Читать бесплатно книгу «Պոեմներ, առակներ, հեքիաթներ» Աթաբեկ Խնկոյան полностью онлайн — MyBook
image
cover

Աթաբեկ Խնկոյան
Պոեմներ, առակներ, հեքիաթներ

ԵՍ

Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:

Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.

( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:

Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.

( Դո՛ւ…

( Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:

Ագռավը բացեց կտուցը և կռռաց.

( Ե՛ս…

Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավջուրը և իրեն ազատեց:

ԽԽՈՒՆՋՆ ՈՒ ՍՈՒՆԿԸ

Նստել է խխունջը սունկի վրա, բարկանում է, նեղանում ու անցնողին նախատում:

(Էս ի՛նչ է թռչկոտում ճպռոտ ճպուռը, ասես չի կարող ինձ նման ծանր ու մեծ նստի: Թիթեռները թրթռում են, թռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

– Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

– Է՛ քուրիկ խխունջ, – հառաչում է սունկը, – գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:

ՀՊԱՐՏ ԱՔԼՈՐԸ

Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:

Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.

– Ծուղրուղո՛ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:

Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.

( Կորի՜, գնա՜, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ թակում է:

ԿԱՉԱՂԱԿԸ

Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.

(Կա, չէ, կա, չկա, չէ:

Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

( Չկա, չէ, չէ…

ՍԵՐՈԲԸ

– Սերո՜բ, – ասում է հայրը, – գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:

– Է՜, բան չունես, հայրիկ, ի՜նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:

– Սերո՜բ, Սերո՜բ, – ասում է հայրը, – ապրես, գնա հարևանից գրվանքանոցը բեր, պանիր կշռենք:

– Է՜, բան չունես, հայրի՜կ, ա՜յ, մեր սատկած էշի սմբակը մի գրվանքա է:

– Սերո՜բ, Սերո՜բ, դու ինձանից թեթև ես, մի դուրս վազի տես եղանակն ինչպես է:

– Է՜, հայրիկ, էլ ի՛նչ գնամ, կուզես մեր շանը կանչեմ, թե մազերը չոր են, հո եղանակը պարզ է:

– Սերո՜բ, Սերո՜բ, – շունչը կտրած ասում է հայրը, – հացը բկիս կանգնեց, ջո՜ւր, ջո՜ւր, ջ՜ուր…

– Է՛, հայրիկ, – ասում է Սերոբը, – դու էլ ինչ դժվար բան կա, ինձ ես ասում…

ԸՆԿՈԻՅԶՆ ՈԻ ՈՐԴԸ

Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.

( Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:

(Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, – ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:

– Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, – պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:

Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.

 
– Մի նոր ընկույզ ես գտա,
Ծակեցի ու ներս մտա,
Կերա, կերա կշտացա,
Դատարկ մնաց՝ վշտացա:
 

Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.

 
– Դուրս գամ ծառը չափչփեմ.
Տեսնես ում կխաբխբեմ,
Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,
Լեզուս քաղցր, շողոքորթ:
 

Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:

ԳԱՅԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՔԸ

Գայլի մահը մոտեցել էր: Նա մեռնում էր, դրա համար էլ սկսեց իր մեղքերը մեկ-մեկ խոստովանել… Բայց ընդամենը երեք ժամ էր մնացել, որ հոգին տար, իսկ մեղքերն այնքան շատ էին, որ երեք օրն էլ բավական չէր լինի բոլորը խոստովանելու համար:

Գայլը տեսնում է, որ հնար չկա, սկսում է իր արած լավությունները մեկ-մեկ հաշվել:

– Մի անգամ, – ասում է նա, – մի գառ անցավ մոտովս, իսկ ես թեև շատ քաղցած էի, բայց ձեռք չտվի նրան: Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ մի ոչխար հեռվում կանգնած՝ ծիծաղում էր ինձ վրա, որ ես գառանը մաս-մաս չարի: Բայց չնայելով ոչխարի ծաղրին, ես թողի գառանը, որ ողջ-առողջ անցնի իմ մոտովը:

Էս մեկ… մեկ էլ..

– Հիշում եմ, ա՜յ գայլ, – ձայն տվեց ոզնին, որ կանգնած էր գայլից քիչ հեռու, – այդ բանն այն ժամանակ պատահեց, երբ դու երկու թաթով թակարդն էիր ընկել և չէիր կարողանում տեղիցդ շարժվել:

ՓՇԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Կառ փուշը գլուխը տնկած, փշերը փռած, փշերը սրած, ուռած ու փքված ինքն իրեն ասում էր.

– Ես այս դաշտի իշխանն եմ, ո՞վ կհամարձակվի ինձ ձեռք տալ: Ես քանի-քանի քիթ եմ ծակել քանի կովի, եզան ու գոմեշի լեզու կծել: Քանիսի ձեռքից, քանիսի ոտքից արյուն եմ հանել:

Ճիշտ որ, եթե ես իմ քաջությունները համրելու լինեմ, քաջերի քաջն եմ, խաների խանն եմ: Իսկ ինչ կանեմ սրանից հետո, էն էլ ես գիտեմ: Ես վճռել եմ ով մոտիցս անցնի՝

 
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թո՛ղ թրթռան, թո՛ղ մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
 

Երբ կովերն անցնում էին կառ փշի մոտով, խեթ-խեթ նայում էին նրան ու միմյանց զգուշացնում.

– Չմոտենաս էս հպարտին, կծել գիտե, կծան է, չես կարող դու բերանդ առնել, ոչ տրորել, ոչ ծամել…

Ոչխարներն ասում էին.

– Բուրդներս կքաշի, թող կորչի էս կառը, գլուխը մեծ քարը:

Խոզն ասում էր.

– Արմատդ կքանդեի, քեզ կհանեի, բայց չարժե, որ դունչըս կեղտոտեմ: Գնա կորի, ո՞վ պետք է փորի:

Բայց կառ փուշը գլուխը տնկած` իր երգն էր երգում.

 
Քաշեմ, մաշեմ, աղեմ, դաղեմ,
Լեզվի միջին փուշս թաղեմ,
Թող թրթռան, թող մրմռան,
Ես ծիծաղեմ, ես հռհռամ:
 

Ու մեկ էլ եկավ էշը, վիզը երկարացրեց, ըռխեց փշի ցից գլուխը, լամեց-լամլմեց, ծամեց-ծամծմեց, կուլ տվեց ու ասավ.

( Փշի գերեզմանը էշի փորն է:

ԼԵԳԵՆԴՆԵՐ ԵՎ. ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ

Վեց հարյուր տարի սրանից առաջ Պարսկաստանի բանաստեղծ Հաֆիզի փառքը դղրդացնում էր ամբողջ Ասիան: Ջահել թե ահել, հարուստ թե աղքատ՝ բոլորը հիացած էին նրա բանաստեղծություններով: Մինչև անգամ աշխարհի կեսը նվաճող Լանկթամուրը հավանել էր Հաֆիզին: Նա ժամանակ առ ժամանակ ասել էր տալիս Հաֆիզի բանաստեղծություններից և մի անգամ, ինչպես պատմում են, ասաց.

– Ես շատ կուզեի տեսնել այդ Հաֆիզին:

Այդ խոսքերն ամենամեծ գովասանքն էին համարվում Հաֆիզի համար, որովհետև նրանց արտասանողն էր Լանկթամուրը, որ իր անցած ճանապարհը կրակի պես այրել խանձել էր, ամեն տեղ մահ էր սփռել, ամեն ինչ ոչնչացրել, ավերակ էր դարձրել: Սակայն Հաֆիզին չէր հպարտացնում իր փառքը: Նա ապրում էր մի փոքրիկ տան մեջ Պարսկաստանի Շիրազ քաղաքում, որ կոչվում էր Պարսկաստանի վարդ, որովհետև, ինչպես որ վարդը բոլոր ծաղիկներից գեղեցիկ է, այնպես էլ Շիրազը Պարսկաստանի քաղաքներից ամենալավն էր: Բանաստեծի բնակարանը շատ փոքր էր, ուներ միայն երկու լուսամուտ և մի փոքրիկ դուռ: Սենյակում կային երկու բազկաթոռ և մի սեղան: Հաֆիզը զարդարանք չէր սիրում: Տան արևելյան պատի երկարությամբ վարդի թփեր կային տնկած, որոնք ամբողջ տարին վարդեր էին տալիս:

Հաֆիզն ինքն էր խնամում այդ վարդերը, անվանելով նրանց իր միակ ուրախությունը և հարստությունը:

Մի անգամ լուսաբացին, երբ թռչունները նոր էին, սկսել երգել, Հաֆիզը վեր կացավ անկողնից, որպեսզի գիշերվա մտածած բանաստեղծությունը գրի առնի, հանկարծ պատի հետևից լսեց ոտների ձայն. լուսամատից նայեց և տեսավ, որ մի աղջիկ քաղում է իր վարդերը: Աղջիկը աղքատ էր հագնված, բայց ծածկոցի տակից երևում էր մի գեղեցիկ դեմք՝ կենդանի և արտահայտիչ աչքերով:

Աղջիկը հազիվ լիներ տասը-տասներկու տարեկան: Նա շտապով վարդերից մի փունջ կապեց և թողեց-փախավ: Հաֆիզի զարմանքին և բարկությանը սահման չկար: Բայց ոչինչ չէր կարելի անել. աղջիկը արդեն ծածկվել էր աչքից: Հաֆիզը վեր առավ մագաղաթը, որպեսզի բանաստեղծություն գրե, սակայն բարկության ժամանակ մոռացել էր այն: Մի քանի րոպե նա նստեց՝ սպասելով ոգևորության և ահա թե ինչ գրեց.

«Թո՜ղ վարդը իր թփին: Եթե քաղվի՝ նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո՜ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո՜ղ վարդը իր թփին: Եթե չքաղես նրան, քեզ համար կասեն՝ դու իմաստուն ես, դու գթությամբ լցված ես. իսկ եթե քաղես, կասեն, որ քո ձեռքերը վայրագ են, քո սիրտը անողորմ: Թո՜ղ վարդը իր թփին»:

Մյուս առավոտ Հաֆիզը դարձյալ սպասում էր աղջկան, և նա իրեն սպասեցնել չտվեց. եկավ, ինչպես երեկ, լցրեց իր զամբյուղը վարդով և իսկույն հեռացավ: Հաֆիզը վեր առավ իր գավազանը և հետևեց աղջկան: Մի քանի փողոց անցնելուց հետո նրանք երկուսով դուրս եկան մի հրապարակ, որտեղ և շուկան էր: Այստեղ խռնվել էր շատ ժողովուրդ: Աղջիկը մոտենալով մի լավ հագնված կնոջ՝ առաջարկեց մի փունջ վարդ: «Գնեցեք այս վարդերը, սրանք ձեզ պես գեղեցիկ են»: Կինը վերցրեց փունջը և գնից հինգ անգամ ավելի վճարեց:

«Տեսնենք այս փոքրիկ գողը փողերն ի՞նչ է անելու», – ասաց իր մտքում Հաֆիզը:

Աղջիկը մտավ մի վաճառականի խանութ և այնտեղից միքանի արշին կտոր առավ: «Հա, սա պճնվել է սիրում», – փնթփնթաց ծեր բանաստեղծը: Իսկ աղջիկը մտել էր արդեն մի ուրիշ խանութ, որտեղ միայն ուտելիքներ էին ծախում: «Ո՜չ, սա բկլիկի մեկն է», – մտածեց Հաֆիզը: Աղջիկը Գնեց մի քանի լավաշ, մի տապակած աղավնի և շտապով դուրս եկավ շուկայից: Դուրս գալով շուկայից, մտավ մի մութ ծուռումուռ փողոց և կանգնելով մի ողորմելի կիսավեր տնակի առաջ՝ դուռը բանալ տվեց և ներս գնաց: Պատի ճեղքից բանաստեղծը տեսավ մի տխուր տեսարան: Անկյունում, խոտի վրա նստեք էր մի պառավ կին: Նրա շորի կարկատանները կարծես թափվում էին վրայից: Հաֆիզը տեսավ, որ այդտեղ թշվառության և վշտի բնակարան է: Աղջիկը նստեց պառավի մոտ:

– Ես քեզ համար հաց և միս եմ բերել, – ասաց ցածր ձայնով աղջիկը, – կե՜ր, կազդուրվիր. ապա հանիր վրայիցդ քո հին շորերը, ես քեզ համար նորն եմ բերել:

Աղջիկը տանից դուրս եկավ թե չէ, Հաֆիզը նրան կանգնեցրեց և քաղցրությամբ հարցրեց.

– Անունդ ի՞նչ է, փոքրիկ:

( Դոնիա:

– Այդ քո մա՞յրն է:

( Ոչ:

– Քո տա՞տն է:

– Ոչ, ես այդ պառավին երեք օր է, որ ճանաչում եմ. Ես այսքանը գիտեմ, որ նա հիվանդ է և քաղցածությունից համարյա թե մեռնում է. ահա երկու օր է, որ ես նրան օգնում եմ:

– Դու ի՞նքդ էլ ես աղքատ:

– Ես ոչինչ չունեմ, ազգական մինչև անգամ չունեմ. ես ծառայում եմ մի պարանագործի մոտ:

– Բայց դու աղքատներին օգնելու փող որտեղից ես ճարում:

Աղջիկը շփոթվեց և կարմրեց:

– Ինձ համար շատ անհարմար է այդ մասին խոսելը. ես վարդ գողացա և ծախեցի: Ես շատ լավ գիտեմ, որ գողությունը լավ բան չէ, բայց ուզում էի անպատճառ օգնել թշվառ պառավին: Շատ կարելի է, որ իմ գողացած ծաղիկների տերը ինձ ներե:

– Այդ ծաղիկները իմս են, – ասաց Հաֆիզը:

Դոնիան վախեցած ուզում էր փախչել, բայց Հաֆիզը նրան պահեց: Նա ասաց աղջկան, որ ներում է նրան և ձեռքից բռնելով բերեց իր տուն: Բանաստեղծը որդեգրեց փոքրիկ Դոնիային: Նրանք միասին ապրեցին մի տան մեջ: Բանաստեղծը կարդում էր իր բանաստեղծությունները, իսկ Դոնիան ագահությամբ լսում էր և բոլորը շուտով բերանացի սովորեց:

Հանկարծ մի սարսափելի լուր տարածվեց Պարսկաստանում: Դաժան Լանկթամարը մեծաքանակ զորքով գալիս էր Շիրազի վրա, և գեղեցիկ քաղաքին սպասում էր դառը վիճակ: Դիմադրել ոչ ոքի մտքից չէր անցնում: Շիրազեցիք մահվան էին պատրաստվում: Լանկթամարը եկավ և կանգ առավ քաղաքի պարիսպների տակ: Բոլոր քաղաքացիք դիմավորելու դուրս եկան, որպեսզի փրկություն խնդրեն: Մի կողմում կանգնել էին թաթարական մեծաքանակ զորախմբերը, իսկ մյուս կողմում՝ շիրազեցիք:

Նրանց առաջին, իր ձիու վրա, հպարտ նստել էր Լանկթամուրը: Առաջ եկան անվանի քաղաքացիք և խնդրեցին Լանկթամուրին՝ խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է: Լանկթամուրը բարկությամբ խփեց իր սուրը քարին, որ ընկած էր ձիու ոտների առաջ և ասաց.

– Ինչպես այս քարը՝ ես խուլ եմ դեպի ձեր խնդրիքը, – և դառնալով դեպի զորքը, ուզում էր քաղաքը քանդելու հրաման արձակել: Հենց այդ րոպեին Դոնիան շշնջաց Հաֆիզին.

– Հայրի՜կ, աղաչիր սրան, գուցե մեղմանա:

Հաֆիզը և աղջիկը առաջ եկան:

– Ով է այդ ծերունին, – ահեղաբար հարցրեց Լանկթամուրը:

– Այդ Հաֆիզն է, – պատասխանեց Դոնիան:

Бесплатно

0 
(0 оценок)

Читать книгу: «Պոեմներ, առակներ, հեքիաթներ»

Установите приложение, чтобы читать эту книгу бесплатно

На этой странице вы можете прочитать онлайн книгу «Պոեմներ, առակներ, հեքիաթներ», автора Աթաբեկ Խնկոյան. Данная книга имеет возрастное ограничение 12+, относится к жанрам: «Современная зарубежная литература», «Cтихи и поэзия».. Книга «Պոեմներ, առակներ, հեքիաթներ» была издана в 2017 году. Приятного чтения!