Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց.
– Կարծում ես, թե քո երեք որդիները քեզնի՞ց են։ Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են։
Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը և կինը չասաց։ Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց.
– Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն։ Եվ եղբայրները կռվում էին իրար հետ, մեկն ասում էր, ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ։ Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ։ Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա։ Ով հորը խփեր նետով, և նետը հակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին։
Եվ երկու որդիները խփեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:
Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվեցին հայրենի կայքը։
Առյուծը, գայլը և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի, և մի գառ։ Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին՝ բաժանիր մեր մեջ այդ որսը։
Եվ գայլն ասաց,
– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին։
Եվ առյուծը բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ։
Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, բաժանիր ոչխարները մեր մեջ։
Եվ աղվեսն ասաց.
– Ո՜վ թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ հրամենքին և գառը քեզ՝ ընթրիքին։
Եվ առյուծն ասաց.
– Ո՜վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել։
Եվ աղվեսն ասաց.
– Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան։
Երկու գող բարձրացան մի մեծատան կտուրը և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել։ Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե.
– Այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են:
Եվ մեծատուն մարդն ասաց.
– Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել։
Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատակցին այդ ցնորամիտ խոսքին և, լուսնի շողերը գրկելով, երդիկից վայր ընկան և ջարդվեցին։
Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.
– Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։
Եվ եղեգն ասաց.
– Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։
Մի իշխան կար խիստ չար և անիրավ։ Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին. և իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք։
Գնացին, ասացին իշխանին՝ քո չարության համար աղոթում է այրին։ Եվ իշխանը եկավ և ասաց.
– Ես քեզ բարիք չեմ արել, ո՜վ կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:
Այրի կինն ասաց.
– Քո հայրը վատ մարդ էր, ես անիծեցի, և նա մեռավ։ Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար։ Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես, և քո որդին քեզնից ավելի չար լինի։
Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.
– Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։
Եվ նա ասաց.
– Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։
Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան։ Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը։ Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր։
Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը։ Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանոցում։
Եվ անցավ մի ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց.
– Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան։ Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր։ Արի, և մենք կլինենք առաջվա նման իրար սիրելի և միասին կապրենք։
Իսկ օձը պատասխան տվեց և ասաց.
– Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ։
Էշին ավետիս տվին, թե.
– Ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց։
Եվ էշն ասաց.
– Վա՜յ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան։
Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսը դռնամտից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։
Առյուծն ասաց աղվեսին.
– Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։
Աղվեսն ասաց.
– Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։
Եվ առյուծն ասաց.
– Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։
Աղվեսն ասաց.
– Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։
Առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց։ Եվ աղվեսն ասաց.
– Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով, կչարախոսի մեկին։
Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ։ Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
– Ո՜վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը։ Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի։
Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը։
Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց, գանձերով։
Ուղտը, գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացինք թե ով ավագ է, թող նա ուտի։ Եվ սկսեցին ասել իրենց տարիքը։ Աղվեսն ասաց.
– Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց։
Գայլն ասաց.
– Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ։
Եվ ուղտը, տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ բարձրացնելով ասաց.
– Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները։
Եվ սկսեց հացն ուտել։ Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան։
Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց.
– Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։
Ձին ասաց.
– Ես ձի եմ, և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա։
Եզն ասաց է.
– Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում, և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր։
Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և, առնելով դահեկանը, գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց.
– Այս ի՞նչ է։
Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ։ Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե.
– Ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի։
Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է։ Եվ հետևից վազելով, կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս.
– Ա՜յ հնդու էշ… վա՜յ ինձ, մի փախչիր, քուռի՜, քուռի՜, խնայիր ինձ և վերադարձիր։
Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ։ Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից։
Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել։ Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր. «Օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ»։
Այն աղքատր լսեց և ուրախացավ.
– Այս ինձ համար է ասված, և ահա շուտով կկատարեն իմ կամքը։
Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին:
Եվ աղքատն ասաց.
– Այն գիրն, որ կարդաց, սուտ էր։
Եվ առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ։ Եվ քահանան, եկեղեցի գալով, Ավետարանը չգտավ և աղքատին ասաց.
– Ո՞ւր է Ավետարանը:
Եվ աղքատն ասաց քահանային.
– Ի՞նչ ես անում սուտ Ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի:
Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց.
– Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը։ Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ, և չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս։ Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց։
Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել։ Եվ պտուդի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր։ Մարդն ասաց.
– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես ամենը կարգին է և մի բանի նման։ Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն։
Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը՝ ձմերուկի թփի վրա։
Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և ուժգին դիպավ նրա ճակատին և ճակատը պատռեց, և արյունը եկավ։ Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.
– Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ։
Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.
– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։
Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։
Եվ աղվեսն ասաց։
– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:
Եվ գայլն ասաց.
– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։
Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց.
– Ես եմ տաճար աստծու, և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում։
Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն.
– Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր–ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն։
О проекте
О подписке