամում զարմացած նայում էր իր շուրջը:
– Ի՞նչպես է, չե՞ս հավանում, – պատասխանեց նրա ամուսին այրը մի առանձին բավականությամբ. – տեսնո՞ւմ ես, օխտը մարդու բան կբանի, ղոչաղ տղա է. դու մեկ նրա ձեռք ու ոտքին մտիկ տուր, կասես նոր խամից դուրս բերած եզը լինի2:
Վերջին նկատողությունը դուր չեկավ Կալոյի ինքնասիրությանը և նա ասաց.
– Ես եզն չեմ…
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
О проекте
О подписке