Читать бесплатно книгу «Կայծեր Մաս 1» Րաֆֆի полностью онлайн — MyBook
image

Ե
ՄԱՆԿԱՎԱՐԺ ԵՎ ՔԱՀԱՆԱ

Մայրս իմ փոքր հասակից հոգս էր տանում, որ գիր կարդալ սովորեմ և «լավ մարդ» դառնամ: Տասն տարեկան էի, երբ նա ինձ մեր թաղի քահանայի մոտ տարավ: Այն օրը հոգեգալստյան տոնն էր: – «Հոգեգալուստը լավ օր է, – ասում էր մայրս, – եթե երեխան այս օրը վարժատուն մտնե, շատ բան կսովորի, նրա համար որ, հոգին սուրբ այսօր առաքյալներին լեզու տվեց»:

Ես մինչև այսօր չեմ մոռացել այն խոսքերը, որ մայրս ինձ վարժապետին հանձնելու ժամանակ ասաց. – «Տեր հայր, ծառա լինեմ սուրբ աչիդ, որդիս քեզ համար ղուլ (ճորտ) եմ բերել, միսը քեզ, ոսկորը ինձ. ինչ ուզում ես արա, միայն թե երեխաս մի բան սովորի»…

Ես բոլորովին չհասկացա, թե ինչ էին նշանակում մորս խոսքերը, միայն լսեցի, որ տերտերը խոստացավ ինձ լավ ուսում տալ, բոլոր գրքերը կարդացնել, ավելացնելով, թե «հանգուցյալ հայրս» իր լավ բարեկամն է եղել, և «նրա խաթրու» ինձ վրա առանձին ուշադրություն կդարձնե և այլն:

Տեր Թոդիկը – այսպես էր վարժապետիս անունը – իր ուսումը ստացել էր Աղթամարա անապատումը: Թե ինչո՞ւ համար նա թողեց վանքը, – այդ ես չգիտեմ, միայն ասում էին, որ նա բերեց իր հետ գիտության խիստ ահագին պաշար: Տեր Թոդիկը մեծ համարում ուներ ոչ միայն մեր քաղաքի մեջ, այլ մեր ամբողջ գավառում հռչակված էր նրա իմաստությունը: Ով որ մի երազ էր տեսել, նրա մոտն էր վազում և նրանից բացատրություն խնդրում: Ում երեխան հիվանդ էր, նրան Նարեկ կամ Ավետարան էր կարդալ տալիս, որ առողջանա: Ով որ մի գործ էր կամենում սկսել, նրա «տերողորմեայի» վրա էր փորձում իր բախտը: Մի խոսքով, նա մեր գավառի մարգարեն էր. ամեն մարդ նրա խորհրդին էր դիմում, ամեն մարդ նրանից խրատ էր ընդունում…

Աստված իմ, ինչե՜ր չէին պատմում նրա մասին… Ասում էին, տեր հայրը իր եղունգի վրա մի բան է գրում, և այն գրի զորությամբ կնիկները իրանց առջև ծով են տեսնում և իսկույն տկլորվում են… Ասում էին, թե նա մի աղոթք է կարդում, և գարու հատիկների մրջեմի նման բարձրանում են դեպի տան սյունը, և ընդհակառակն, նրա խոսքով արագաշարժ կարիճը քարացած կանգնում է և բնավ չէ շարժվում: Ասում էին, ծտերի բերանը աղոթքով կապում է, և նրանք չեն կարողանում արտերի ցորյանը ուտել: Ասում էին, դևերին, սատանաներին բռնում է, լցնում է ապակյա սրվակների մեջ և այնպես պահում է, որ մարդերին վնաս չտան: – Այսպիսի շատ բաներ խոսում էին նրա մասին, ես բոլորին, բոլորին հավատում էի: Սկզբում իմ վրա սարսափ էին բերում այս խոսքերը, բայց հետո այնքան ընտելացա, որ մտածում էի. – «Տեր աստված, ե՞րբ կլինի, որ ես էլ այդ ամենը սովորեմ և իմաստուն մարդ դառնամ»…

Ի՞նչպես չհավատայի, երբ ամեն օր տեսնում էի նրա տունը լիքն էր հայի, թուրքի, ջհուդի և զանազան ազգերի կնիկներով: Որը տեր հոր համար ընծա էր բերել մի քանի հատ ձու, որը մի աքաղաղ, որը մի շիշ արաղ, որը մի զույգ գուլպա, – վերջապես ոչ մի մարդ դատարկաձեռն ոտք չէր կոխում նրա շեմքի վրա: Ի՞նչ էր նրանց դարդը: Մեկը չբերք էր. տեր հայրը նրա համար մի բան էր գրում, որ երեխա ունենա: Մյուսի տղամարդը ուրիշին էր սիրում. տեր հայրը իր «վեցհազարյակի» շնորհիվ նրա սերը սառեցնում էր օտար կնկանից և իր կնոջն էր սիրել տալիս: Մեկ ուրիշը ուզում էր մարդի գնալ. տեր հայրը իր «թիլիսմանների» զորությամբ նրա բախտը բաց էր անում: – Այսպիսի շատ բաներ անում էր նա, և ասում էին, որ բոլորը կատարվում է…

Իր եկեղեցական պաշտոնի մեջ տեր Թոդիկը նույնպես իր ժողովրդի թե հոգևոր, թե բարոյական մխիթարությունն էր: Ամեն մարդ նայում էր նրան, որպես մի սրբության վրա: Երբ սկսվում էր մեծ պասը, մեր թաղեցիքը սովորություն ունեին կեսավուր ժամից առաջ հավաքվել եկեղեցու բակում մի խուցի մեջ: Վարժապետս գնում էր այնտեղ, նրանց համար կարդում էր և մեկնում էր մի գիրք: Ես մինչև այսօր չեմ մոռացել այն ահագին մեծ գիրքը. նրան կոչում էին «Այսմավուրք»: Նա այնքան ծանր էր, որ հոգիս դուրս էր գալիս մինչև տանում էի եկեղեցու խուցը: Թե ի՞նչ էր գրած նրա մեջ, ես չգիտեի, բայց շատ անգամ գիրքը տանելու ժամանակ մտածում էի. – «Ա՜խ, աստված ջան, ի՜նչ կլինի, որ այդ գրքի բոլոր գրվածները իմ գլխումը լցնես»: Հետո ինձ ու ինձ ծիծաղում էի – «լավ, ասում էի. իմ պստիկ գլուխը ո՞նց կարող է այս ամեն բաները իր մեջ տանել»: Հետո էլի մտածում էի. – «վարժապետիս գլուխը հո իմից մեծ չէ, բա՛ ինչո՞ւ նա ամենը իմանում է»:

Թաղի ծերունիները հավաքված էին լինում եկեղեցու խուցի մեջ, սպասում էին տեր հոր գալստյանը: Ես տանում էի գիրքը, դնում էի փոքրիկ գրակալի վրա, և ձեռքերս կուրծքիս վրա դրած, կանգնում էի այնտեղ: Նա գալիս էր: Ա՜խ, ի՛նչպես պատվով ընդունում էին նրան, մարդ չէր մնում, որ սուրբ աջը չհամբուրե և նրա օրհնությունը չառնե: Նա նստում էր գրակալի մոտ, բաց էր անում գիրքը, կարդում էր և պատմում էր նրա միտքը: Ես մինչև այսօր չեմ մոռացել մի քանի բաներ, որ այն ժամանակ սովորեցա սուրբերի, ճգնավորների, աբեղաների հրաշագործությունների մասին, թե ի՛նչպես նրանք խորոված աղավնիներ էին թռցնում, ի՛նչպես հրեշտակների հետ էին խոսում, ի՛նչպես դևերին բռնում էին և իրանց սպասավորություն էին անել տալիս, կամ ի՛նչպես շաբաթներով ոչինչ չէին ուտում, բայց աստված նրանց համար երկնքից մանանա էր ուղարկում: – Ո՞վ է իմանում, հազար ու մեկ այսպիսի բաներ էի լսում, որոնք լցնում էին իմ սիրտը մի սրբազան ջերմեռանդությամբ, և ես մտածում էի. – «Թող տամ այս փուչ աշխարհը, գնամ սարերը, մտնեմ քարերի մեջ, ճգնավոր դառնամ, որ ես էլ հրեշտակների հետ խոսեմ. որ ես էլ երկնքի մանանայով կերակրվեմ»…

Երբեմն ծերունիներից ոմանք առաջարկում էին վարժապետիս խորին աստվածաբանական հարցեր: Նա բոլորի պատասխանը խիստ խելացի կերպով տալիս էր…

Զ
ԴՊՐՈՑ

Մեր դպրոցը տեր Թոդիկի ավելորդ սենյակներից մեկն էր, անասունների ախոռին շատ մոտ և համարյա կպած նրա հետ: Այն նեղ և խեղդված խուցի մեջ լցված էին թվով մինչև քառասուն աշակերտներ. բացի աշակերտներից, այնտեղ կապած էին տեր հոր նորածին հորթերից երեքը: Ձմեռը շատ լավ էր այնտեղ, թեև վառելիք չունեինք, բայց ախոռից դասատան մեջ ծակված պատուհանները բաց էին անում և ջերմ գոլը մառախուղի պես ներս էր թափվում, մեր դասատունը դառնում էր տաք, որպես բաղնիք: Ո՞րքան ուրախանում էինք մենք… Թեև անասունների շնչառությունից գոլորշիացած ջերմությունը խեղդելու չափ ծանր էր: Ամառը շատ վատ էր այնտեղ, որովհետև ախոռի մեջ գտնված անմաքրությունների խմորվելուց` մի կողմից փչում էր անախորժ գարշահոտություն, մյուս կողմից, գոյանում էին զանազան տեսակ զեռուններ, որոնք լվերի հետ խումբեր կազմելով, ահագին բազմությամբ արշավանք էին գործում դեպի մեր դասատունը: Նրանք այնքան մանր էին, որ աչքը հազիվ էր տեսնում, բայց ո՜րպես սարսափելի կերպով խայթում էին, – այդ միայն աստված գիտե:

Ամբողջ դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից. նրա միջումն էին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբբենարանից, մինչև այն ահագին գիրքը, որ ես հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը, թուրքի մեչիդի նման, բոլորովին մերկ էր. նստարան, աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային: Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով: Վարժապետը միայն իր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նույնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից: Միակ առարկաները, որոնք հիշեցնում էին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր, – էին` ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած…

Ա՜խ, քանի՜, քանի՜ անգամ մենք գողացանք, քանի՜ անգամ կոտրեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից: Նա միշտ կար և կար… Նա միշտ անպակաս մնաց մեր դպրոցից… Երբ ես շատ ուշ, վերջին ժամանակներում, կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թե ի՞նչպես էր պատահել, որ կաթոլիկ եկեղեցու հանճարը, որ այնքան զորավոր էր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չէր առել ֆալախկան – այդ, աշակերտի հոգին մարմինը մաշող գործիքը… Աշակերտի մերկ ոտները դնել այդ պատժական մեքենայի մեջ, պտտեցնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքան հարվածել, մինչև ողորմելի զոհը բոլորովին թուլանա, ուշաթափ լինի, – ահա այդ էր ֆալախկայի նշանակությունը: Ամենաանտանելին այն էր, որ պատժվող աշակերտին ծեծել էին տալիս նրա բարեկամի կամ ամենասիրելի ընկերի ձեռքով: Եթե այդ վերջինը հարվածները թուլացնում էր, կամ հրաժարվում էր ծեծելուց, նրան ևս ենթարկում էին միևնույն գանահարությանը:

Վաղ առավոտյան սկսվում էր դասատվությունը: Վարժապետը մի անկյունում նստած էր լինում, որպես քուրմը իր խորին սրբազնության մեջ: Նրա առջև դրած էր փոքրիկ գրակալը, – այդ նրա ամբիոնն էր: Աշակերտները հերթով մոտենում էին, վարժապետի աջը համբուրում էին, չոքում էին նրա առջև և դասագրքերը դնելով գրակալի վրա, սկսում էին «համար տալ» (դասը ասել): Սովորաբար ամեն մի սխալի համար յուրաքանչյուրն ընդունում էր «խրատի» մի-մի սաստիկ զարկ իր ափի մեջ: Իսկ եթե դասը բոլորովին սերտած չէր, նրա համար պատրաստ էր անիծված ֆալախկան…

Այդ «խրատ» կոչվածը աստծո մի առանձին պատիժն էր. նա շինված էր ամենաամուր փայտից և փոքրիկ թիակի ձև ուներ: Հին գրքերի մեջ գտնված բոլոր ասացվածքները որոնք վերաբերում էին ծեծելու, գանահարության, փորագրված էին նրա վրա: Օրինակ, այսպիսի խոսքեր. «Որ ոչ լուիցէ ունկամբ, լուիցէ թիկամբ», – «Ծառա, որ ոչ գիտիցէ զկամս տեառն եւ արժան ինչ գանի գործիցէ, արբցէ գան սակավ, իսկ որ գիտիցէ եւ մեղիցէ արբցէ գան բազում», – «Դառն է ծառ խրատու, իսկ պտուղ նորա քաղցր»… Խրատելու այդ գործիքն առանձնապես պատրաստվում էր վարժապետների համար, և տեր Թոդիկը` իր ունեցածը, որպես պատմում էր, ընծա էր ստացել իր վարժապետից, որպես հիշատակ և որպես նշան իր մեծաքայլ հառաջադիմության:

Պատիժների մեջ մինչև այսօր չեմ մոռացել մեկը, որը որքան ծիծաղելի, այնքան էլ սարսափելի էր: Աշակերտին կանգնեցնում էին ոտքի վրա և երկու ձեռքով բռնել էին տալիս մի աղյուս կամ ահագին Այսմավուրքը: Նա ժամերով, հնդկական ֆակիրի նման, այդ ծանր գիրքը պետք է պահեր գլխից բարձր, երկու ափերի մեջ: Թևքերը հոգնում էին, ջղերը թուլանում էին, բայց այդ ոչինչ: Գլխավոր տանջանքը նրանումն էր, որ հանցավորը պետք է կանգներ մեկ ոտքի վրա. մյուս ոտքը գետին դնելու համարձակություն չուներ: Սովորաբար ընտրում էին ձախ ոտքը, իսկ աջը պետք է վեր բարձրացած պահեր: Մի աշակերտ մտրակը ձեռին կանգնած էր նրա մոտ, հսկում էր այդ անտանելի մարմնամարզության վրա: Երբ պատահում էր հանցավորին ոտքը գետին դնել, նա իսկույն մտրակով զարկում էր ոտին: Այդ սատանայական պատժին ես այն աստիճան սովորած էի, որ երկար կարողանում էի սագի նման մեկ ոտքի վրա կանգնած մնալ:

Մեր դպրոցն ուներ իր ուրիշ խստությունները:

Վաղ-առավոտյան պետք է դասատուն գայինք բոլորովին անոթի, առանց մի պատառ հաց անգամ բերան դնելու: Թեյի կամ սուրճի գործածությունը այն ժամանակ դեռ մեր երկրում մտած չէր: Իսկ եթե մեր տներում գտնված թանից կամ մածունից նախաճաշիկ անեինք, դրա համար սաստիկ պատիժներ էին նշանակված: Վարժապետն ասում էր. «Կուշտ փորով չէ կարելի դաս սովորել, երբ մարդ մի բան ուտում է, խելքը պակասում է»: Եվ նա օրինակ էր բերում ճգնավորներին, վարդապետներին, որոնք ոչինչ չէին ուտում, բայց իրանցից գրքեր էին շարադրում:

1
...
...
10

Бесплатно

5 
(7 оценок)

Читать книгу: «Կայծեր Մաս 1»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно