Читать книгу «Վերք Հայաստանի» онлайн полностью📖 — Խաչատուր Աբովյան — MyBook.
image

Գլուխ առաջին

Բարիկենդան էր: Ձինն էկել, դիզվել, սար ու ձոր բռնել էր: Պարզըկա գիշերը է՛նպես էր գետինը սառցրել, որ ամեն մեկ ոտը կոխելիս հազար տեղից տրաքտրաքում, ճռճռում, ճքճքում էր ու մարդի ջանը սրսռացնում, ձեն տալիս: Ամեն մեկ ծառի ճղքներից, ամեն մեկ տան բաշից հազար տեսակ սառցի լուլա, հազար տեսակ ձնի քուլա կախ էր էլել ու բիզ-բիզ իրար վրա սառել: Հենց գիտես` սար ու ձոր կամ նո՛ր էր ծաղկել, կամ նո՛ր ծերացել, մահվան դուռն ընկել շունչն էր մնացել, որ տա ու աշխարքիս բարով մնա ասի: Ղուշ, գազան, անասուն, սողուն` որը փետացել, էստեղ-էնտեղ վեր էր ընկել, որն էլ վաղուց, ամսով առաջ բունը մտել, ձենը կտրել, պաշարը վայելում, գարնան գալուն սպասում: Գետերի, առվըների երեսները սառիցը մեկ գազ էկել, հաստացել, իրար վրա դիզվել, էնպես էր ջրի, աղբրի բերնին հուպ տվել, որ մոտըներին կանգնողը միմիայն նրանց խուլ ձենն էր լսում, որ սառցի տակին տխուր, տրտում քլքլում էր ու էլ ետ էստեղ-էնտեղ կամաց-կամաց ձենը կտրում, պապանձվում, սառչում:

Արեգակը էս առավոտ որ գլուխը քնի տեղիցը ու աղոթարանիցը չի՛ բարձրացրեց ու աչքը աշխարքի վրա քցեց, շողքը սարերի գագաթին, դաշտերի գլխին է՛նպես էր պեծին տալիս, պսպղում, փայլում ու սառցի, ձնի հետ խաղում, ծիծաղում, կանաչ ու կարմրին տալիս, որ հենց իմանաս, թե ալմազ, զմռութ, յախութ ու հազար տեսակ-տեսակ անգին քարեր ըլեին դաշտերի, սարերի գլխին, երեսին, դոշին փռած: Սարերի սառը բուքը, ձորերի դառնաշունչ քամին է՛նպես էր մեյդան բաց արել, գոռում, փչում, հոսան անում, ձնի թեփը իրար գլխով տալիս, որ ճամփորդի քիթ ու պռունկը կպցնում, ճաքացնում, երեսը պատռում, գլխին, երեսին հազար անգամ խփում, աչք ու բերան լցնում, շատին կամ ձորերն էր քցում, խեղդում, կամ ձնումը թաղում, շունչը կտրում, կամ ոտ ու գլուխ փետացրած` ճամփից խռկում, սար ու չոլ քցում, խեղդում կամ քարեքար տալիս: էսպես մեկ խիստ ձմեռվան օրի լիսն ու մութը որ բաժանվեցավ, ու աղոթարանը բաց էլավ, քանաքռցիք քնից վեր կացան, տան երդիկները բաց արին, երեսները լվացին, մեկ-երկու խաչ հանեցին, բարի լիս ասացին իրար, երեխեքը ծածկեցին, ու ամեն մարդ սկսեց գնալ իր բանը: Մեծ մարդիկը միրքըները սանդրելով, պառավ կնանիքը չարսավը կռնատակների տակին` կամաց-կամաց տանիցը դուս էլան ու տերողորմյա քաշելով, Հայր մեր ասելով, հրաժարիմքը կամ հավատով խոստովանիմը քթըների տակին փնթփնթացնելով, իրար ողջույն տալով, շատը իր տակը քցելու շորը կամ մորթին ձեռին բռնած, քիթ-քթի տված` գնացին ժամ, դուոը պաչեցին, Էն վախտին վրա հասան, որ տերտերը դեռ չէ՛ր էկել, ժամկոչին ասեցին, որ զանգակը քաշի, ու իրանք մեկ-քանի ծունր դնելուցը հետո` մարդիկը սեղանի առաջին կամ տների տակին, կնանիքը ետի դասումը իրանց համար իրար մոտ շորը փռեցին, չոքեցին, գլուխ-գլխի դրին ու սկսեցին զրից անիլ, իրանց գեղի ու տների բանը պատմիլ իրար հալ հարցնիլ, մինչև տերտերն Էկավ, ճրագները, կանթեղները վառեցին, որտեղ ձեթ չկար, մղդսին ածեց, տերտերի փիլոնը քցեց, ու ընչանք մյուս ընկերն ու տիրացուքը կգային, նա էլ մեկ-քանի ծունր դրեց, չոքեց, սաղմոս ասաց, աղոթք արեց, էկողներին լավ վարավուրդ արեց, որի քեֆը հարցրեց, որի հետ էլ էնքան զրից արեց կամ աչքերը ճմբռեց, մինչև խալխը մի քիչ շատացավ, ընկերն էկավ, հրաժարիմքն ասեցին գդակը գլխներին, երեսները դեպի Արևմուտը դարձրին, ու հետո էլ ետ շուռ էկան, հավատամքն ու մեղեն սկսեցին, զանգակն մեկ անգամ էլ քաշեցին, որտեղ զանգակ չկար, ժամհարը գնաց, կտրների, աղբսների վրա ձեն տվեց, ու ժամն սկսեց կանգնիլ: Տերտեր, տիրացու ժամն էին ասում, ժողովուրդը ծունր դնում, խաչ հանում կամ չոքում, նստում, ու աշխատասեր, ժիր մղդսին յա ճրագի ծերը կտրում, յա կանթեղներին լիս տալիս, յա թե չէ՝ միրուքը քորելով, կոնդալ գլուխը տրորելով, արշտոտալով դուրս ու տուն էր անում, բուրվառ շինում, կամ էրեխեքանց գլխին խփում, որ հանդարտ կենան, ղալմաղալ չանեն, դես ու դեն չվազին: Բազի անգամ էլ բռնոթու ղութին ջիբիցը կամ ծոցիցը հանում, թափ տալիս, ինքը քաշում, փռշտում, երեսին խաչ հանում յա սատանին անիծում ու քեդխուդեքանցը թավազա անում, պատիվ տալիս ու էլ ետ ծանր-ծանր գալիս, իր տեղը կանգնում կամ տերտերի հրամանը կատարում:

Ջահել, տան տղերքն էլ ամառվան պես խոտ հնձելու, կալ կալսելու, բաղ փորելու, էտելու, թաղելու, դարման կրելու դարդ չունենալով՝ ճմլկոտալով, աչքները ճմռեցին ու քնահարամ մտան գոմը, որ տավարին, ձիանոնցը խոտ տան, տակըները սրբեն, ջուրը տանին, ձիանը թիմարեն ու հետը խաղ ասելով էլ ետ կապեն ու գնան տուն: Հարգևոր հարսերը՝ ասղարույր գյուլաբաթնի օշմաղը մինչև քթըների կեսը խոր քցած, քող ու լաչակի ծերը աչքերի տակը խոր քաշած, որ էլ երեսները չէր երևում, մեկ դարայի կամ ղադաք մինթանա հաքըներին, մովի կամ կտավի շապկով զարդարած, մեկ մեծ գոտկով մեջքները չորս տակ, հինգ տակ կապած՝ ղշի պես կուփ-կուփ վեր թռան, երեսներին մի քիչ ջուր քսեցին, փեշով սրբեցին, ու որն սկսեց տունն ավելել, որը դուռը սրբիլ՛ որն էլ չախմախին տվեց, կրակ արեց, որ թունդիրը վառի ու տան թադարեքը տեսնի, պղնձները վրեն դնի ու կերակուրները էփի, հազիր անի: Տան ջահել աղջկերքն էլ գլխըները սանդրեցին, մազըները հուսած, քամակներին քցած, կարմրագագաթ պոպոզ մորթե գդակները գլխըներին, անկաջները կապեցին, դաստամալն ուսըներին քցեցին, կուժը վրեն դրին, բերանը կալան ու գնացին, որ տան համար ջուր բերեն, ու երկար ժամանակ ջրի վրա իրար հետ զրից տալուցը ետը՝ էլ ետ իրար հետ խոսալով, ծիծաղելով մեկն իրանց տունը գնաց, մյուսն` իրանց:

Արեգակի շողքն ընկավ տուն. բորյազը մեկ կողմից էր շվացնում, բզզում, հոսանը մյուս կողմից ֆստացնում, փստացնում, վզվզում, ձինը փանջարեքովը ու երդկովը ներս ածում, աչք ու անկաջ լցնում, ու էրեխեքն էլ քնաթաթախ վեր կացած, թունդրի չորս կողմովը բոլորված, շարված, ու դեռ անլվա՝ ոտըները քարին, գետնին էին ծեծում, մորըները խփում, որ հաց առնին, ուտեն: Աթարի սև, թանձր ծուխը դուռն ու երդիկը կալել, տունը մխի ծով էր շինել, էնպես որ մարդի աչքը առաջը չէ՛ր կարում ջոկի: էրեխեքանց սուգ ու շիվանը գլուխ էր տանում, քյալլա ծակում: Որն օրորոցումն էր լալիս, որը դեռ յորղանի տակին, աչք ու բերան ծխով լիքը՝ գոռում, հարայ տալիս, որն էլ տված հացովը հերիք չէր, էլի ժնգժնգում, ուզում էր, որ էլի տան, որ ձենը կտրի: Խեղճ տանտիկինը հո, չէ՛ր իմանում, թե ձեռը ո՛րի բերնին դնի, ո՛րի աչքը կշտացնի, ու իր բերանն ու աչքը հո, բաց ու խուփ անելով մեռել էր, հենց բռնի՛ր: է՛նքան ծուխ էր կուլ տվել, բռնոթի քաշել փռշտացել, հազացել, որ սիրտն էկել էր, բողազին դեմ առել: է՛նքան աչքերը տրորել էր ու աղի արտասունք թափել, որ աչքի լիսը թռել էր՛ է՛նքան կուզեկուզ, հավկրի պես ման էր էկել պուճախե-պուճախ ընկել, որ էլ մեջքը չէ՛ր կարում քաշիլ: Թունդիրն էլ քանի կենում էր, թեժանում էր: Պղնձները ղլթղլթալով եփ էին գալիս, ինքն էլ թունդրի չորս կողմը դուբարա ավել քսեց, սրբեց, կերակրների համը տեսավ, աղ քցեց ու մտիկ էր անում, որ ժամավորը տուն գա:

Աստուծո ողորմությունը հասավ. ծուխը ետ քաշվեցավ. քամին ետ առավ, ջրի գնացողները Էկան, տղերքն էլ հավաքվեցան. արեգակը մեկ ջիդաբոյ էկավ, բարձրացավ, բայց դեո Ողորմի աստծու ձեն չլսած, ժամավորները չէկած` ո՞վ էր կարող, որ բերանը նշխարք դնի: Առվոտա սհաթի ութը դեռ չէ՛ր ըլիլ, էս որ ասում եմ:

– Է՜հ, ժամ չի՛ դառավ մեր գլխին, մեկ իշի հարսանիք դառավ, տո, – սկսեց տանուտեր 0հանեսի մեծ տղա Աղասին բերանը բաց անիլ ու ինքն իրան թոնթորալ, բարկանալ, որ իր բոզ ձին թամքել, հազիր էր արել, որ էսօր դուս գնա, ջիրիդ խաղա ու ուզում էր, մոնց որ ըլի, մեկ փոքր նհար անի, ձիու քամակն ընկնի ու գնա, իր թայդաշ (տոլ) տղերքանց հետ իր քեֆն արամիշ անի: – Տո՛, ձեր տունը չքանդվի, ախր ի՞նչ խաբար ա էսքան պոչը ձգել, երկարացնել: Մեկ-էրկու ծունր դի՛ր, երեսիդ մեկ-քանի խաչ հանի՛ր, պրծանք, գնաց. ժամի դուոը պաչ արա՛, էլ ետ արի՛, քո բանդ տե՛ս: Ի՞նչ ա, էսպես օրն էլ ժամի տուտը բռնիլ, ե՜րկար մտիկ անիլ, որ հա կա՛ց ու բերանդ բաց ու խուփ արա՛, թե Օրհնյալ եղերուքն ասեն, որ բերանդ հացի համ տեսնի: Խաչը գիտենա, էս հալևորներն ու պառավները քանի մեծանում են, խելքըներն էլ հետըները կորցնում: Կուզես բարկացի՛ր,կուզես սաոը ջուր խմի՛ր, որ մեռնիս էլ, Էնքան պետք է մտիկ անես, որ ժամավորները գան, Ողորմի աստված ասեն, որ բալքի թե աչքդ մի բան տեսնի: Մարդի աչքը ջուր ա կտրում, լերդը չորանում: Էսօր էլ հո մատաղ չե՞ ն մորթել ու ժամի դռանը բաժանում, որ հա թե մտիկ էլ անես, էլի աչքդ մի բան տեսնի, բերանդ մսի համ, քիթդ մսի հոտ առնի: Տերտերների գլուխն էլ հո Էսօր լավ տաքացած` ի՞նչ են մտիկ անում, թե գելը ոչխարը տարավ: էլ տուտը չե՛ն կտրում, լավ-օսալ մի քիչ ոտը բարձրացնում, որ աղունը շուտով վեր գա, ամեն մարդ իր տուն գնա: Էչ չե՛ն միտք անում, թե Էսօր ի՞նչ օր ա: Էս կարգ դնողին ի՞նչ ասեմ. նրա հորն ողորմի, ինքը հացի տեղ խոտ կըլի կերած, բա՜ս… Փորս վեց-վեց անում, ղլվլոց ա ընկել, էլի հա կա՛ց ու գյխիդ վայ տո՛ւր, թե ժամը պետք է արձակվի, որ արքայություն ըլի:

– Տո՛, խա՛նի խարաբ, ի՞նչ էլավ քեզ. մի քիչ որ համբերես, լեզուդ քեզ անես, լավ չլի՞լ. Ի՞նչ ես առավոտ-առավոտ էլ բերնիդ կապը կտրել, հո կրակ չի՞ ընկել փորդ ու քեզ էրում, խորովում, – ասեց մերը բարկանալով, – հո աշխարքը տարան ո՛չ, դու մնացիր: Մենք ջա՞ն չունինք, մեզ աստված չի՞ ստեղծել, հողի՞ցը դուս Էկանք: Պա՛-պա՛, պա՛ – պա՛… էս ժանակիս տղերքը հենց սալթ գժվել, կապովի են դառել: Ո՛չ մեծի պատիվն են ճանաչում, ո՛չ հավատի գինը, ո՛չ ժամի, աղոթքի զորությունը, էս ա, որ աստված մեր գլխին բարկացել, ամեն կողմից մեզանից զուլումը պակաս չի ըլում, է՜: Ամենն էլ իրանց ձին են քշում: էրեկվան երեխեն էլ դեռ ոտը չի՛ էլած՝ ոտն ա բարձրացնում, հո աստված չի՛ վերցնիլ: Վեր կացար տեղիցդ, տո՛, մեկ հլա աստծուն փառք տո՛ւր, երեսիդ խաչ հանի՛ր, հոգիդ միտքդ բե՛ր ու ետո ուզածդ արա՛, է՛. հո ճաքեցիր ո՛չ: Տա՜, տա՜, տա՜… Աստված ազատի էս ժամանակվա երեխեքանց ձեռիցը. որ թողաս, աշխարք կքանդեն: Լավ ա, որ աստված Էսպես անօրեն բանին համբերում ա, ես ըլիմ, չե՛մ համբերիլ:

Աղասին հնազանդ որդի էր: Ղորդ ա, մորը ո՛չինչ չասեց, լռվեց, բայց ասածը մեկ անկաջովը մտավ, մյուսովը դուրս էլավ: Ոտի տակին կրակ էր վառվում-սիրտն ուզում էր բերնովը դուս գա: Գեղումը մեծացած ռամիկ տղա հազարից մեկ անգամ ժամի երես չէ՛ր տեսել, մեղի ձեն չէր լսել, կողքերն ու գլուխը չոլում, սարում հաստացրել: Մեկ զատկին, մեկ էլ ջրօրհներքին, սատանի աչքը քոռ, ղորդ ա, զանգակի ու պատարագի ձեն իմանում էր, բայց վա՜յ էն իմանալուն, ո՛չ սրտին էր քյար անում, ո՛չ ջանին: Նրա համար ժամն ու գիլի հարսանիքը մեկ էր. Ո՛չ բառն էր իմանում, ո՛չ զորությունը. ծունր դնելիս կամ չոքելիս էլ մեջքն ու ոտներն էին ցավում, ծալապատիկ նստում էր, բեզարում էր, ոտի վրա կանգնում էր, չէ՛ր կարում համբերի: Շատ անգամ ճարը կտրում էր, դուս էր գալիս ժամի հայաթը, մեկ գերեզմանաքարի վրա նստում, մեկ կուշտ քնում, էլ ետ ներս մտնում: Շատ անգամ էն վախտին էր ժամ գնում, որ ամեն բանը կերել պրծել, օրհնյալ եղերուքն էին ասում: Ո՛չինչ. Մեկ-էրկու խաչ էր հանում երեսին, ժամի դուռը պաչում, ետ դառնում:

Սաքի մենք է՞նպես չենք անում, կոպիտ գեղըցու վրա ի՞նչ ենք զարմանում կամ ծիծաղում: Գրի սևն ու սպիտակը հո, էսպես տեղը, տերտերներն էլ բռանց էին ջոկում. ավետարան կարդալիս հազար անգամ յա չեշմակը (գյոզլուկը) դզում, յա տիրացվի, մղդսու վրա բարկանում, յա գրակալը դոշըներին քաշում, յա գլուխ, երես գրքի միջումը կորցնում, մեկ պստիկ մոմ էլ ձեռներն առնում, յա մոնթի գլխին խփում, որ մոմը դուզ բռնի: Շատ անգամ էլ, որդիանց որդի, մեկ փիս, անմարս, դժար, ատամ, գլուխ կոտրող բառ էլ որ չէր ռաստ գալիս, հենց գիտես, թե սատանի թամքը կորավ, շատ կռանալուցը, մոմը մոտ բռնելուցը յա գիրքն էր էրվում, յա նրա միրուքը: Ամա էսպես բառեր վարավուրդ էին արել, մոտանալիս կամ գլխովն էին պտտում, կամ մեկ գիրն ասում, մյուսը կուլ տալիս. յա թե չէ՛ սխ կարդալու տեղ՝ սոխ կամ սխտոր ասում, ղս ասելու տեղ ղսրախ, ու ժամ օրհնողն էլ յա չոռ էր ասում, յա չէ՛ լսում: Մեկ գիր պակաս ժամանակին հո, աստված հեռու տանի. ժամ ու ժողովուրդ, տերտեր, տիրացու իրար գլխով էին դիպչում. ամեն բերնից էնպես մեկ խոսք էր դուս գալիս, որ զուռնի փոխանակ դափ էին ածում, մմի տեղ ցխավելը յա քշոցը կարդացողի ձեռը տալիս, տպողին օրհնում, կազմողին գովում ու գեջդանգեջ, պրծնելիս, աստծուն էնքան իրանց հոգու համար շնորհակալություն չանում, որքան գրքից, ավետարանից ազատվելու խաթեր: Թե մեկ վարդապետ էլ պատահում էր էսպես վախտը, աստված հեռու տանի, էշը մնում էր ցխումը խրված, կարդացողի ոտն ու ձեռը դող էր ընկնում, լեզուն կապվում:

Չէ՛ զարմանալու, ի՞նչ անեն խեղճերը, գեղերումը վարժատուն չունին, քաղաքներումը` օրինավոր վարժապետ, ու շատի փորում, հինգ օր ման գաս, մեկ այբի կտոր չե՛ս գտնիր է՛ն էլ շատ ա, որ իրանց ջուրը ջրամանիցը հանում են, իրանց բանը յոլա տանում, ժամի կարգը կատարում: Ամենս էլ լավ գիտենք, թե ո՞ւմ մեղքն ա, ամա հիմիկ խոսալու վախտը չի, հետո կասեմ, ի՞նչ ասեմ, իմացողն իմացավ ու անկաջի տակն էլ բալքի թե քորեց, բայց անկաջի տակը քորելով փոր չի՛ կշտանալ, լավ է մեկ օր առաջ իր բանը կարգին բռնիլ ու չասիլ` էգուց, էգուց: էգուց էլ էս օրվանից ա, ընչանք էգուց-էլօր կքցենք մեր բանը, գելը սուրուն կտանի. ով անկաջ ունի, լսի, թե չէ ոտը քարին կառնի: Մեր Աղասին, բացի սրանից, ղորդ ա, տարին իրեք-չորս անգամ սրբություն էլ էր առնում, խոստովանվում, պաս ու ծում պահում, զատկի մատաղին ընկեր ըլում. խունկ ու մոմ վառում, իր մեղքը բոլոր տերտերի վիզը կապում, ինքը բերանը սրբում, ձեռները լվանում, ղրաղ կանգնում, բայց էս պարտքիցը պրծածին պես, քրդի ասածին պես՝ «էլմը զեն կիկոն» էր, «էլմը զեն կիկոն»: էլ էն ջուրը, էլ էն ջաղացը, ո՛չ ղուղն էր բան մտնում, ո՛չ բերանը լազաթ առնում: Շատ անգամ ժամի ճամփեն էլ էր մաքիցը քցում, խունկն ու մոմն էլ: էս մեկ ադաթ էր. աչքը բաց էր արել, էնպես էր տեսել, թե հինգ նավակատյացը միս չպետք էր կերած, ժամ գնացած, ծում պահած, սրբություն առած, պատարագ արած, հոգո հաց տված, գերեզմաններն օրհնած, ուրիշներն անում էին, ինքն էլ էնպես էր անում, աղքատաց կերակրում, շատ անգամ քահանա, խալխ կանչում ու իրանց ննջեցելոց հոգիքը հիշում: Բոլոր, բոլոր հիանալի սովորություններ էին, աննման օրենք, սուրբ աստվածապաշտություն և մարդասիրություն: Աստված տա, ամեն ազգ էս բարեգործությունները ունենան, որ մեր ընտիր հայերն ունին, ամա Աղասու ջիգրը հենց էնդուր վրա էր շատ անգամ գալիս, որ ինչ անում էին, խելքումը չէին նստացնում, թե բանի զորությունն ի՞նչ ա: Հանդն էր դուս գալիս՝ իր մասիլն ու պտուղը, դաշտերի ծառն ու ծաղիկը, երկնքի պայծառ արեգակի, լուսնի, աստղերի լիսը տեսնելիս նրա հոգին վերանում էր, խելքը թռչում, շատ անգամ աչքերը ծով դառած` տեղն ու տեղը մնում կանգնած, հենց իմանում էր, թե իրան դրախտը տարան: Ձեռները քցում, գլուխը բաց անում, երեսը մեկ երկինքը, մեկ երկրի վրա քցում, հոգոց հանում ու ցանկանում էր, որ ձեն տա:

– Ա՜խ, ո՞վ ես դու, ո՞վ, յարադանիդ ղուրբան, աստված, որ Էսքան բարիքը ստեղծել ես մեզ համար: Ա՜խ, ընչի՞ չե՛ս քո սուրբ երեսը մեկ օր մեզ ցույց տալիս, որ ոտներդ ընկնինք, մեր սիրտը, մեր հոգին քեզ մատաղ տանք: Թե ասեմ` երկիրն ա մենակ գեղեցիկ, հազար ծաղկներով, բուսով զարդարած, բաս երկինքը ո՞ւր թողամ, որ ցերեկը ինձ լիս ա տալիս, հանդիս պտուղը հասցնում, գիշերը մութն իմ աչքիցս հեռացնում ու Էնպես, չադրի պես գլխիս վրա կանգնած` անձրև, արև տալիս, որ ես ապրիմ՝, որդիքս պահպանեմ, աշխարքի պետքը գամ, որ մեռնելիս էլ գան հողիս վրա, ինձ մեկ դարտակ ողորմի ասեն: Ա՜խ, երկնային թագավոր աստված, քանի աչքս բաց եմ անում, էս քո արարածը տեսնում, սիրտս կրակ է դառնում, աչքս ծով, բերանս լռվում, մնում եմ տաքացած, ջեռուցած, բայց ա՜խ, ո՛չ էս կրակն ա ինձ էրում, ո՛չ էս ջուրն ինձ խեղդում: Աչքս մոլորված` էս թփից Էն թուփ, էս սարից Էն սարն ա ընկնում, ծառի տակին ասես, սարի գլխին ասես՝ մտիկ անելով աչքս շաղվում, ջուր ա կտրում: Հենց գիտես` մեկ ձեն, մեկ թև, մեկ աներևույթ հոգի, տերևները խշշալիս, ղուշը թռչելիս, աղբյուրը քչքչալիս, բյուլբյուլը երգելիս, հովը փչելիս, շաղը երեսիս թափելիս, ամպը գռռալիս, անձրևը գալիս ինձ ձեն ըլի տալիս, ինձ ձեռով ըլի անում, ինձ վրա խնդում, թե վայելի՛ր Էստոնք, հողածին մարդ, բարի կա՛ց, բարություն արա՛, Արարչիդ մեծությունը ու խնամքը ճանաչի՛ր, ծառի պես պտուղ տո՛ւր, ծաղկի պես` հոտ, սարի պես՝ աղբյուր, դաշտի պես՝ մասիլ, երկրի պես՝ հաց, երկնքի պես լիս. վայելի՛ր աստուծո բարությունը, ուրըշին էլ փայ տո՛ւր. աղքատ տեսնելիս՝ կերցրո՛ւ, կշտացրո՛ւ, ղուշը վրովդ անց կենալիս կանչի՛ր, կուտ տո՛ւր, դու աոատ ձեռք ունեցիր, որ առատ առնիս ու բախտավոր ըլիս: Ա՛խ, բոլոր կանեմ, կյանքս ուզեն, չե՛մ խնայիլ, բայց ի՞նչ կըլի, որ, տեր իմ և աստված ջան, էս հոգին մեկ օր էլա մի ինձ երևի, որ Էսպես կարոտ չմնամ, չէրվիմ, չմաշվիմ նրա աննման սիրովը: Երազումն էլա որ մեկ նրա պատկերը տեսնեի, սրտումս դարդ չէր մնալ, էսքան չէի հասրաթ ըլիլ ու տանջվիլ: Թե դու ես նրան ուղարկում, ո՜վ տեր իմ և արարիչ, ինչի՞ չես հրամայում, որ մեկ օր, մեկ օր, ա՛խ, մեկ րոպե էլա, մեկ աչքս բաց ու խուփ անելիս էլա, նա մի աչքովս ընկնի, նրան տեսնիմ, սիրտս հովանա ու էլի նրա ասածն անեմ, բերնիս թիքեն հանեմ, ուրըշին ուտացնեմ, հաքիս շորը հանեմ, ուրըշի լաշը ծածկեմ, որ հորնըմորս սիրտն էլ ուրախանա, ասեն, թե «Աստված իրանց բարի զավակ ա պարգևել, որ իրանց խրատը գետինը չի՛ քցում, իրանց բարի ճամփին ա հետևում, իրանց ասածն անում»:

Հանդը դուս գալիս՝ մեր բիրտ Աղասին էսպես էր մտածում, ու սիրտն էրվում, ժամիցը գալիս` փառք էր տալիս աստուծո, որ շուտ արձակվեցավ, ինքը տուն էկավ, որ մի քիչ դինջանա ու գնա հանդը, որ էլի սիրտը բացվի, էլի Էն հիանալի ձենը լսի ու իր բանն անի: Շատ անգամ բարկացած՝ զալիս էր, տան պուճախումը կամ քուրսու տակին ոտները փռում, տրտնջում, թոնթորում, գանգատ անում, որ ժամումը, խոստովանվելիս, Էնպես բաներից էին խաբար առել, նրա սիրտը վիրավորել, որ նրա մտքովը ամենևին երազումն էլ չէին անց կացել:

– Ա՛խպեր, արածիս հլա մեկ ճար արա՛, հետո ուրիշ բաներից հարցըրու, է՛, – ասում էր շատ անգամ նեղանալով:

 







































 










 









...
7