Читать книгу «Վերք Հայաստանի» онлайн полностью📖 — Խաչատուր Աբովյան — MyBook.
image
 







































 










 









– Տո՛, լերդս կպավ, է՜, բերանս հո ցամաքեցավ. Էդ զահրըմարը մի ածա՛, որ տեսնինք՝ ի՞նչ համ ունի, է՜, ա՜յ տնաշեն: Կողակի թիքեն հրես բկիս դեմ ա ընկել, ի՞նչ էլավ ձեզ, մեզ հո սպանելու չե՞ք բերել էստեղ, – ձեն տվին էս տեղանց, էն տեղանց քեդխուդեքը, որ գինին շուտով ածեն:

Լսողը չիմանա, թե հայաստանցիք ուրիշ ազգերի նման, հենց էն ա, գինի տեսնելիս, ուզում են հոգիքը տան կամ, ինչպես բազի Կավկասյան սարը դեռ չտեսած մարդ, գինու ռումբին որ տեսնում են, երեսներին խաչ են հանում կամ շիրախանումը քնում, կամ թուր ու սերթուկ գրավ դնում, կամ թե չէ՝ ցխում, վեր ընկնում, երազ տեսնում, դելը տալիս: Աստված մի՛ արասցե, էս պակասությունը չունին, նրանք էս շնորհքիցն ու մարիֆաթիցն վաղուց են ձեռք լվացել, որովհետև աշխարհ չեն տեսել, ու Էշ կերել, Էշ մենծացել, ո՛չ բարոյականության ձեն լսել, ո՛չ կրոնագիտության, որ գինու գինը լավ իմանան ու երկու թաս խմելիս ոտ ու գլուխ կորցնեն ու սիրահարված` երկինքը համբառնան: Չէ՛, չէ՛, նրանք շատ բռի են ու էլած-չէլածը չեն տալիս խմիչքի, ամա տեղն ընկած վախտը, գինու տիրոջ ջանին մուննաթ, էնքան են խմում, որ երեսները վարդ ա դաոնում, գլխըները` նաղրախանա, լեզվըները՝ բլբլի, սիրտըները՝ ասլանի և ո՛չ խոզի, չունքի մեկ հայ չես տեսնիլ քո օրումը հարբած, ցխումը թավալ տալիս, թեկուզ հինգ թունգի էլ խմի: Մա՜շալա, տղեն սրան կասեմ, ա՜յ թե մարդ ա, ուրիշն էլ էս բանը կանի:

Հաց քցող տղեն էրկու ստաքանանոց տոլուն էլի տերտերին դեմ արեց. նա էլ օրհնությունը տվեց ու ճամփու քցեց: Ետո մեկելներին տվեց. Էսպես` բոլոր հացի ժամանակը մեկն էլա ինքը չէ՛ր ածում իր գինին. էս նոքարի ու ղուլուղ անողի գործն ա. որ քսան մարդ էլ որ ըլին, հենց մեկ թասից պտի խմեն, էնպես որ, ընչանք թասը պտիտ կգա ու վերջին մարդին կհասնի, սրա բողազն ա ցամաքում, վերի նստողի՝ թուքը: Կենաց-մենաց խմիլն Երևանումն էնքան ադաթ չի, ամա մարդ իր լեզվի հունարը ձեռաց պետք է չթողա, ամեն թասի, վրա մեկ խոսք ասի. ինչ կըլի՝ ըլի, հաջաթ չի. բեինդ տաքացած ժամանակը ինչ կուզես, ասա՛, վատ խոսք էլ որ ասես, լավի տեղ անց կկենա: Սովորական կերակրներն էլ մեր երկրի սրանք են` բոզբաշ կամ քուֆթա, կամ խաշ, տոլմա, խորոված կամ խաշած ձուկը, գառան մսով փլավ, խաշած հավ ու ոչխարի խորոված, որ հենց էնտեղ ևեթ բուխարումը խորովում ու շատ անգամ շամփրով, տաք-տաք իրար թավազա անում. Բազի անգամ էլ տոլուչին պետք է բերանը բաց անի, որ մեկ թիքա խորոված իրանց ձեռովը բերանը դնեն կամ մեկ թաս գինի կոնծիլ տան:

Էսպես` մեկ քանի տոլու մաքրազարդեցին թե չէ, քեֆըները չաղացավ, դամաղները տաքացավ, շունը տերը կորցրեց: Կրչոնց Վիրապն էլ հո՛ էնտեղ էր, էլ ի՞նչն էր պակաս, սազը կողքին հազիր ուներ. Անկաջ պտեր, որ նրա ձենին հայիլ-մայիլ մնար: Հենց ջուրն իր ճամփեն քթավ թե չէ, սա էլ իր սազը քոքեց, ճնգճնգացրեց. Հա՛ կաց ու քեֆ արա՛: Պատերը դրմբում էին, գետինը զրնգզրնգում, օճորքը տեղըհան ըլում, նրա ձենը մարդի քյալլին ցցվում: էնպես զոռբա ձեն ուներ Վիրապը, որ հինգ սհաթվա ճամփից լսվում էր.

– Փի՛ր օլսան, փի՛ր, ջանմ սան, ջանմ. ի՞նչ կըլեր, որ քո մերն քեզ նման մեկ հինգն էլ էր բերել, որ աշխարքի միջումը մի հատ չըլեիր: Ասա՛, բերանիդ ղուրբան, ասա՛, բերանդ ապրի, ըմբրով կշտանաս, – հազար տեղից ձեն էին տալիս մեր պարոն քեդխուդեքը՝ գլխըները տրմբացնելով, անոշ-անոշ զկռտալով:

Շատի բերնի ջուրը հետը գնում էր: Շատ անգամ, քեֆը քոք ժամանակին, տերտերն էլ ի՛ր ձենի հունարն էր ուզում նշանց տա, ու կամ Վիրապի հետ էր բաս մտնում, գոռում, կամ թե չէ «Երևեցավ խնկաբերիցն» ասում, խալխի թասըները վեր դնիլ տալիս, կամ ձեռըներին բանդ անում. ամա էնպես մեկ մխոտ, ճոթռած, ճղլանի, քացախած ձենով, որ մարդի գլուխը տեղիցը պոկ էր գալիս: Քեդխուդեքը հո, մաջալ չէին տալիս. Ինչ բերանները գալիս էր, հենց է՛ն էին քյոնդալանա ասում, զռում, էնպես, որ խեղճ սազանդարի ասածը բերնումը հարամ էր ըլում:

Ամենը հո ամենը, իլլահիմ մեր մեղրաբերան տանուտերը, անատամ ռեխը որ բաց չէ՛ր անում, պատերը դողում էին, կատվըները մլավում, հավերը բակումը իրանց տիրոջ ձենը լսելով՝ շարքով կանգնում, կռկռում յա կչկչում: Ֆորթ, եզը, ձի, տավար ուզում էին, որ ուրախությունիցը կապըները կտրեն: Էշը զռում էր, գոմեշը տրլնգում, Էծը մկկում, կովը բառանչում, ֆորթը բղավում, որը ֆշտացնում, որը փստացնում, որը վզզացնում, որը բզզացնում: Մյուս բաները չեմ ասում, ամոթ ա: Գարի, դարման կերած՝ տավար, հայտնի բան ա, որ ինչ ասես, նրանցից դուս կգար: Խուլասա, ի՞նչ գլուխ ցավացնեմ. Էսպես նաղրախանի ու մուզիկի ձեն շահի դռանն էլ, չէր լսված: Բայց գինու տակռին դալար մնա: Էս թոփ ու թոփխանեն, էս զարբազանը մեկին էլա քյար չէ՛ր անում: Շատի, հենց բռնես, քեֆը գալիս էր: Բայց ամեն սհաթ հո մեկ չի՛ ըլիլ, ու ում ուժն ասես՝ տերտերին յա գզրին ա հաղթում: Սրանց մեկը էս ալեկոծության ժամանակին հենց շարքյասեն առավ, օրհնեց, պրծավ ու պռնկին դրեց, որ մաքրազարդի թե չէ, էշն էն կողմիցը էնպես մեկ թունդ տրաքացրեց, որ էլած-չէլած խելքը գլխիցը թռավ, շշկլեց, գինու կեսը կատիկը թռավ, կեսը միրքին թափեցավ, ու հենց ուզում էր, որ թասն էլա չի՛ կոտրի, ու բեղաֆիլ ձախու ձեոը որ չի՛ վրա բերեց, սատանի աչքը քոռանա, էնպես սաստիկ խփեց տանդրոջ գլխին, որ փափախը կրակի վրա ծունդր դրեց, խորովածի շամփուրը վեր քցեց, հատիկ ատամների մեկն էլ բերնիցը վազեց, փորը գնաց, որ գլուխը պրծացնի: Թե ուրիշ վախտ էր էլել, ես գիտեմ, թե տանուտերը ինչպես նրա միրքի մազերը մին-մին կպոկեր, բերանը կըտեր, ամա էս սհաթին, որ քար էլ աղային գլխին, ձեն չէ՛ր տալ:

– Լավ հարաքյաթ ես անում, հա՛: է՜հ, ի՞նչ անենք. բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, դու սաղ ըլիս: Ա՜յ տղա, ածա՛, լցրո՛ւ: Վիրա՛պ ջան, մեկ լավ զլի՛. խմե՛նք, քե՛ֆ անենք, ո՞վ ա խաբար, թե էգուց գլխըներիս ի՞նչ ա գալացուկ: Գյոռն չաթլասն, տերտե՛ր ջան, գյոռն. էդ չալ միրուքդ ուտեմ, որ մի սիրտս կշտանա. կե՛ր, խմի՛ր, քե՛ֆ արա, – ասում էր ու տերտերի ուսերին լավ բաբաթ վեր հատում. սա էլ պարտքի տակին չէ՛ր մնում ու մեկի տեղակ հինգն էլա ետ տալիս:

էսպես՝ դինջ, տանստանու, ինչպես հեր ու որդի, քեֆ էին անում մեր պարոն քեդխուդեքը, հանաք անում, իրար սիրտ շահում ու հազար բաբաթ նաղլ, մասալա, առակ, շախա ասում, անում, լսողի սիրտը բանում, իրանց օրը անց կացնում: Վաղուց էին կշտացել, էլ հո հաց չէին ուտում, մազա էին անում, գինի խմում. բազինն էլ վեր էր կենում, պար գալիս: Տերտերը մեկ թաս գինի մեկին դեմ անելիս հո, հազար տեղ գլխի վրա կունդկի էր տալիս, որ նրա սուրբ ձեոիցը բաժակն առնի, ձեռը պաչի: Էսպես` վախտին էին մտիկ տալիս, որ դուս գան, գնան, ջահել տղերքանց ջիրիդին թամաշա անեն: 5

Արեգակն էկել, երկնքի մեջտեղը բռնել էր. օրվան փուշը մի քիչ կոտրըվել, տաքացել էր: Սար ու ձոր արծաթի պես փլփլում, պլպլում էին: էս հադաղին ով որ Քանաքեռ մտներ, հենց կիմանար, թե երկնքիցը մեկ ավետյաց ձեն ա էկել, աշխարքս արքայություն ա դառել, մարդի աչքն էլ ցավ, կսկիծ չի պետք է տեսնի, և Քանաքռու խարաբեքն էլ էին թև առել, ծափ տալիս, թե էլ էնպես չեն մնալ, թե իրանց մեջն էլ շունչ կմըտնի շեն կընկնի, էնքան տղամարդ, ջահել տղերք, էրեխեք էին տներիցը դուս էկել, քուչեքումն ու կտրներին քեֆ անում: Օտար մարդը հենց կիմանար, թե էս գեղըցիք աշխարքի տերն են. ո՛չ դարդ ունեն, ո՛չ ղասավաթ. Ամեն մեկը հազար թումանի տեր են: Ռհաթ խալխը՝ որը ձեռնաբռնուկ էին արել, պար գալիս, որը բոլորեշուրջ նստել, քեֆ էին անում, որը խաղ էր ասում, որը դամ քաշում: Էստեղ զուռնեն էր փչում, Էնտեղ ճժալախտի էին խաղում, մյուս տեղը փահլևաններն էին կոխ պրծնում, յա ղարաչիքը ֆալ բաց անում: Մանր տղերքն էլ յա ձնաթոփի էին խաղում, յա աչքակապուկ, յա սալդաթի պես կռվում: Դաբխփի (դհոլ), զուռնի ձենն ու հարայ հրոցը աշխարք էին վեր կալել:

Աղասին էլ քեֆն արել, պրծել, իր դաստեն ետևին քցած՝ էկավ մեկ տասը ձիավորով, գեղի միջովն անց կացավ, որ գնա, կալերի դզումը, ջաղացների մոտին իր հունարը նշանց տա, ջիրիդ խաղա, չունքի գեղամիջին էնպես դուզ տեղ չկա: Հենց իմանաս` մեկ թագավորի որդի ա գալիս: Յարաղ-ասպաբը կապած, թվանքն ուսին, թուրը կողքիցը կախ, ջուխտ փշտովն ու ղամեն գոտկումը, կանաչ մով շալվարը, զառ կապեն հաքին, գյուլբանգի աղլուխը ճտին. նուղայի թուխ գդակը գլխին կոտրել, աջու անկաջի վրա էր քցել. ոսկեթել թուխ-թուխ մազերը ձախու կողմիցը քամու հետ խաղում` յա ազնիվ երեսին էր դիպչում, յա բկի տակովն ընկնում: Բեղերն ապրշումի պես ոլորել, էնպես էր թշի վրովը դուս տարել, որ ամեն մեկի մեկ ծերը անկաջներին էին դիպչում: Մտիկ անողի խելքը գնում էր: Գեղըցիք հենց նրան տեսան թե չէ, ծափ տվին, պար էկան, ձեն-ձենի տվին ու սկսեցին նրա խաղն ասիլ, նրա գովքն ածիլ:

– Աղասի՛ ջան, գլխիդ ղուրբան, էս թասը խմե՛նք քո արևսադաղին, արևիդ մեռնիմ. մեր գլխիցը ո՛չ պակսիս, գնա՛, մենք էլ էս ա, կգանք, – ամեն կողմից ձեն տվին ու Աղասու թասը խմեցին:

Ազնիվ երիտասարդն էլ, ով որ իրան էսպես պատիվ էր տալիս, գդակով էր անում, քաղցր երեսով գլուխ տալիս ու անց կենում:

Հեռըվանց երևում է, թե ի՞նչ ղիամաթ էր անում իգիթը: Ձիու անկաջը մտած՝ էնպե՜ս էր քաշում, կրակին տալիս, որ, հենց իմանաս, թևավոր ղուշ ըլի: Շատ անգամ ջրիդը հեռու տեղից շպրտում, ձին չափ էր քցում, ու գետնիցը ծուլ ըլելիս` ձիու վրիցը բռնում էր, էլ ետ քցում: Շատ անգամ հենց էնպես դուզ շպրտում էր ու կրակի պես ետևիցը հասնում, կալնում, էլ ետ ծուլ անում: Գետնին վեր ընկած տեղիցն էլ էնպես էր թամքի միջիցը կռանում, բարձրացնում, որ ջիրիդն առաջին դողում էր: Ընկերտանց վրա էլ որ վախտ-վախտ ջիրիդ չէ՛ր քցում, է՛նպես էր նշանում, որ գդակների ծերին էր դիպչում կամ գդակը հետը տանում, որ իմանան, թե նա նրանց ղիմիշ չի՛ անում: Շատ անգամ թամքի միջին ջուխտ ոտի վրա կանգնում, էնպես էր ձին չափ քցում: Աչք պետք է ըլեր, որ նրա ռաշդությունը, տղամարդությունը, հունարը տեսներ ու զարմանար:

– Ջանմ սան, ջանմ, Աղա՛սի. մերդ մեկ հատ ա քեզանից բերել, հազար տարի անց կենա, քեզ նման մեկն էլա չի՛ բհամ տալ, – ասում էին թամաշավորքն ու խնդում, ուրախանում, ծափ տալիս: Հանկարծ էս քեֆի միջումը, հենց բռնես, մեկ ամպ տրաքեց, երկիրը շարժեց, յա թոփի, թոփխանի ձեն էկավ, յա երկինքը փուլ էկավ:

– Տարա՜ն… տարա՜ն… աստվածասե՛րք, մոտ էկե՛ք… քոմակ արե՛ք, գլուխս լացե՛ք: Տունս կոխեցի՜ն, օջախս, քանդեցի՜ն… աչքիս լիսը հանում ե՜ն, սիրտս դուս են ճոթռում, տո՛, մեկ հասե՜ք, ի՞նչ կըլի: Ա՛ստված, երկի՛նք, ծո՛վ, ցամա՛ք… Էս ի՞նչ կրակ ա, էս ի՞նչ զուլում ա… Վա՜յ, օրս ու ումբրս խավարի, էս ի՞նչ եմ տեսնում: Ձեր թուրը կոտրվի, ձեր Էկած ճամփեն փուշ ու տատասկ դաոնա… Վա՜յ իմ ըմբրիս, արևիս… ո՞ր ջուրն ընկնիմ, ո՞ր ջհանդամը գնամ… Գետինն էլա չի՛ պատռվում, որ ինձ մեջը տանի, աչքս հանի. էլ ի՞նչ աչքով իմ սև օրս լաց ըլիմ… էրեխիս տարա՜ն… քոմակ արե՛ք… Աստվա՛ծ, յարադանդ քոռանա, էս ի՞նչ կրակ ա, որ մեր գլխին ես ածում, մեզ էրում, փոթոթում: Ա՛ո, ա՛ռ քո տված հոգին, էլ չի՛ հարկավոր. հոգի, չե՛ս տվել, կրակ ես տվել, որ էրվի, ինքը չիմանա, մեր ջանը փոթոթի… Ամա՜ն… հարա՜յ… դա՜տ… մադա՜թ… Ե՛րկինք, մեկ փուլ արի՛, ինձ տակովդ արա՛, ի՞նչ կըլի… Ձեր փափախը ձեռ գլխին խռով կենա, ի՞նչ տղամարդիկ եք, տո՛, մեկ ձեռն էլա հասցըրե՛ք, է՜, ի՞նչ եք քարացել, փետացել: Թագուհի ջան, գլխիդ մատաղ գնամ… Թա՛գուհի… Անումիդ մեռնիմ… երեսս ոտիդ տակը. Թ՛ագուհի ջան… էդ չախմուր աչքերիդ ղուրբան ըլիմ, ազիզ ջան: Աչքիս լսի պես մեծացրի, որ է՞դ տեղն ընկնիս… Թո՛ղ ինձ սպանեն… էդ թուրը թո՛ղ իմ սիրտս խրեն… թո՛ղ քո ոտիդ տակին հոգիս տամ… թո՛ղ ես հողը մտնիմ… էն վախտին ուր տանում են քեզ, թո՛ղ տանին: Թո՛ղ քո նեղ օրը չտեսնիմ, ո՞ր դժոխքն ուզում ա, թո՛ղ ինձ ներս տանի…

էս կսկծալի ձենի հետ լավ պարզ լսվում էր, որ մեկ տղամարդ թուրքերեն ասում, հարբա էր գալիս, որ ձենը կտրի:

– Ձենդ կտրի՛, ղանջղ, ղարաչի… Հենց էս սհաթին փորդ վեր կածեմ. ջինգյանությունն ի՞նչ պետք ա. սարդարի հրամանն ա, պետք է ձեր աղջիկը քաշենք, տանինք. ի՞նչ խոսք ունիք, ի՞նչ կարողություն, սարդարի հրամանին սարը չի՛ դիմանալ, դուք ի՞նչ կարաք անիլ:

Խալխի գլխին ջուր մաղվեցավ: Ամենն էլ իմացան, թե ի՞նչ խաբար ա: Սարդարի ֆառաշներն (ծառայք) Էկել էին, որ աղջիկ քաշեն, ո՞վ հադդ ուներ, որ ծպտա: Բարիկենդանը սուգ դառավ: Երեխեքը լալով, դողալով տուն փախան. կնանիքը դռները կողպեցին ու շիրախանի կարասների տակը մտան, կամ վերնատներումը տափ կացան, կամ դարմանի ու խոտի խրձերի մեջը մտան: Գեղը, հենց բռնես, բիրադի քանդվեցավ: Տղամարդկերանց, որը որ վախլուկ էր, գլուխն առավ, կորավ. որը որ մի քիչ պինդ սիրտ ուներ, զարզանդելով, դողդողալով մոտ էկավ, չէ՛ թե օգնություն անի, չէ՛, այլ թե տեսնի, ի՞նչպես մարդիկ են էկողները, ի՞նչպես են տանում խեղճ ջրատար աղջկանը: Ռանգ-մռանգները թռած, սփրթնած՝ էկան մեռելի պես ու տան բաշին շարվեցան: Շատի լեզուն բերնումը շաղվել, փետացել էր: Շատի լերդն ու թոքը ջուր էր կտրըվել: Շատի պռոշները ահու ճաքել` արինը շռռալով գնում էր: Լավ ուզում էին, որ քոմակ անեն, լավ ուզում էին իրանց էլած-չէլածը տան, որ խեղճերին ազատեն, բայց ո՞ւմ ձեռիցը մեկ բան կգար: Սարդարն էր հրամայել, ո՞վ էր կարող, որ ձեռք վրա բերի: Թե մեկ ծպտոն էլ հանել էին, Էն սհաթը տուն, տեղ կրակ կտային ու իրանց էլ թոփի բերնին կդնեին, կքցեին: Աստված ո՛չ շհանց տա: Անօրենի ձեռը դուշմանս չի՛ ընկնի: Մարդ ո՞ր հողը տա գլխին. ինչ ուզում են, է՛ն են անում: Դատաստան չկա՛, իրավունք չկա՛, ու հայ ազգն էլ Էնքան Էսպես ցավեր տեսել էր, մեկ օր խոսքըմին չէ՛ր ըլում, որ իր գլուխն ազատի: Աղջիկն ասես՝ քաշում էին, տղեն ասես՝ տանում, շատ անգամ թուրքացնում, հավատից հանում, շատ անգամ էլ գլուխը կտրում, էրում, նահատակում: Ո՛չ տունն էր իրանը, ո՛չ մալը, ո՛չ ապրանքը, ո՛չ ջանը, ո՛չ օղլուշաղը: Զարմանալուն էս ա, որ էսպես կրակի, զուլումի մեջը էլի նրանց աչքը ուրախություն, նրանց երեսը ծիծաղ էր գալիս: էսպես, ինչպես ասեցի, հարիր մարդից ավելի վրա էին թափել, ձեռըները ծոցըներումը դրել ու պատի ծերիցը մտիկ էին տալիս: Սուգ ու շիվանն աշխարքն առել էր: Ֆառաշները կատաղել, փրփրում էին. շատ անգամ թվանքները դեմ էին անում, որ խալխին խփեն, վեր քցեն, որ բալքի ռադ ըլին, կորչին. բայց էլի հուշտ էլած ոչխարի պես ետ էին դառնում, էլ ետ՝ ետ փախչում, էլ ետ՝ ետ գալիս, մտիկ տալիս:

Ի՛նչ խեղճ, ողորմելի մերն էր անում, աստված հեռու տանի, քար չէ՛ր մնացել, որ զլխին չի խփի. հող չէ՛ր մնացել, որ վրեն չածի: Ձագը կորած հավի պես մեկ դես էր վազում, մեկ՝ դեն, մեկ գլխին տալիս, մեկ՝ ոտին: է՛նքան էր ծնկներին, գլխին խփել հարայ տվել, լաց էլել մազերը պռճոկել, երեսը չանգռել, կտրատել, որ էլ ո՛չ աչքումը լիս կար, ոչ ջանումը` թաղաթ, ո՛չ բերնումը՝ լեզու: էնպես, հենց ձենը փորն ընկած, շունչը կտրված՝ ոտին-գլխին էր անում, ինքն իրան ջարդում, գլուխը քարեքար տալիս, յա սուրութմիշ ըլելով, գետինը լիզելով` ֆառաշների ոտներն ընկնում յա ձեռըները բռնում, որ թուրը խլի, իր սիրտը խրի, յա թե չէ, սրանք էլ որ դոշին չէին խփում յա քացով տալիս, դեն քցում, ընկնում էր ջուխտ ձեռով աղջկա վրա յա ճտովը ու էլ, թեկուզ քացով էին խփում գլխին, թեկուզ դմբզով (մուշտով), թեկուզ ղամշով յա թվանքի դուռթմով, էլ պոկ չէր գալիս, էլ չէ՛ր իմանում: Ուզում էր, որ փորը ճղի ու իր հոգու սիրելին էլ ետ ներս տանի:

– Թա՛գուհի ջան, էս ի՞նչ ա, քո հարսանիքի պա՞րն եմ գալիս. փեսեն ո՞ւր ա, տերտերն ընչի՞ համար չի՛ գալիս: Հինեն ի՞նչ տեղ ա, բերեք որ աղջկանս ձեռները կարմրացնեմ: Դափ ու զուռնեն ընչի՞ չեն ածում: Ա՜յ, ղոնաղներ, ի՞նչ եք էդպես պարապ, կտրի ծերին կանգնած մնացել ձեռըներդ ծոցըներդ դրել… Ինձ չե՞ք սիրում… Պար էկե՛ք, է՜… հարսանքավորն էդպես բաշիբոշ կկանգնի ու թամաշա կանի՞… Խարջն իմն ա, հո ձեր քիսիցը չի գնում. կերե՛ք, քեֆ արե՛ք, իմ որդուս արևն օրհնեցե՛ք: Մեկ աղջիկ ունիմ, որ աչքիս լսի հետ չե՛մ փոխիլ, նրա խաթրն էլա չունիք, որ մեկ ուրախություն անեք, սիրտս հովանա: Հա՞… քնա՞ծ եմ, թե՞ զարթուն, թե գլուխս վրես չի՛… Բաժինքը հազիր ա… Չէ՛, չէ՛… փեսեն հո Թիֆլիզ գնաց, էսպես թեզ չէ՛ր կարալ ետ դառնալ… Սրանք ո՞ւր են էկել… Թուրքը հո հայի հացը չի՛ ուտիլ… Հա՛, հա՛, հմիկ իմացա. մեր ճանանչներն են, էկել են, որ երեխիս հարսանքի ուրախությունը տեսնին… Լաց մի ըլիլ, երեսիդ մեռնիմ… Թագուհի ջան, ջանս ու հոգիս քեզ մատաղ, քանի որ գլխիդ սաղ եմ, ո՞վ հադդ ունի, որ քո մեկ մազին դիպչի… Մազերդ ոսկեթել, թա՛գուհի ջան. ունքերդ վարաղով քաշած, ո՛րդի ջան. օրորոցիդ մատաղ գնամ, Թագուհի ջան… Վարդի պես բաց էլած, մանիշակի պես փընջված, իմ ա՛րև, իմ կյա՛նք, իմ թա՛գ ու պարծանք որդի ջան… Աչքերդ բա՛ց արա, աչքերիդ ղուրբան ըլիմ. բերանդ բա՛ց արա, էդ աննման, վարդահոտ բերնիդ մեռնիմ… Քո խեղճ, պառավ մորն է՛դպես ես սիրում… է՛դպես ես իմ սիրտը շահում… Թե ամաչում ես, ասեմ, որ էս կանգնողները հեռանան: Ա՜յ մարդիկ, հեռացե՛ք, կորե՛ք, իմ աղջկա աչքին մե՛ք երևալ: Բան ու գործ չունի՞ք, գնացե՛ք ձեր տունը. Ի՞նչ եք էստեղ կիտվել: Ի՞նչ անամոթ մարդիկ եք, տո՛, ձեզ չե՞մ ասում, քոռացե՞լ եք… Արի՛, գնա՛նք բաղը, թա՛գուհի ջան, անումիդ մեռնիմ. ծառերը ծաղկել են, քո ծաղիկ երեսին ղուրբա՛ն: Դաշտերը կանաչել են, քո կանաչ արևին մատաղ գնամ: Ուր ենք մնացել էստեղ, գնա՛նք, տեսնի՛նք, ուրախանա՛նք…

Ո՞ր մեկն ասեմ, ո՞ր մեկը թողամ. մարդի սիրտ կրակ ա ընկնում, երբ որ խեղճ մոր արածն ու ասածը միտքն ա բերում: Ո՛վ որդի ա մեծացրել, նա լավ կիմանա մոր սիրտը, տկար լեզուն ի՞նչ կարա սրտի ամեն մեկ կսկիծը, ամեն մեկ յարեն բառով ետ պատմիլ: Ողորմելի մերը էսպես խելքը կորցրել, չէր իմանում, թե ի՞նչ էր ասում, ի՞նչ էր անում: Թուրքերն էլ, որ տասը հատ էին թվով, է՛ն անօրեն տեղըներովն էլ, ղորդ ա, բարկանում, հարբա էին գալիս, ամա մոր էսպես մորմոքվիլը տեսնելով՝ սիրտըները մի քիչ գութ ընկավ: Իրանք էլ էին գիտում, որ մոր համար հեշտ չի որդի մեծացնիլ, ետո էսպես բիրադի կորցնիլ: Հավն իր ձագը կորցնելիս` կյանքը հետը տալիս ա, ուր մնա բանական մարդը. իրանք էլ մնացել էին մոլորված, ամա Սարդարի հրամանն էր, չանեին, չտանեին, իրանց գլուխը կթռչեր յա աչքը դուս կգար: Ճարըները կտրվեց, խոսքըմին արին, որ մորն էլ աղջկա հետ տանին բերդը, Սարդարի դուռը, իրանց պարտքի տակիցը դուս գան, ետո ինչ կուզենան, անեն: Նոքարներին հրամայեցին, որ ձիանները թամքեն, յարաղ-ասպաբ քցեցին, թուրըները կապեցին ու կամաց-կամաց մոտ էկան, որ մորն էլ, աղջկանն էլ վերցնեն, տանին:

Թագուհի՛ն, Թագուհի՛ն, աշխարքի աչք Թագուհի՛ն, երկնքի տակին, գետնի երեսին անթառամ ծաղիկ Թագուհի՛ն, դրախտ, մանիշակ, անգին, անհատ, աննման Թագուհի՛ն, ի՞նչ լեզու պետք է ըլի, որ նրա գովասանությունը պատմի, ի՞նչ աչք, որ նրա տեսքն ու կերպարանքը մեկ բանի նմանացնի: Շարմաղ, լուսաթաթախ երեսը, որ արեգակի պես լիս էր տալիս ու վարդի պես փայլում, դառել էր սպիտակ քաթան, սառել, սփրթնել: էն երկնանման աչքերը, որ տեսնողի հոգին վառում, կրակում էին, ընկել էին խոր, փակվել, կուլ գնացել: Թագուհի՛ն, ջիվան Թագուհի՛ն, մորը մեկ Թագուհի՛ն, որ հրեշտակի նման ում որ մեկ մտիկ էր տալիս, հոգին անմահական խնդությունով լցվում էր, սառել, փետացել, անշունչ, անլեզու մնացել էր գետնի վրա ընկած, երեսը երկինքը քցած. հենց գիտես, թե էլ էս աշխարքումը չի՛, հրեշտակաց մեջն ա համբարձել դրախտումն ըլի իր անմեղությունը վայելում: Նրա թուխ-թուխ ունքերը, նրա չալ-չալ աչքերը, նրա նռնահատ թշերը, նրա բարակ-բարակ, ղալամ քաշած պռոշները, նրա լուսեղեն ճակատը, նրա մարմար, նուրբ քիթը, նրա բլբյուլի լեզուն, նրա ոսկեցնցուղ բուկը՝ բոլոր-բոլոր սառել, քարացել, պապանձվել էր: Հենց հարամ ձեռը նրան առավ թե չէ, մեկ ա՜խն էր՝ նրա հոգին: Քաշեց, թուլացավ, իրանից գնաց, ու մինչև դռան շեմը կբերեին, հավի պես մեկ էլ թրպրտաց, ու ձենը փորն ընկավ: Շլինքը ծռվել, թուլացել, գլուխը շեմի էս կողմն էր մնացել կախ էլած, մարմինը՝ է՛ն կողմն ընկած: Ոսկեթել մազերի կեսը մնացել էր բարձր, որ նրա անմեղ երեսն ու դոշը ծածկի, կեսը էնպես խճճված՝ գետնի վրա փռվել, քաշ էր ընկել: Նազուկ ձեոների մեկը սրտի վրա էր թուլացած ընկած, մյուսը՝ հողի վրա, չորացած տարածված: Դամարը ցամաքել, շունչը կտրվել, հոգին երկինքն էր վերացել:

1
...