Читать бесплатно книгу «Դավիթ Բեկ» Րաֆֆի полностью онлайн — MyBook

– Ինձ երևում էր, թե գտնվում եմ մի դրախտի††††† մեջ, որ զարդարած էր մշտականաչ ծառերով: Որքան նայում էի, վերջ և սահման չուներ այդ դրախտը: Որպես ծառերը, որպես ծաղիկները, այնպես էլ մարդիկը այնտեղ վայելում էին հավիտենական մանկություն: Ծերությունը, մահը և այն բոլոր չարիքները, որ ապականում են մարդու կյանքը, այնտեղ գոյություն չունեին: Այնտեղ թագավորում էր անթառամ, անվերջ կյանք միայն: Տղամարդիկը նստած էին տերևախիտ արմավենիների հովանու տակ, գոհարներով զարդարած օթոցների վրա, և թիկն էին տված մախմուռե բարձերին: Ամեն մի տղամարդի շուրջը պատել էին յոթանասունից ավելի դառահաս աղջիկներ հրաշալի գեղեցկությամբ: Նրանք հագուստի փոխարեն պատած էին սպիտակ ամպի նման թեթև և թափանցիկ մի նյութով: Այդ նազելի արարածները ուրիշ հոգ չունեին, բացի գգվելուց և փայփայելուց այն տղամարդին, որին պատկանում էին: Նրանցից ոմանք, կպած նրա կուրծքին, սանրում էին նրա երկայն ծամերը և մազերը շարում էին մարգարիտներով. ոմանք աչքերին սուրմա էին քաշում, կամ հոնքերը նախշում էին սևադեղով. մի խումբ երգում էր, մյուսը ածում էր ոսկյա քնարների վրա: Ծառերի ոստերից թռչունները ձայնակցում էին հրաշալի երաժշտությանը: Այդ թռչունները այնքան գեղեցիկ էին, որոնց նմանը ես երբեք տեսած չէի. նրանց փետուրների վրա շողշողում էին ծիածանի բոլոր վառ գույները: Նրանք լեզու ունեին, խոսում էին և հասկանում էին մարդու մտքերը: Այնտեղ բոլոր արարածները խոսում էին: Տեսնում ես, սիրուն այծյամը, ոսկյա եղջյուրներով, մոտենում է քեզ և շնորհալի կերպով գլուխ տալով, ասում է` «սալամ ալեյքում» (խաղաղություն քեզ): Լեզու ունեին մինչև անգամ ծառերը և խոսում էին ավելի քաղցր, ավելի ճարտար, քան թե հրեշտակները: Հարկավոր չէր ձեռքը մեկնել և քաղել նրանց պտուղները, բավական էր ցանկանալ միայն, և ահա բարձր արմավենին խոնարհեցնում է իր ճյուղերը և դու քաղում ես, ինչ պտուղ որ կամենում ես. ուզում ես նարինջ – նա կտա քեզ, ուզում ես թուզ – նա կտա քեզ, ուզում ես անանաս – նա կտա քեզ: Մարդիկը կերակրվում էին գլխավորապես համեղ և անուշահոտ պտուղներով, որոնց տեսակներին թիվ և չափ չկար: Նրանք խմում էին կաթ և մեղր, որ բխում էին հստակ աղբյուրներից, և միլիոնավոր վտակներով վազում էին ծաղիկների միջից, ընդունելով նրանց անուշահոտությունը: Բոլորը ինչ որ ուտում էր, ինչ որ խմում էր մարդ, լուծվում էր նրա մեջ, գոլորշիանում էր, և վարդաջրի քարեբույր կաթիլների նման, անզգալի կերպով շոգիանում էր նրա մարմնից: Այլ կերպ արտադրություն չկար: Ապականությունը հեռու էր այնտեղից: Անարատ սրբություն, անվերջ երանություն, անսահման զվարճություն, – այդ էր թագավորում այնտեղ: Մարդկանց սիրտը լի էր բավականություններով, և հոգին ուրախ զվարճություններով: Միշտ, անընդհատ կերպով վայելում էին նրանք իրանց շուրջը պատած անսպառ բարությունները, բայց ոչ հագենում էին և ոչ ձանձրանում: Ամեն մի առարկա նոր ուրախություն, նոր բերկրություն էր բաշխում նրանց: Միօրինականություն չկար: Միևնույն առարկան ամեն մի րոպե, ամեն մի վայրկյան առանձին կերպարանքով էր ներկայանում նրանց, և ամեն անգամ իր հետ բերում էր նոր հրապուրանք, նոր հրաշալիք: Գեղեցիկ, մշտադալար աղջիկները պահպանում էին իրանց հավերժական կուսությունը, որպես նրանց շրջապատող քնքուշ վարդերը, որոնք ոչ թառամում էին և ոչ փոխում իրանց գույնը: Ժամանակը չէր հնացնում նրանց, այլ օրըստօրե մանկացնում էր, բաշխելով նոր թարմություն և նոր չքնաղություն: Նրանք բոլորը ծառայում էին տղամարդերին: Տղամարդերից ամեն մեկը կարող էր ունենալ նրանցից, որքան և կամենար: Գիշեր կամ խավար չկար այնտեղ: Մանիշակագույն պարզ երկնքից արեգակը մշտապես թափում էր իր լուսափայլ ճառագայթները: Ամբողջ տարին տիրում էր կանաչ գարուն, և անձրևի փոխարեն հոտավետ ցողը զովացնում էր ճոխ բուսականությունը: Մարդիկ այնտեղ հոգ կամ վաստակ չունեին. հրաշագործ բնությունը, ինքնահորդոր կերպով, ինքն էր արտադրում ամենը, ինչ որ պետք էր մարդուն: Ամեն կողմից, հրեշտակների հոգու հետ, շնչում էր գոհություն, սեր և խաղաղություն: Ամեն կողմից լսելի էր լինում օրհնություն և փառաբանություն արարչին, որ պատրաստել էր այդ բոլորը: Այնտեղ չարություն, նախանձ, ատելություն չկար: Այնտեղ գայլը գառի հետ միասին էին ապրում: Եվ ի՞նչ առիթ ունեին կռվելու. ամեն ինչ առատ էր, ամեն տեղ տիրում էր անսահման լիություն: Պետք, կարիք կոչված բաները այնտեղ չկային: Ինչ որ ցանկանում էր մարդ – աչքի առջևը պատրաստ էր: Պետք էր կամենալ միայն, իսկ կատարածը չէր հապաղում:

Մելիք Ֆրանգյուլը իր պատանեկության հասակում, գերի ընկած լինելով Պարսկաստանում, երիտասարդությունը անցուցել էր Սպահան քաղաքի մեջ: Այնտեղ մահմեդականություն ընդունելով, ծանոթացավ պարսից գրականության և լեզվի հետ: Այդ հանգամանքները իմամին հայտնի չլինելով, նա բոլորովին զարմացավ. տեսնելով մի հայ, որ այնպես գեղեցիկ լեզվով նկարագրում էր իր երազը: Նա չկարողացավ համբերել, ընդհատեց նրա պատմությունը, ասելով.

– Երանություն եմ տալիս քեզ, ով երջանիկ մարդ, որ դուք բախտ եք ունեցել տեսնել Մուհամմեդի դրախտը, որ նա պատրաստել է իսլամի արդարների համար: Դա մի հրաշալի նշան է, որով մարգարեն կոչում է ձեզ իր գիրկը, մասնակից անելու այն բոլոր բարություններին, որ ուղղափառներըմիայն իրավունք ունեն վայելելու:

– Ես բոլորը չպատմեցի ձեզ, տեր, – պատասխանեց մելիքը տխուր ձայնով, – լսեցեք, թե նրանից հետո ինչ տեսա:

Նա շարունակեց:

– Երբ ես հիացած, խորին հոգեզմայլության մեջ նայում էի այն անհուն վայելչություններին, հանկարծ ոգիներից մեկը մոտեցավ ինձ, ասաց. «Ով մարդ, այստեղ անմաքուրների տեղը չէ, հեռացեք շուտքվ, այստեղ ապրում են սուրբերը միայն»: Երբ ես փոքր-ինչ հապաղեցա կատարելու նրա հրամանը, նա բռնեց իմ մորուքից, և հողաթափի հատի նման ձգեց օդի մեջ: Նրա բազկի թափը այնքան սաստիկ էր, որ ես երկար մղվում էի օդի մեջ, թողնելով իմ ներքև լայնատարած ծովեր, ահագին լեռներ և ընդարձակ դաշտեր: Վերջապես ես ցա ընկա մի անապատի մեջ, որ ծածկված էի վայրենի փշերով և ծակոտող տատասկներով: Ոչինչ այնքան սիրտ ճնշող և տխուր չէր կարող լինել, որպես այդ ավազոտ անապատը: Դեպի որ կողմը նայում էր, կյանքի նշույլ չկար: Ամեն տեղ տիրում էր մեռելային ամայություն: Միայն սև ագռավները երբեմն խումբերով անցնում էին վերևից և իրանց դառն կռնչյունով աղմկում էին օդի մահահրավեր լռությունը: Նրանց ձայնը, կարծես, անեծքի հառաչանքներ լիներ, որ թափվում էր երկնքից, որպես բոթաբեր աղաղակ: Իմ սիրտը կտրատվում էր անհամբերությունից, շտապում էի անցնել, հեռանալ այդ անապատից: Բայց նա վերջ և սահման չուներ: Շուտով սկսեց ինձ պաշարել երկյուղը: Դեպի ո՞ր կողմը գնամ, ի՞նչ անեմ, մտածում էի ես: Կեսօրվա ժամն էր: Արեգակը երկնքից կրակ էր թափում: Գետինը, որի վրա կանաչ բուսականության ոչ մի հետք չկար, տաքացած էր, ինչպես շիկացած երկաթ: Ամբողջ տարածությունը, կարծես, դարերով ջուր չէր տեսած, և պապակվում էր ծարավից: Այնտեղ տեսնում էի ես կմախքի նման նիհար մարդիկ, որ թափառում էին անապատի մեջ: Կարծես, արյուն կոչված բանը չկար այդ ողորմելի արարածների մեջ: Կիսամերկ, պատառոտած հագուստով, բոբիկ ոտներով թափառում էին նրանք տատասկների մեջ: Մարմնացած չքավորությունը, իր բոլոր սոսկալի տառապանքներով, միայն կարող էր նրանց նման լինել: Մի հավիտենական անեծքով դատապարտված, այդ խեղճ մարդիկը, բահի և արորի փոխարեն, իրանց ճանկերով փորում էին կորդացած երկիրը, ցանում էին նրան և ջրում էին իրանց արտասուքով: Երկինքը անձրև չէր տալիս և ոչ երկիրը բխեցնում էր աղբյուրներ: Հողը մերժում էր նրանց ցանքը և իր արգանդի մեջ խեղդում էր ծլած սերմերը: Իսկ այդ թշվառները դատապարտված էին գործելու, միշտ, անդադար գործելու, թեև առանց վաստակի, առանց արդյունքի: Աշխատության ծանրության մեջ նրանք կատարելապես անասնացել էին. մարդկային շնորհք չէր երևում նրանց մոտ: Նրանց արևակեզ զավակները, մրջիմի նման, սփռված էին անապատի մեջ, բույսերի արմատներ էին հանում երկրից և նրանով էին հագեցնում իրանց քաղցը: Ոչինչ չէր կարող այնքան ողորմելի, այնքան անբախտ լինել, որպես այդ մերկ մանկտին, որոնց մոխրագույն դեմքերի վրա ամեևին կյանքի նշույլ չկար: Ավելի թշվառ էր կնիկների դրությունը: Այդ ստրուկները մի րոպե հանգստություն չունեին: Աշխատության մեջ նրանք այն աստիճան կոշտացել, կոպտացել և վայրենացած էին, որ կորցրել էին բոլորը, ինչ որ կանացի է, ինչ որ քնքուշ ու գեղեցիկ է: Մանկահասակը չէր որոշվում պառավներից, բոլորը մաշվել, թառամել էին վաղահաս ծերության մեջ: Հագուստ չունեին նրանք, իրանց մերկությունը ծածկել էին գազանների մորթիներով: Կարծես, մի աներևույթ ձեռք անգթաբար ճնշում էր, հալածում էր, տրորում էր այդ խղճալի հասարակությունը: Բայց որքա՛ն մեծ եղավ իմ սարսափը, երբ նույն թշվառ կնիկների թվում գտա իմ կնոջը և նույն անբախտ մանուկների մեջ տեսա իմ զավակներին: «Այստեղ ի՞նչ եք շինում», – հարցրի ես: – «Մեզ այստեղ բերեցին»… – պատասխանեցին նրանք արտասուքը աչքերում և ընկան իմ գիրկը: Ես չկարողացա երկար հարցուփորձ անել նրանցից, որովհետև իսկույն հայտնվեցավ մի մարդ գազանային դեմքով և մտրակի հարվածներով քշեց նրանց դեպի անապատը, ասելով. «գործեցե՜ք, անպիտաններ»… Ես պատրաստվում էի հարձակվել նրա վրա, բռնել, կտոր-կտոր անել, որ իմ աչքի առջև այնպես բարբարոսաբար տանջում էր իմ զավակներին, – բայց հանկարծ զգացի իմ մեջքի վրա մտրակի մի սաստիկ զարկ և լսեցի նրա սպառնալի հրամանը. «Դե՜ դուք էլ…» – և նա ձեռքով ցույց տվեց անապատը: Ես զարթեցա, բայց ինձ թվում է, որ հենց այս րոպեիս զգում եմ մեջքիս վրա նույն մտրակի դառն ցավը և դարձյալ լսում եմ նրա սպառնական խոսքերը…

Մելիքը վերջացրեց. մի քանի վայրկյան վրանի մեջ տիրեց խորին լռություն, որը ընդհատվեցավ իմամի վարդապետական բացատրությունով.

– Այդ անապատը ներկայացնում է այն կայարանը, ուր պիտի տարվին «գավուրների» զավակները մահից հետո: Այդ դեռ «ջհաննամի» (գեհենի) նախագավիթն է, եթե դուք մի փոքր առաջ գնայիք, պիտի տեսնեիք «մազե կամուրջը» և նրա տակից հոսող հրեղեն գետը, որ թափվում է դժոխքի մեջ և այնտեղ ձևացնում է մի լայնատարած ծով: Հրեղեն ալիքների մեջ դուք կգտնեիք «գավուրների» ամբողջ հասարակությունը և գուցե կճանաչեիք ձեր ազգակիցներից շատերին, որոնք մարգարեի սուրբ հավատը թողնելով, հետևեցին մոլորությունների, և ժառանգեցին աստուծո բարկության հետ նրա հավիտենական տանջանքը: Բայց աստված չէ կամենում, որ դուք մոլորյալների ճանապարհով գնաք, և այդ երազը մի նշան է, որով նա հրավիրում է ձեզ դեպի ուղիղ ճանապարհը, որ տանում է դեպի արդարների հավիտենական երանությունը, որին արժանացաք աչքով տեսնել ձեր երազի սկզբում:

– Ես մի մեղավոր մարդ եմ… – պատասխանեց մելիքը ցավալի ձայնով, – ես զգում եմ իմ բոլոր մեղքերը…

– Մեր օրենքով, – ասաց իմամը լուրջ կերպով – եթե «գավուրներից» մեկը կընդունե մուսուլմանների կրոնը, ոչ թե նրանից, այլև նրա զավակներից մինչև յոթ սերունդ մեղք չի պահանջվի: Նրանք կվայելեն ամենապատվական տեղը Մուհամմեդի դրախտի մեջ:

Մելիքի դեմքի վրա վազեց ուրախության նման մի բան, և մոտենալով իմամին, ձեռքը մեկնեց, բռնեց նրա ձյունի նման սպիտակ հագուստի փեշից, և համբուրելով ասաց.

– Ձեզանից է կախված իմ փրկությունը, տեր, մի թողեք ողորմելույս կորչիլ:

– Ձեր փրկությունը խիստ դյուրին է, – պատասխանեց իմամը նույնպես ուրախանալով, – առայժմ բավական է միայն, որ դուք կարդաք «վկայության հանգանակը»‡‡‡‡‡ և ընդունեք իսլամը, իսկ վաղը մենք կկատարենք թլփատության խորհուրդը:

– Ես պատրաստ եմ:

Իմամը սկսեց նրան բառ առ բառ թելադրել «վկայության հանգանակի» արաբական խոսքերը և մելիքը դպրոցական աշակերտի նման կրկնում էր: Երբ վերջացավ, իմամը գրկեց նրան, և համբուրելով ասաց.

– Այժմ դուք իմ աչքի լույսը և իմ եղբայրն եք և կարող եք նստել իմ մոտ, իմ օթոցի վրա:

Պիղծ «գավուրը» մի քանի արաբական բառեր արտասանելով, դարձավ մաքուր, անարատ մուսուլման: Այժմ իմամը ոչ միայն տալիս էր նրան իր չիբուխից ծխել, այլ պահեց իր մոտ, միասին ընթրիք վայելեցին, և գիշերը մնաց իմամի վրանում, պառկելով նրա հանդերձարանից բերված մաքուր անկողնի մեջ, որին ոչ մի «գավուրի» ձեռք չէր դիպել: Այդ բոլոր գործողությունների ժամանակ դերվիշը լուռ էր և մի առանձին արհամարհանքով նայում էր հայ մելիքի վրա, դժվարանալով հավատալ նրա անկեղծությանը: Մելիքին ճանաչում էր նա. տեսել էր նրան Պարսկաստանի մի հեռավոր քաղաքում… և գիտեր նրա բոլոր գաղտնիքները…

1
...
...
16

Бесплатно

4.57 
(23 оценки)

Читать книгу: «Դավիթ Բեկ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно