Читать бесплатно книгу «Անահիտ» Աղայան Ղազարոս полностью онлайн — MyBook
image

Գ

Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն՝ Վաչագանը հարցրեց Վաղինակին.

– Վաղինա՛կ, դու մեր Բարդումը տեսա՞ծ ես սրա պես գեղեցիկ աղջիկ։

Վաղինակը պատասխանեց.

– Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է։

– Չես նկատել, բայց լավ ես լսել։ Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան թե աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում։

– Ո՛չ, սխալ չեն լսում, աղջիկն ի՛նքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է։

– Շա՛տ լավ, բայց դրանից ի՞նչ դուրս եկավ, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ո՛չ մի մազ չպակսեցրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց։

– Ուրեմն դու, երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարի՛ր և նրանով բարձրացրու քո իշխաններին։

– Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինա՛կ, որ կարելի չէ տալ ո՛չ մի իշխանի։ Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները։ Դու չգիտե՞ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին՝ հովվական նշան է։

– Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական։

– Հովիվն ու նախրչին ինչո՛վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին՝ ամեն ինչ. ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ՝ ուղտ։ Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում՝ նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերի՛ց չէ բաղկացած, այլ՝ շատ տեսակ կենդանիներից։ Մի՞թե քեզ հայտնի չէ, որ Աստված ամենից շատ նախրչիներին է սիրել․ ի՞նչ են եղել Աբրահամ, Մոսես, Դավիթ, եթե ո՛չ մի-մի նախրչի։ Ո՞վ էր Աստծուն ավելի սիրելի՝ Եսա՞վը, որ մեզ նման որսորդ էր, թե՞ Հակոբը, որ նախրչի էր։ Իմ կարծիքով, նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը՝ Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի։

– Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխա՛ն․ քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս։ Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է «Աչքի սիրածը տգեղ չի լինիլ»։ Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ մի երկրագործի աղջիկ՝ դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր. «Երկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկը՝ Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի»։

– Վաղինա՛կ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղի՛ղն ասա. Անահի՞տն է գեղեցիկ, թե՞ մեր հազարապետի աղջիկ Վարսենիկը։

– Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի՝ հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի՝ այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ։

– Բայց ո՞րը կլինի ավելի խելոք՝ Անահի՞տը, թե՞ Վարսենիկը։

– Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե՝ Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ՛, և այդ պատճառով՝ երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ քո Անահիտի պես նազ ու սազ անել և թուքդ ցամքած թողնել։

– Վաղինա՜կ…

– Հրամայի՛ր, իշխան…

– Վաղինա՛կ, դու ինձ չե՜ս սիրում…

– Իշխա՛ն, ես հասկանում եմ քո միտքը։ Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբժշկելի դառնա…

Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի երևակայական աշխարհի մեջ։ Լռեց և Վաղինակը։ Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես մի նոր որսի հոտ լիներ առած։

Դ

Նախընթաց դեպքից մի քանի օր անցած թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին։ Խոսակցության առարկան Վաչագանն էր։

– Վաղինա՛կ, – ասաց թագավորը, – դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել։ Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող ես զգալ, թե ի՛նչ է որդեսիրությունը։ Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և միայն քե՛զ է հայտնում իր սրտի գաղտնիքը։ Դու պետք է իմանաս նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը գործ դնենք։

Վաղինակը պատասխանեց.

– Հա՛յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը, միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում։ Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա։

– Ո՞վ է այդ Անահիտը։

– Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է։

– Նախրչո՜ւ…

– Այո՛։

– Այդ նախրչու Անահիտը մի աստվածուհի պետք է լինի, ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը։

– Հայր թագավոր, ես միշտ փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում՝ այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է, իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում։ Ասում են՝ գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում։ Ո՛չ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ո՛չ մի օրիորդ՝ նրա ձեռքի ճարտարությունը։ Նրան անվանում են «Անտառների թագուհի», ըստ որում՝ իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն, մի կրակոտ ձի հեծած՝ սար ու ձոր է ընկնում և որտեղից լինի՝ գտնում բերում է։ Այս տեղեկությունները ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել, որ ավելի ևս չտաքանա, բայց ինչպես ես տեսնում եմ, նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ։ Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ։ – Եթե այդպես է՝ ես կհայտնեմ մորը։ Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով։

Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին։ Նա Անահիտի գովասանքը, իր կարծիքով, չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե՝ բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կողմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա։ Ահա՛ այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը։

Ե

Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե՝ նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր։ Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ։ Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան։ Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով։ Գյուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին։ Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե՝ ինչո՞ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց։ Վաճառականները ծիծաղում էին, թե՝ երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու՝ մի աղքատի աղջիկ է ուզում։ Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան։

Ահա՛ թե ինչ էին ասում այդ սրախոսները.

– Բաբի՛կ, ասում են՝ մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե՞լ ես…

– Այդպես չէ, սիրելի՛ Սադոկ, դու սխալ ես լսել։ Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ՝ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում։ Հիմա մենք որ հիմար լինինք, մի՞թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին։ Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն, այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել։

– Ի՜նչ ես ասում… մի՞թե անասուններն էլ ունին թագավոր։

– Ինչո՞ւ ես զարմանում։ Հապա չե՞ս լսել, որ ասում են՝ մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին։ Եվ մարդիկն էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել։

– Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած, որ տավարներն էլ ունենան թագավոր։ Մեկ էլ, որ ասենք՝ օձերի թագավորը օձ է, մորեխներինը՝ մորեխ, բայց տավարներինը մի՞թե մարդ է։

– Հապա մարդ որ չլիներ, էլ ինչպե՞ս աղջիկ կունենար, էլ ո՞ւմ կուզեր մեր թագավորի որդին, երևի մարդ է, որ աղջիկ ունի, և այն էլ՝ գիտե՞ս ինչպե՜ս աղջիկ. շատ գեղեցիկ և շատ իմաստուն։ Ասում են՝ այդ աղջիկը մարդու չի գնում, և դեռ հայտնի չէ, թե արդյոք մեր թագավորի որդուն կուզի՞, թե՞ ոչ։

– Ի՜նչ ես ասում։

– Հապա դու ի՞նչ ես կարծում…

Զ

Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը։

Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը։ Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում։ Նա միայն վախենում էր, թե՝ միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ։ Բայց երբ որ իմացավ, թե՝ գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ի՛նքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին…

Конец ознакомительного фрагмента.

Бесплатно

0 
(0 оценок)

Читать книгу: «Անահիտ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно