Читать бесплатно книгу «Վարդան Ահրումյան» Ալեքսանդր Շիրվանզադե полностью онлайн — MyBook
image
cover

Ալեքսանդր Շիրվանզադե
Վարդան Ահրումյան

Վարդան Ահրումյան

Մի ականատես պառավ պատմում էր, թե այն օրը սոսկալի էր, երբ աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը: Իբրև թե երկինքը անընդհատ որոտում էր, երբեմն մռնչում ամեհի գազանի պես, մթին ամպերը, ղեկը կորցրած նավերի նման, երերվում էին, չգիտենալով ուր գնալ և ինչպես: Սակայն անձրև չէր տեղում և չտեղաց ամբողջ օրը: Երկիրը խավարվել էր, ինչպես մորեխի ժամանակ, կատաղի հողմերից հալածվող փոշին ոլոր-մոլոր պտույտներ էր գործում ամայացած փողոցներում և քաղաքը նմանվում էր վիթխարի աղորիքի:

Կովկասի աշխարհագրական քարտեզում այդ քաղաքը, հարկավ, ունի իր տեղն ու անունը: Գնդասեղի գլխիկի չափ մի կետ ցույց է տալիս, թե նա գտնվում է Սև և Կասպյան ծովերի մեջտեղում, Կովկասյան լեռնաշղթայի հարավային ստորոտում: Իր արտաքին տեսքով, փողոցների նեղությամբ ու ծռությամբ, տների փոքրությամբ, մանավանդ իր ներքին կենցաղով, բնակիչների վարք ու բարքերով, իր անցյալի պատմությամբ, ներկայի կացությամբ, իր խելոք ու հիմար ավանդություններով ու սովորություններով նա այնքան նման է Կովկասի մյուս քաղաքներին, որ հարկ չկա նրա իսկական անունը հիշելու: Թողեք ուրեմն, նա կրի մի անգործ կատակաբանի հնարած կեղծ անունը – Զիլզիլ: Ես շատ շնորհակալ եմ այդ կատակաբանից, նա ինձ ազատում է բծախնդիր քննադատի հետաքրքրությունից, որ ավելի անտանելի է, քան միջին դարերի հավատաքննությունը և ավելի զազրելի, քան լրտեսությունը կամ անոնիմ նամակներ գրելը:

Վարդան Ահրումյանի ծնունդը կատարվում էր Զիլզիլ քաղաքի կենտրոնում, որ քրիստոնյաների արվարձանը բաժանում էր մահմեդականների արվարձանից. տափակ կտուրով մի հարկանի քարաշեն մի տան մեջ: Դրսի կողմից այդ տունն ուներ միայն մի լուսամուտ, այն էլ պատսպարված երկաթե ամուր ու թանձր ցանցով և մի ահագին դարպաս, որ միշտ փակ էր երկու հաստ նիգերով և կես փութանոց կողպեքով: Չորս շարք երկաթե գամեր, որոնց գլուխներն ունեին սունկերի մեծություն, այդ դարպասին տալիս էին հինավուրց դղյակի շուք իրանց ժանգով: Մռայլությունը կրկնապատկվում էր երկաթե ցանցի վրա նստած քողով ու սարդի խիտ ոստայններով, որոնց մեջ հանգչում էին անթիվ ճանճերի կմախքները: Նորեկ անցորդը, նայելով այդ տանը, կարող էր կարծել, թե ահա-ահա նրա մի ծայրից պիտի երևա պահապան մի զինվոր, հրացանն ուսին և երկաթե ցանցի ետևից պիտի նայի թշվառ բանտարկյալի կանաչ-դեղնագույն ուռած դեմքը:

Շատ քչերն էին ներս մտնում դարպասի մի թևի մեջ բացված կամարաձև դռնակով, կանխապես զարկելով նրա վրա քաշ արած հաստ ու կեռ երկաթե մուրճը, որ նույնպես ժանգոտվել էր անգործությունից: Եվ նրանք, որոնք մտնում էին,, դուրս էին գալիս ոչ զվարթ դեմքով և միշտ տարակուսորեն շարժելով իրենց գլուխը:

Այդ տանն էր բնակվում Զիլզիլ քաղաքի անվանի վաճառական Աթանես Ահրումյանը, պարսկական վերջին խանի մատակարար Ահրումի թոռը: Անվանի՝ ոչ այնքան իր հարստությամբ կամ ծագումով, որքան անմատչելի, ժանտ ու մարդատյաց բնույթով:

Այդ տարօրինակ մարդը խույս էր տալիս հարևաններից, ատում էր ազգականներին (և ուներ իրավունք, որովհետև բոլորն էլ ձրիակերներ էին), իսկ բարեկամներ գրեթե չուներ և չէր էլ կամենում ունենալ: Սափրիչ Պողոսը, որ կիրակի առավոտները գնում էր Աթանեսի երեսը թրաշելու, հավատացնում էր, թե անհյուրընկալ մարդը նույնիսկ իր «ուստային» տհաճությամբ է ընդունում:

Ավագ քահանա տեր-Սարգիսը միայն ջրօրհնեք ու զատիկ օրերը Աթանեսի տունը մտնելով, պնդում էր, թե մարդը այդ ուրախ օրերին իսկ չի ուզում ոչ ոքի ընդունել, բացի մի մարդուց, քաղաքի առաջին հարուստ մետաքսավաճառ Աբրահամ աղա Մկրտումյանից:

Ահա թե ինչպիսի մարդ էր Աթանես Ահրումյանը և ահա ինչու այդ տագնապալի պահին, երբ նրա կինը գտնվում էր ծանր երկունքի մեջ, նրա հոգին խռովել էր ամբողջ մարդկության դեմ: Մեն-մենակ նա անցնում էր սենյակից սենյակ, հառաչում, ինքն իրեն բարկանում և մերթ ընդ մերթ մոտենում էր ննջարանի դռներին ու ականջ դնում: Նա լսում էր Գյուլումի պարբերաբար կրկնվող ճիչերը և հայհոյում էր բնության օրենքները, որ այնքան դաժան էին ծննդաբեր կնոջ համար: Հայհոյում էր նաև ծննդկանին, որ այնքան բարձրաձայն էր ճչում արգանդի ցավերից: Կարծես, եթե կամենար էլ կարող էր չճչալ:

Գյուլումը ծնում էր թվով երրորդ զավակը իր ամուսնության ութերորդ տարվա մեջ: Առաջինը մեռել էր մի տարեկան հասակում: Այդ վաղաժամ մահվան առիթով քաղաքի որոշ շրջաններում պտտում էին զանազան չար լուրեր Աթանեսի հայրական զգացման մասին: Ասում էին, օրինակ, թե նա մի օր, կատաղության պահին այնքան է ինքն իքձեն կորցնում, որ բռնելով մի տարեկան աղջկանը թևերից բարձրացնում է վեր և ձգում մոր վրա: Մայրը գլուխը թեքում է, երեխան դիպչում է պատին և մեռնում: Եվ պատմողները Աթանեսի այդ վայրենությունը վերագրում էին նրա ատելությանը դեպի իր զավակի սեռը: Սակայն շատերն այդ սոսկալի մեղադրանքը համարում էին զրպարտություն, ասելով, թե, ճշմարիտ է, Աթանեսը ատում է կանանց սեռը, բայց չէր կարող այդքան անհոգի լինել իր անմեղ զավակի վերաբերմամբ:

Թե որն էր ճիշտը այդ կարծիքներից – դժվար էր որոշել: Մի բան միայն պարզ էր – Աթանեսի ջերմ փափագը ունենալ վերջապես մի արու զավակ: Եթե ծնվողն այս անգամ տղա լինի – թող վկա լինի աստված, որ Աթանեսը Գյուլումին կնվիրի մի թանկագին զգեստ, իսկ եթե, տերը մի արասցե, աղջիկ ծնե, կթքի անամոթի երեսին, այնուհետև հաց էլ չի տալ նրան ուտելու, այդ «արգանդը անիծված» կնոջը:

Մի երկարատև ու սուր ճիչ ընդհատեց Աթանեսի մտքերը, հետո լսվեց մի ուրիշ, բոլորովին տարբեր ճիչ, մի արագահոս լաց, նման թակարդն ընկած առնետի ծվծվոցին: Աթանեսը հասկացավ բանի էությունը:

«Ազատվեց», ասաց նա մտքում, ննջարանի դռներից հեռացավ և ծխամորճը վերցրեց, որ ծխախոտ լեցնե ու ծխե: Նույն րոպեին ներս մտավ նրա զոքանչը` Ծաղիկը, մեկը Զիլզիլ քաղաքի այն խեղճացած պառավներից, որոնց մեջքը այնքան վաղաժամ կորանում է ասիական հոռի կյանքի ծանրության ներքո:

– Աչքդ լույս, փեսա ջան, կնիկդ ազատվեց աստծու կարողությամբ:

– Ազատվելը գլխին տված, տղա՞ է, թե աղջիկ, – գոչեց Աթանեսը, գրեթե անհամբերությունից հևալով:

– Տղա՛, տղա՛:

Աթանեսը հառաչեց, վերջապես նրա փափագը կատարվեց:

– Դեհ, շնորհակալ եմ, գնա՛ բանիդ, – ասաց նա դարձյալ իր սովորական բարկացկոտ եղանակով:

Պառավը հեռացավ: Աթանեսը շարունակեց իր անցուդարձը, այս անգամ այնպիսի անկանոն քայլերով, որ նրա երկայն գդակի կոնաձև ծայրը օդի մեջ գծում էր ամենատարօրինակ զիգզագներ: Կարծես, մարդը հանկարծ հարբեց: Եվ ինչպես չհարբեր, վերջապես աստված լսեց նրա լռիկ աղոթքները, գաղտնի հառաչանքները և պարգևեց նրան արու ժառանգ: Այժմ թող նրա թշնամիների (Աթանեսն ամբողջ մարդկությանը իր թշնամին էր համարում) աչքը դուրս գա և լեզուն պապանձվի: Հե՜, անիծվածներ, դուք հույս ունեիք, որ Աթանես Ահրումյանը անժառանգ կմնա, տունն ու տեղը կընկնի կանանց ձեռքը իր մահից հետո և քար ու քանդ կլինի: Դե, հիմա լսեցեք ու նախանձից տրաքեցեք…

Քառորդ ժամ անցած՝ լուր եկավ, թե երջանիկ հայրը, եթե կամենում է, կարող է տեսնել իր ժառանգին: Նա անմիջապես անցավ ծննդաբերի սենյակը: Այդտեղ նրա աչքերին ներկայացավ հետևյալ տեսարանը. – սենյակի մի անկյունում պառկած էր Գյուլումը ուժասպառ, գունատ, որպես անշնչացած, սակայն մի անդորր ու երջանիկ ժպիտ ամուր սեղմած շրթունքների վրա: Նրա գլխի աջ կողմում նստած էր մայրը, իսկ ձախ կողմում քույրերը, Ոսկեհատն ու Զառիկը ու լալիս էին… ուրախությունից: Ուրախ էին, որ իրենց քույրը արու զավակ է ծնել և մի անգամ առմիշտ ազատվել ամուսնու դառն կշտամբանքներից ու անեծքներից: Մյուս անկյունում, բաց հատակի վրա երևում էր մի կլոր փոս, նրա մոտ տաք ջրով լի մի պղնձի տաշտ, որից բարձրացող շոգին սքողել էր մի քայլ հեռու դրած երեխային, ինչպես նոսր ամպը նորածին լուսնյակին:

Մանկաբարձուհու դերը կատարում էր Հերիքնազը, որ Աթանեսի մերձավոր ազգականուհիներից էր: Արխալուղի թևերը մինչև արմունկները ծալած, նա պատրաստվում էր նորածնին լողացնելու, իսկ նորածինը բարձրացրել էր այնպիսը բողոք, որ կարծես ուզում էին նրան խորովել, և նա զգում էր այդ:

Արդարև, այն գործողությունը, որ կատարեց Հերիքնազը Ոսկեհատի ու Զառիկի օգնությամբ, հավասար էր խորովելուն: Նա նորածնին դրեց տաք ջրի մեջ և մի ձեռով բռնած, մյուսով սկսեց նրա մարմինը լվանալ այնպիսի ուժով, որ կարծես կոշտ ու կոպիտ լաթի կտոր էր լվանում: Հետո դուրս բերեց նրան ջրից ու սկսեց վրան աղ քսել, առանձին ուշ դարձնելով նրա կռնատակերի և այլ ծածուկ տեղերի վրա: Հարկավ, այս անգամ նորածնի ծվծվոցը հասավ իր գագաթնակետին:

– Ձայնդ փորդ քաշիր, չար Հուլիանոս, – ասաց նրա տատը ուրախ կատակով, – վրեդ աղ են ցանում, որ չհոտես:

– Համ էլ, որ կաշիդ պնդի, չքրտնես ու չհոգնես, – ավելացրեց Ոսկեհատը:

– Եվս առավել, որ համով մարդ լինես, – լրացրեց Զառիկը:

Անհանգիստ նորածնին օրինավոր աղելուց ու չարչարելուց հետո, Հերիքնազը դրեց խանձարուրի մեջ, փաթաթեց ու սկսեց ձեռներն ու ոտները մետաքսյա լայն ժապավենով կապոտել, այնքան ամուր, որ կարծես փոստային փաթեթ էր պատրաստում հեռավոր երկրներ ուղարկելու համար:. Շատ տարիներ հետո, երբ մանուկը ցույց տվեց իր արտակարգ ձիրքերը, պառավներն ասում էին, «կապողն է այդպես կապել»: Նույն պառավները երդվելով հավատացնում էին, թե մանուկը մոր արգանդից դուրս գալով, իսկույն աղաղակել է. «ուզում եմ, ուզում եմ»: Պնդում էին նաև, թե ներկա եղողները ջրից դուրս բերելիս նրա կրծքի վրա նշմարել էին մի կլոր դեղնագույն բիծ, իսկ և իսկ նման ոսկի իմպերիայի: Ոմանք հավատացնում էին, թե այդ բիծն այժմ էլ անշնչելի դրոշմված է, և թե դա անզուգական մահկանացուի հազվագյուտ բախտի նշանն է:

Աթանեսը մոտեցավ իր ժառանգին, նայեց նրա կապտա-կարմրագույն երեսին, ժպտաց, եթե միայն կարելի էր ժպիտ համարել նրա դաժան դեմքի կծկվիլը, և արտասանեց հետևյալ փաղաքշական դարձվածքը:

– Շան ծնունդը եփած ճղնուտրի է նման:

Հետո նա իր երկայն արխալուղի գրպանից դուրս բերեց երկու արծաթյա ռուբլիներ և դրեց նորածնի խանձարուրի վրա: Նրա օրինակին հետևեցին զոքանչն ու քենիները: Հերիքնազը վերցրեց այդ դրամները և գրպանը դրեց, որպես իր աշխատանքի վարձը:

– Դե՛հ, հիմա հայդա՜, – դարձավ Աթանեսն իր քենիներին, – ազատվողն ազատվեց, դուք էլ ինձ ազատեցեք: Հայդա՜, շնորհակալություն ու բարի ճանապարհ: Գիտեմ, սպասում եք, որ ձեզ չայ խմեցնեմ, դե, ի՜նչ արած, տեսնում եք, որ չեմ կարող: Շաքարս թրջվել է ծովում, չայի հունձը Չին ու Մաչինում չեն սկսել դեռ, սամովարս էլ գողերը տարել են, ջուր չկա, ածուխ չկա: Բարի ճանապարհ, գլխիս տերեր, աչքիս լույս ազգականներ, բարևեցեք ձեր մարդկանց, ասացեք, տուն ու տեղս այժմ տեր ունի, կարողությունս գայլերի բերանը չի ընկնիլ: Չէ, դու մի գնա, աչքիս լույս զոքանչ, թող աղջկերքդ գնան, դու մնա Հերիքնազին օգնիր: Դե, հայդա, իմ սիրուն-սիրուն քենիներ, մեծ բան արիք, շնորհակալ եմ, հայդա, Ահրումենց Աթանեսը աչքով աչք չունի իր տանը ավելորդ կանայք տեսնելու: Ի՜նչ արած, բնությունս է այդպես: Ես մեղավոր չեմ: Բարի ճանապարհ…

Վաղուց արդեն ընտելացած լինելով Աթանեսի բնույթին, Ոսկեհատն ու Զառիկը շտապեցին լուռ ու մունջ հեռանալ:

Այսպես աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը, նա, որ ապագայում հռչակեց իր անունը և դարձավ համայն երկրի նախանձի առարկան:

Ուղիղ յոթերորդ օրը Աթանեսը հրավիրեց տեր-Համբարձումին նործնին «հալալելու», այսինքն` մկրտելու: Կնքահայրը Աբրահամ աղա Ալբաշյանն էր, քաղաքի առաջին վաճառականը և ամենից հարգված քաղաքացին, միակ մարդն ամբողջ Զիլզիլում, որի հետ Աթանեսը քիչ թե շատ բարեկամական հարաբերություններ ուներ կամ, ճիշտն ասած, միակ մարդն էր, որին հավատում էր:

Առավոտյան կնքահայրն իր սանիկի ծնողների համար ուղարկեց մի գլուխ շաքար, մի ֆունտ թեյ և կես փութ չորացրած մրգեղեն, իսկ ինքը բարեհաճեց ուղղակի եկեղեցի գնալ, ուր արդեն սպասում էր Հերիքնազը՝ նորածնին թևերի վրա պահած:

Տ եր-Համբարձումը մանկանը տվեց օրացույցի համեմատ Վարդան անունը, խորապես համոզված, որ ավելի պատշաճ ու պատվավոր անուն դժվար էր գտնել Աբրահամ աղայի սանիկի և որ ամենագլխավորն է, ամեն բանից դժգոհ Աթանես Ահրումյանի որդու համար: Թող սուրբ զորավարի խաչն ու սուրբ հովանավորին ու պաշտպանին նրան:

Վարդանին տուն բերին հետևյալ հանդեսով. – առջևից գնում էր տիրացուն խաչվառը բարձր պահած, հետո տեր-Համբարձումը շուրջառն ուսերին, խաչը ձեռին, երգելով հանդեսին վայել շարականը:

Այնուհետև ընթանում էր Աբրահամ աղան թևերի վրա պահած իր սանիկին և ձեռներում բռնած մի զույգ վառ մոմեր՝ զույգը քառասուն կոպեկանոց: Նրան հետևում էին Հերիքնազը` կռնատակին բռնած մի կապոց և ժամկոչը՝ մի ձեռքում հանգած բուրվառը , մյուսում՝ տերհոր գավազանն ու Աբրահամ աղայի մորթե գդակը:

Աջ ու ձախ կողմերից հանդեսն ուղեկցում էին մի տասնյակ կիսամերկ, ոտաբոբիկ մանուկներ, աշխատելով մի քայլ անգամ ետ չմնալ հանդեսից և միշտ նայելով Աբրահամ աղայի երեսին այնպես, որ կարծես մարդը անհայտ մոլորակից ընկած մի տարօրինակ արարած լիներ: Այնինչ, Աբրահամ աղան գրգռված էր, նրա կռները հոգնել էին սանիկին պահելուց, այնչափ, որ ուրախ կլիներ նրան ձգել գետնի վրա: Իր սրտի մաղձը նա թափում էր անկոչ թիկնապահների վրա գոռալով, ոտները գետնին զարնելով ու հայհոյելով հանդեսին միանգամայն անվայել խոսքերով: Նրա ձայնը հրամայողական էր ու ազդու, քայլվածքը գոռոզ, գեր դեմքի արտահայտությունն սպառնալի, թանձր բեղերի և թավ հոնքերի շնորհիվ: Մանուկները մի վայրկյան սարսափելով, ցրվում էին դեսուդեն և նորից կամացուկ ու անվստահ քայլերով մոտենում էին:

Վերջապես հանդեսը տուն հասավ, մռայլ դարպասի դռնակը բացվեց և փակվեց փողոցային մանուկների քթի առջև:

Հյուրերի համար Աթանեսի զոքանչը պատրաստել էր թերխաշ ձվեր, կարագ, մեղր, գաթա, սեր և քաղցր թեյի ու ռոմի խառնուրդ – մի ըմպելիք, որ տեղական բարբառով կոչվում էր «փունջ»: Աթանեսը հագել էր իր պսակադրության համար կարված մետաքսյա արխալուղը, մեջքին կապել էր կապտագույն լայն գոտին, որի մի ծայրը հասնում էր գետնին: Ինչե՜ր չէր երևակայում երջանիկ հայրը յոթօրյա ժառանգի վերաբերմամբ: Վարդանը կմեծանա, կդառնա հոր ապավենը և աչալուրջ օգնականն ու ընկերը առևտրի մեջ, ինքն անձամբ ամեն տարի կգնա «Մակարիա» ապրանք բերելու, հազարներ կվաստակի, տներ ու քարվանսարաներ կշինի, կդառնա Զիլզիլ քաղաքի առաջին քաղաքացին, ամենքի նախանձի առարկան, մի խոսքով Ահրումյանի արժանավոր ժառանգը:

– Ա մարդ, ի՞նչ ես քթիդ տակ փնթփնթում, – ասաց Գյուլումը, որ հագնված, անկողնում նստած՝ սպասում էր զավակի վերադարձին, – կանգ առ, ա՛ մարդ, հենց մի գլուխ չափչփում ես սենյակը, այդ ո՞ւմ ես անիծում կամ օրհնում… Բա՜ս ինչո՞ւ ձեռդ բարձրացրիր, ո՞ւմ ես ուզում խփել: Դե՜հ, հիմա էլ ծիծաղեցիր, փիե՜, ինչո՞ւ, ի՞նչ պատահեց…

– Նա պիտի մեծ մարդ լինի, Գյուլում, շատ մեծ մարդ, հասկանո՞ւմ ես…

– Ո՞վ… հասկացա – որդի՞դ:

– Եթե մեծ մարդ չլինի, ամենից առաջ, ես կթքեմ նրա երեսին:

– Չեմ թողնի, չեմ թողնի, – համարձակվեց հակառակել Գյուլումը, գուցե առաջին անգամ ութ տարվա ընթացքում…

– Ձայնդ կտրիր, շուն շան…

Լսվեց տեր-Համբարձումի զիլ ձայնը, որ այս անգամ ախորժալուր էր Աթանեսի համար:

Հարևան կտուրները լեցվեցին հետաքրքիր կանանցով ու երեխաներով: Սակայն բակում կար մի ահագին ծառ` կար միր թթի: Նրա խիտ ճյուղերը խանգարում էին նրանց տեսնել ինչ է կատարվում «խուլ» Աթանեսի տանը:

Հյուրերը նախաճաշի նստեցին: Տեր-Համբարձումը կերավ վեց հատ թերխաշ ձու, ասելով, թե ձուն խիստ օգտակար է ձայնի զորության համար, բայց թե ի՞նչ օգուտ ուներ երեք բաժակ փունջն ու երկու բաժակ օղին, այս մասին լռեց, բարվոք համարելով ոչնչացնել խաշած հավը, մեղրն ու կարագը:

Աբրահամ աղան երկու բաժակ փունջից հետո բավական զվարթացավ և խոսք բաց անելով առևտրի մասին, անցավ քաղաքական դեպքերին, հայտնեց հեղինակավոր եղանակով, թե «ռուսը» վճռել է այս տարի անպատճառ իր հաշիվները վերջացնել Դաղստանի հետ, ամեն բան պատրաստ է, այսօր-էգուց իմամ Շամիլին կբռնեն և Դաղստանի գեներալ-նահանգապետ կնշանակվի Արղութովը: Հետո անցնելով ուրիշ նյութերի, վերջապես խոսեց իր սանիկի ապագայի մասին, միակ նյութը, որ շարժեց Աթանեսի հետաքրքրությունը:

– Գիտես, Աթանես աղա, – շարունակեց Աբրահամ աղան, մի կումով դատարկելով փունջի երրորդ բաժակը, – այն օրից, որ ռուսը ոտք դրեց մեր կողմերը, աշխարհը փոխվեց, հին կարգերը տակն ու վրա եղան, նոր, ավելի լավ կարգեր առաջ եկան, ես իմ աստվածը: Հիմա ուսում է հարկավոր, գիտություն, իմաստություն: Ասելս այն է, որ որդուդ չպետք է անուսում թողնես, հաա՜, թե չէ, շատ կփոշմանես: Հիմիկվա ժամանակը անուսում մարդը կես մարդ է, եթե ուզում ես, իսկի մարդ էլ չէ…

– Ուրեմն ես, – փորձեց հակառակել Աթանեսը, մի տեսակ վիրավորված համարելով իրեն…

– Խոսքս քո և իմ մասին չէ, – շտապեց ուղղել իր սխալը Աբրահամը, – մեր բանն ուրիշ է, մենք հին մարդիկ ենք, խոսքս մեր զավակների մասին է…

Այնուամենայնիվ Աթանեսն իրեն վիրավորված զգաց և սաստիկ փափագեց մի թունդ հիշոց արձակել, բայց հիշելով, որ դիմացինը Աբրահամ աղա Դալբաշյանն է, բեղերի մեկը ծալեց և դրեց ատամների տակ:

– Աղա Աբրահամ, – մեջ մտավ տեր-Համբարձումը, մի նենգավոր հայացք ձգելով կնքահոր ուղարկած շաքարի վրա, որ ցցվել էր սենյակի մի անկյունում, կարծես տեր-հոր ախորժակը գրգռելու համար, – այս տարի շաքարի մազանդան ո՞նց է:

– Շատ բարձր…

– Բահ, ուրեմն ասա ինձ նման անճարներն էլ թեյ չպիտի խմեն, էլի:

Աթանեսը, իհարկե, հասկացավ տեր-հոր խորամանկ ակնարկը և մտքում ասաց, «վեր կենաս աներեսի միրուքը գզգզես, հաա՜…»

Տեր-հայրը վերջին անգամ մկրտվածին երկար կյանք, առողջություն, հաջողություն, մեծ անուն, պատիվ, տոպրակներով ոսկի-արծաթ և այլ ու այլ բարիքներ մաղթելով «աջահամբյուրը» գրպանը դրեց ու դուրս գնաց, բավականին երերուն քայվերով: Նրան հետևեց Աբրահամ աղան, կրկնելով.

– Անուսում չթողնես, հա՜, էս է ասում եմ, թե չէ շատ կփոշմանես:

Դիտողների ասելով Վարդանը ոչ մորն էր նման, այդ բարի աչքերով և հեզ դեմքով նիհար կնոջը, ոչ հորը, այդ ամրակազմ, խոժոռադեմ, մեծ քթով, հաստ կարմիր պարանոցով մարդուն: Տատը պնդում էր, թե երեխան նման էր իր մորեղբայր Մարտիրոս Հախվերդյանին, որ երեք տարի բացակայում էր Զիլզիլ քաղաքից: Ճիշտ էր այս թե ոչ, դժվար էր ստուգել, բայց մի բան խիստ աչքի էր ընկնում – Վարդանի աչքերի գույնը: Իսկապես այդ գույն չէր, այլ դեղնի, կարմրի ու կանաչի մի տարօրինակ, չտեսնված խառնուրդ: Այդ աչքերը երբեմն նայում էին չափահաս մարդու վերին աստիճանի ազդու ու սուր հայացքով: Թվում էր, թե արդեն խանձարուրի մեջ մանուկը հասկացել է կյանք ասված մեքենայի խորին բարդությունը և զգում է, որ այդ բարդության դեմ մաքառելու համար պիտի բռնել հարձակողական դիրք: Մերթ ընդ մերթ թվում էր, որ նա պատրաստ է կատաղած կատվի պես ցատկել դիտողի վրա և իր մագիլներով ճանկռտել նրա երեսը:

Մի առավոտ Աթանեսը նայելով նրա երեսին, արտասանեց.

– Այդ տղան չի կորչիլ, չի կորչիլ, այդ երևում է նրա աչքերից:

Գյուլումը, գոհունակության ժպիտն երեսին ասում էր, թե հազիվ աշխարհում մի մանուկ մոր կրծքից կաթն այնպես ագահորեն ծծած լինի, որպես Վարդանը: Արդարև, երբ նա կպչում էր մոր կրծքին, մի անհագ ու սոսկալի տզրուկ էր, սոսկալի մանավանդ իր խոշորությամբ: Բիբերն ուղղելով մոր աչքերին, ծծում էր նրա կաթը մինչև վերջին կաթիլը, իսկ երբ կաթը սպառվում էր, իր լինդերով կծում էր կերակրիչ անոթն այնպես ամուր, որ մայրը ցավից աղաղակում էր և շտապում իր կուրծքն ազատել նրա այնքան փոքրիկ, բայց և այնքան սուր ճանկերից: Օ՜, այդ ճանկերը շատ անգամ էին խրվում մայրական կրծքի մեջ և այնտեղ թողնում կապույտ հետքեր, մինչդեռ վագրի աչքերը շարունակ նայում էին մոր երեսին հանգիստ, անշարժ, որպես սառցի կտորներ:

Տասնումեկ ամսական հասակում Վարդանին ծծից կտրեցին: Մի քիչ վաղաժամ էր, բայց գարնան օրերն էին, սպասվելիք շոգերի պատճառով հարկավոր էր մանկան ստամոքսն օր առաջ ընտելացնել արվեստական կերակրմանը:

– Փառք աստծո, – ասաց Գյուլումը, – հիմա մի քիչ ուժի կգամ: Այս տղան կաթիս հետ արյունս էլ ծծեց:

– Տա աստված, այնպիսի տղա լինի, որ աշխարհի արյունը ծծե, – արտասանեց Աթանեսը:

– Մի՛ ասա, ա մարդ, մի՛ ասա, մարդիկ կարող են անիծել որդուդ:

Бесплатно

5 
(4 оценки)

Читать книгу: «Վարդան Ահրումյան»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

На этой странице вы можете прочитать онлайн книгу «Վարդան Ահրումյան», автора Ալեքսանդր Շիրվանզադե. Данная книга имеет возрастное ограничение 12+, относится к жанру «Зарубежные любовные романы».. Книга «Վարդան Ահրումյան» была издана в 2017 году. Приятного чтения!