Դանակը ոսկորին է հասել…» – այս խոսքերով վերջանում էր նամակը – «մեր երեսին պատվի մի կաթիլ անգամ չեն թողել… մեր կնիկներին, մեր աղջիկներին մեր աչքի առջև բռնաբարում են և մենք լուռ նայում ենք… Մեր վանքերը, մեր եկեղեցիները անասունների ախոռատուն են դարձնում և մենք համբերում ենք… Մեր տաճարների սրբությունները կողոպտում են և խաչերը շների շլինքից քարշ են տալիս, իսկ մենք ձայն հանել չենք համարձակվում… Մեր զավակներին, մեր ձեռքից խլելով, օտար երկրներում վաճառում են, մենք արգելել չենք կարողանում… Մեր ձեռքի վաստակը մեզանից հափշտակում են, մեզ թոնում են քաղցած, իսկ մենք բողոքել չենք կարողանում… Ոչ ոք չէ լսում մեր ձայնը, ոչ ոք չէ սրբում մեր արտասուքը: Մնացել է վերևում – աստված, իսկ ներքևում` դու, Դավիթ բեկ: Խեղդամահ եղած հայրենիքի վերջին հառաչանքը կոչում է քեզ: Լսի՜ր նրա ձայնը, լսի՜ր նրա աղաչանքը, օգնության ձեռք մեկնի՜ր: Այն հայրենիքը, որ քեզ սնուցել է, որ քեզ կյանք է տվել, քեզանից կենդանություն է սպասում: Մի թող տուր նրան իսպառ մահանալ:
