Բացի հայերից, Հաղբակա սարերի վրա թափառում են քրդերի զանազան խաշնարած ցեղեր, որոնք չունեն հաստատ բնակություն, այլ տարվա տաք ամիսները անցուցանում են բաց օդի տակ, իսկ ձմեռը զետեղվում են հայերի գյուղերում, և ամեն մի հայ ընտանիք պարտավորված է պահել մի քանի քուրդ գերդաստան նրանց անասունների հետ: Ծանրությունը և նեղությունը, որ կրում են հայերը այդ ինքնակոչ հյուրերից, հասնում է վերին աստիճանի անախոոժության: Թողնենք այն, որ տանտիրոջ կացարանն իր համար ևս նեղ և անբավական է, ուր մնաց որ նա ավելորդ մարդիկ ընդուներ յուր խրճիթի մեջ: Բայց անտանելին այն է, որ շատ անգամ ձմեռը տևում է ավելի երկար քան թե սովորականը, քուրդը սպառնում է իր պաշարը, այն ժամանակ հյուրընկալը պարտավոր է խնամել նորան և նրա անասուններին, մինչև սարերից ձյունը բարձրանա
