Հուլիս ամիսն էր. ճանապարհորդում էի արևմտյան Ռուսաստանում, որտեղից ապա մտադիր էի անցնել Գերմանիա և հանդիպել միջին ու հարավային Եվրոպայի մի քանի քաղաքները:
Կիևից դեպի Վարշավ տանող ճանապարհի վրա, կայարաններից մեկում, իմ նստած կուպեն մտան երկու երիտասարդներ, որոնք իսկույն էլ ծանոթացան հետս` շնորհիվ այն փոքրիկ ծառայության, որ ես արի նրանց` զետեղելով իրենց կապոցները իմ իրեղենների կողքին:
Երիտասարդներից մեկը, ինչպես հետո իմացա, ռուս էր, մյուսը լեհացի. երկուսն էլ շիկահեր, գրավչադեմ և, ըստ երևույթին, զարգացած մարդիկ: Ռուսը, սակայն, բարձրահասակ, ամրակազմ և զվարթերես մեկն էր, խոսում էր այնպիսի ձայնով, որ, ասես թե, հնչում էր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց բերանից: Մինչդեռ լեհացին նրբակազմ էր, դեմքի խաղաղ արտահայտությամբ և խոսում էր մեղմ ու հանգիստ եղանակով:
Երբ սովորական հարց ու պատասխանից պարզվեցավ, որ երեքս էլ գնում ենք Վարշավ, ուրեմն և երկար պիտի ուղեկցենք իրար, լեհացին դառնալով ընկերին` ասաց.
– Այժմ կարող ես պատմությունդ շարունակել, մեզ ոչինչ այլևս չէ խանգարելու:
– Իսկապես, շարունակելու շատ բան չէ մնում, պետք է միայն ավարտել, – նկատեց ռուսը:
– Ուրեմն ավարտել, – հարեց լեհացին:
– Ամենայն սիրով, համաձայնվեց ընկերը և դառնալով ինձ` ասաց. – սա մի պատմություն է, որ ես սկսել էի դեռ կայարանում, գնացքն այդտեղ հասնելուց առաջ:
– Հաճությամբ կլսեմ և ես, եթե թույլ կտաք, – հարեցի ես:
– Օ՛հ, ես այնպես բարձր եմ խոսում, որ ինձ ամենքը կլսեն, նույնիսկ, եթե թույլ չտամ, – ասաց ռուսը ծիծաղելով. – բայց խնդիրն այն է` որ դուք շարունակությունից քիչ բան պիտի հասկանաք:
– Ինձ բավական է, նույնիսկ վերջաբանը, – ասացի կատակով:
– Ուրեմն լավ գուշակո՞ղ եք, – հարցրեց խոսակիցս:
– Նայելով թե` ինչի մասին է պատմությունը:
– Ինչի՞ մասին կարող է լինել երիտասարդների պատմությունը, իհարկե, սիրո:
– Է՛հ, սերը միայն մի պատմություն ունի, – նկատեցի ես:
– Ինչպե՞ս, ուրեմն ես կարող եմ, նույնիսկ, չպատմե՞լ եթե դուք արդեն լսել եք այդպիսի մի պատմություն:
– Ընդհակառակը, դուք կանգ եք առել հենց վերջի վրա. իսկ սիրո պատմությունները, որքան էլ իրար նման, այսուամենայնիվ, ունենում են հետաքրքրական վերջաբաններ:
– Բայց, երևակայեցե՛ք, որ իմը չունեցավ այդպիսին:
– Այսուամենայնիվ, մի վախճան հո ունեցա՞վ, – հարցրեց լեհացին:
– Այո, վախճանը եղավ այն, – հարեց ռուսը, – որ ծնողները մերժեցին ինձ:
– Մերժեցի՞ն:
– Բացեիբաց:
– Պատճա՞ռը:
– Շատ պարզ էր. իրենք հարուստ էին և ազնվատոհմ, իսկ ես` աղքատ և ապատոհմիկ: Նրանց աչքում, իհարկե, նշանակություն չուներ այն` որ ես զարգացած ու բարեկիրթ մարդ էի և ապրում էի իմ արդար վաստակով. բայց նշանակություն ուներ այն` որ ես ծառայող էի: էհ, ինչպե՞ս կարող էին Միրովիչների պես մարդիկ կապել իրենց աղջկա բախտը մի աննշան աշխատավոր Սաբորինի հետ: Այսպես մտածեցին նրանք և խնդիրս մերժեցին:
– Հետո ի՞նչ եղավ:
– Հետո եղավ այն, ինչ որ չէին կարող սպասել: Օրիորդը բացարձակապես հայտարարեց ծնողներին թե` «որովհետև դուք մերժեցիք իմ ձեռը այն երիտասարդին, որին ես սիրում էի, ուստի ես էլ այսուհետև կմերժեմ բոլոր նրանց, որոնց դուք ինձ համար կառաջարկեք փեսացու և կդատապարտեմ ինձ մշտական կուսության»:
– Հետո՞:
– Հետո, էլ ոչինչ. օրիորդը հաստատ մնաց յուր որոշմանը: Նույնիսկ այն օրերը, երբ ես գտնվում էի Վարշավ, նա մերժեց առաջարկությունը երկու այնպիսի անձանց, որոնք հայտնի էին քաղաքում թե իրենց դիրքով և թե հարստությամբ: Երբ նա այդ մասին զեկուցեց ինձ նամակով, ես ապշեցա: Ոչ մի օրիորդ քաջություն չէր ունենալ նման առաջարկություններ մերժելու: Այնուհետև ես հեռացա Վարշավից` ուխտելով` հետևել իմ սիրեցյալի օրինակին:
– Մնալ միշտ ամուրի՞:
– Այո … և հոգվով միացած իմ Մարիի հետ:
– Այդ մեկն իզուր է. քեզ խորհուրդ եմ տալիս, որ հենց այսօրվանից, երթ մենք կմտնենք Վարշավ, ընտրես քեզ համար մի նոր հարսնացու, – ասաց լեհացին ժպտալով:
– Երբեք, իմ ուխտը հաստատ է այնպես, ինչպես և իմ սիրեցյալինը, – բացականչեց Սաբորինը, ինքն յուր խոսքից ոգևորվելով:
– Քոնը, գուցե, հաստատ է, բայց սիրեցյալդ կդրժե յուր ուխտին:
– Անկարելի է: Նրա վերջին նամակը այլևս կասկածելու տեղ չէ թողում: Նա ինձ գրում է թե` որոշել է` ծնողների թախանձանքից ընդմիշտ ազատվելու համար մտնել գթության քույրերի «Սուրբ երրորդության» միաբանական կարգը:
– Նա այդ չի անիլ:
– Կանե. նա կամքի տեր աղջիկ է, – պնդեց երիտասարդը ջերմությամբ:
– Հավատացեք, աշխարհում չկա կամքի տեր աղջիկ և չի կարող լինել. որովհետև աղջկա կամքը գտնվում է միշտ այն տղամարդի ձեռքին, որին նա սիրում է: Իսկ եթե բարեբախտաբար, կամ դժբախտաբար, չէ սիրում ոչ ոքի, ապա նա նմանում է անղեկավար մի նավի, որին քամին տանում է, ուր որ կամենում է: Այդ դեպքում, առաջին պատահած ձեռքը, եթե միայն ուժ ունի, կքաշե նրան յուր ետևից և սա երբեք չի մտածիլ` դեպի խո՞րն է գնում, թե՞ դեպի ժայռերը:
– Այդպիսի կարծիքները, որքան կամենաք, կարող եք այժմ կարդալ կանանց ազատագրության դեմ խոսող գրքերում: Բայց ես համոզված եմ, որ նույնիսկ դրանց հեղինակները չեն ճանաչել կանանց այնպես, ինչպես որ պետք է և շատ բան գրել են ավելի կրքից դրդված, քան թե ճշմարտություն ասելու մտքով:
– Իզուր ես կարծում թե քեզ հետ խոսողը մի հնավաճառ է, – նկատեց լեհացին, – այս անգամ արդեն յուր ձայնին տալով մի զորավոր շեշտ. – իմ կարծիքները ես քաղաքում եմ ոչ թե գրքերից այլ իմ փորձերից:
– Զարմանում եմ, Յա՛ն, որ դու քեզ ավելի փորձառու ես համարում, – դարձավ Սաբորինն ընկերոջը, – ինստիտուտից արդեն հիշում եմ, որ դու այն ժամանակ փոքր էիր ինձանից երկու տարով:
Իմ ուղեկիցներն, ուրեմն, ուսանողական ընկերներ էին և այդ էր, անշուշտ, պատճառը որ մի ռուս ու լեհացի բարեկամաբար էին վերաբերվում իրար, որ հազվադեպ երևույթ էր:
– Եթե այն ժամանակ փոքր էի երկու տարով, հավանական է որ այժմ էլ փոքր լինեմ նույնչափ, կատակեց լեհացին, – բայց խնդիրն այդ չէ. ինստիտուտից ելնելուց հետո անցել են վեց երկար տարիներ, որից հետո մենք այլևս չենք տեսել իրար: Մի՞թե այդքան ժամանակում չէին կարող իմ գլխով անցնել այնպիսի բաներ, որոնք այս կամ այն խնդրի նկատմամբ դարձնեին ինձ փորձառու:
– Ինչո՞ւ չէ, կարող էին:
– Այդ կետում, ուրեմն, չես վիճում ինձ հետ: Բայց որպեսզի դու համոզվես թե, արդարև, իմ կարծիքները հիմնված են սեփական փորձերի վրա, թույլ տուր որ պատմեմ հենց դրա նման մի ուխտի համառոտ պատմությունը, որ գուցե օգնե քեզ` կասկածել մի փոքր, նաև, քեզ սիրող աղջկա կամքի և նրա արած ուխտի հաստատության վրա:
– Պատմի՛ր, լսում եմ:
– Իսկ դուք ընդդեմ ոչինչ չունի՞ք, – հարցրեց ինձ Յանը:
– Ընդհակառակը, ես ևս կլսեմ սիրով:
– Ուրեմն լսեցեք:
Бесплатно
Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно
На этой странице вы можете прочитать онлайн книгу «Գթության քույրեր», автора Մուրացան. Данная книга имеет возрастное ограничение 12+, относится к жанру «Литература 20 века».. Книга «Գթության քույրեր» была издана в 2017 году. Приятного чтения!
О проекте
О подписке