Ընթերցողը իսկույն կմտաբերե, որ այդ տարօրինակ անձնավորության հետ, կարծես թե, ծանոթ լինի. կարծես թե, մի քանե անգամ նրան հանդիպած լինի: Այո, ընթերցողի հիշողությունը իրան չի խաբի, եթե այդպես մտածե: Մեր պատմության ընթացքում մի անգամ այդ մարդուն տեսանք Չալաբիան կոչված խաշնարած ցեղի իմամի (հոգևոր գլխավորի) չադրում. խոսում էր գերբնական գիտություններից և ծերունի իմամին մանկացնելու համար երկարակեցության մաջուններ էր պատրաստում: Նույն ժամանակ տեսանք նրան Ֆաթալի խանի չադրում բժշկական հնարներ էր գործ դնում խանի մշտական առողջության համար: Դա միևնույն անձնավորությունն է. – դա միևնույն դերվիշն է: